«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Եգիպտոսում ավարտվեց ձյուդոյի աշխարհի 24-րդ առաջնությունը, որի մասնակիցների թվում էին նաեւ մեր հանրապետության 3 պատվիրակներ: Ցավոք, նրանք չարդարացրին սպասելիքները: Մարզիչները հատկապես մեծ հույսեր էին կապել Եվրոպայի այս տարվա չեմպիոն Արմեն Նազարյանի հետ: 60 կգ քաշային կարգում Արմենը հաջող սկսեց մրցումներըՙ հաջորդաբար հաղթելով ռուսաստանցի Եվգենի Ստանեւին ու կորեացի Կիմ Կոնգ Յունին: 3-րդ փուլում նրա մրցակիցն իրանցի Վահիդ Սառլակն էր, որի դիմադրությունը հաղթահարել հայ ձյուդոիստին չհաջողվեց: Այսպիսով, Արմեն Նազարյանը դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Իսկ չեմպիոն հռչակվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրեյգ Ֆալոնը, որը եզրափակիչ գոտեմարտում հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Պայշերին: Բրոնզե մեդալների արժանացան ադրբեջանցի Նիյաթ Շիխալիզադան եւ կորեացի Չո Նամ Սուկը:

66 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Մալխասյանն էլ պայքարից դուրս մնաց 3-րդ փուլում: Առաջին երկու գոտեմարտերում նա հաղթեց ֆինն Առնե Պիտկանենին ու սիրիացի Բահիր Հրետանիին, իսկ ահա հաջորդ մրցակցինՙ կուբացի Յորդանիս Արենչիբիային պարտվեց: Քաշային այս կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց բրազիլացի Ժոաո Ջունիորը, որը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ճապոնացի Մասատո Ուտիսիբային: Բրոնզե մրցանակակիրներ դարձան իրանցի Արաշ Միրեսմաիլին եւ հունգարացի Միկլոշ Ունգվարին: Հայաստանի երրորդ պատվիրակըՙ Լեւոն Գալստյանը (73 կգ) ընդամենը մեկ գոտեմարտ անցկացրեցՙ պարտվելով ռուսաստանցի Ասլան Անաեւին: Չեմպիոն հռչակվեց հունգարացի Ակոշ Բրաունը: Արծաթե մեդալը բաժին հասավ իտալացի Ֆրանչեսկո Բրուերեին, բրոնզե մրցանակակիրներ դարձան ուկրաինացի Գենադի Բելոդեդը եւ Իսպանիան ներկայացնող Կիոսի Ուեմացուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4