«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԼՈՒԾԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Կարճատեւ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Տուրի կենտրոնական հանդիպումը Ոսկեհատում «Միկայի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Փյունիկցիների հաղթանակի դեպքում վերջին 4 տարիների անփոփոխ չեմպիոնը ժամկետից շուտ իր համար կապահովեր հերթական ոսկե մեդալները: Այնպես որ այդ հանդիպման արդյունքը բավական մեծ նշանակություն ուներ մեդալների համար մղվող պայքարի ելքի վրա: Համառ մրցակցությունում անցած խաղում հաջողությունն ուղեկցեց փյունիկցիներին, որոնք հաղթելով 2-1 հաշվովՙ գործնականում լուծեցին չեմպիոնության հարցը: Թեեւ մինչեւ առաջնության ավարտը դեռեւս կա 8 տուր: 25-րդ եւ 32-րդ րոպեներին փյունիկցի Աղվան Մկրտչյանը երկու անգամ դիպուկ իրացրեց 11 մ հարվածներըՙ առաջ մղելով իր թիմին: 54-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Արմեն Շահգելդյանը: Նշենք, որ 26-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Միկայի» պաշտպան Արսեն Մելոյանը եւ մնացած ժամանակահատվածում թիմը խաղում էր 10 հոգով:

Հերթական տուրում «Կիլիկիան» հյուրընկալվել էր «Բանանցին»: Եթե «Բանանցի» ֆուտբոլիստները պայքարում են մրցանակային տեղերի համար, ապա «Կիլիկիային» շատ դժվար է հավակնել մեդալներիՙ հաշվի առնելով միավորների նվազագույն պաշարը: Սակայն դա չխանգարեց կիլիկիացիներին համոզիչ հաղթանակի հասնելու մրցակցի նկատմամբ: Ողջ հանդիպումը «Կիլիկիան» անցկացրեց գրոհների նշանաբանով: Իրենց տարերքի մեջ էին թիմի առաջատար ֆուտբոլիստներ Էրզրումյան եղբայրները, որոնք էլ դարձան «Բանանցի» դարպասը խփված 3 գոլերի հեղինակներ: 2 գոլ խփեց Նշանը, 1 անգամ էլ աչքի ընկավ Սերգեյը:

«Բանանցը» եւս ունեցավ դարպասը գրավելու հարմար առիթներ: Մասնավորապես 2 անգամ կարող էր աչքի ընկնել Արամ Հակոբյանը, սակայն մի դեպքում նրա գլխի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դրվագում մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, թույլ հարվածեց: Խաղավերջում էլ գոլային 2 պահ չօգտագործեց Վահե Թադեւոսյանը: Բայց ի տարբերություն Արամի, Վահեն վերջին րոպեին «թրջեց» հաշիվը (3-1):

«Էսթեղլալ-Կոտայքի» ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփեցին «Դինամո-Զենիթի» դարպասը: 53-րդ րոպեին հաշիվը բացեց Արսեն Բալաբեկյանը, 4 րոպե անց Սամվել Պետրոսյանը 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: Այս հաղթանակի շնորհիվ կոտայքցիներն ընդհուպ մոտեցան առաջատարներին եւ լավ հնարավորություններ են պահպանում պայքարելու մրցանակային տեղերի համար:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1284023-528
2. Միկա1246216-1118
3. Բանանց1245315-1617
4. Էսթ.-Կոտայք1237214-1116
5. Կիլիկիա1224613-2110
6. Դին.-Զենիթ121298-255

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»13
Արտյոմ Ադամյան«Միկա»8
Աղվան Մկրտչյան«Փյունիկ»8
Տիգրան Դավթյան«Փյունիկ»7
Սամվել Պետրոսյան«Է.-Կոտայք»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4