Ազգային ժողովի քառօրյա նիստերի երեկվա հայտարարությունները հետաքրքրական էին նրանով, որ իրականություն էին դարձնում ընդդիմությանՙ նիստերին մասնակի մասնակցելու որոշումը: Ներկայացնենք այն հայտարարությունները, որոնց բովանդակությունը մամուլում հազվադեպ է հայտածվել:
Նախՙ անկախ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն անդրադարձավ «Արմենտելի»ՙ կառավարությանը ներկայացրած սակագնային նոր փաթեթին, ինչը հաստատման դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից. «Դա նշանակում է, որ քաղաքացին զրկվելու է 360 րոպե անվճար խոսելաժամից, բացի այդՙ յուրաքանչյուր 1 րոպեի համար վճարելու է 8 դրամ: Եթե այդ սակագները կառավարությունը հաստատի, դրանք այնպիսի հարված կլինեն շարքային քաղաքացու գրպանին, ինչը բենզինի գների բարձրացումից ավելի ահավոր կլինի»: Պատգամավորը դիմեց կառավարությանըՙ վճռական «ոչ» ասելու «Արմենտելի» այս փաթեթին, այլապեսՙ «սոցիալական պայթյունն անխուսափելի է»: Նույն հարցի մասին խոսող Գագիկ Մխեյանը նկատեց, թե դեռ լավ է, որ ինքնապատասխանիչի աղջիկը չի կրկնում. «Բաժանորդն անտանելի է»:
«Արեւմուտքին ժողովրդավարությո՞ւնն է հետաքրքրում, Ղարաբաղի հարցի լուծո՞ւմը, թե՞ Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգությունն այս տարածաշրջանում», հռետորական հարց տվեց Ստեփան Զաքարյանըՙ խոսքը հասցնելով նրան, որ սահմանադրական փաթեթում ՀՀ նախագահն իր լիազորությունները ԱԺ-ին է զիջել, քանզի ԱԺ-ն կարող է փոխել-վերաձեւել ՀՀ սահմանները. Կոնդոլիզա Ռայսի զանգ, պաշտպանության նախարարիՙ գրավյալ տարածքներից զիջումներ, հանրաքվեի խոստումով տարածքների զիջումՙ այս բոլորը հանգեց հանրաքվեի «ոչ»-ին:
Վիկտոր Դալլաքյանը սկսեց «6:0»-ից եւ հասավ իր սովորական «վարչախումբը պետք է հեռանա» խոսքին: Հիշեցրեց, որ եվրոպական սահմանադրության հանրաքվեի ձախողումից հետո Ֆրանսիայում իշխող կուսակցությունը պատասխանատվություն վերցրեց դրա համարՙ վարչապետն ու կառավարությունը հրաժարական տվեցին, ու փորձը տեղայնացնելու ուղերձ արեց:
Ընդդիմությանը «ապրիլյան թեզիսներ կարդալ» խորհուրդ տվողներին Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց ապրիլյան թեզիսների ընթերցմանը հետեւող Ռուսաստանի հոկտեմբերյան հեղափոխության մասին, որի ժամանակ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գնդակահարվեցին: Այդ ոճին դեմ լինելովՙ նա Նուբարաշենի մեկուսարանի հանգստյան գոտին առաջարկեց: Նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. «Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ իշխանությանը գնդակահարածները հետո գնդակահարեցին իրար»:
Թաթուլ Մանասերյանը փորձեց անդրադառնալ, իր խոսքերով, կասկածելի չափանիշներով գնահատված հանցավոր շտապողականությամբ եւ առանց մրցույթի սեփականաշնորհված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:
Բայց համալիրը գնած ռուսական ԲԱՄՕ ընկերության ղեկավար Մուրադ Մուրադյանի եղբայրըՙ պատգամավոր Հարություն Մուրադյանը տեղից ընդհատեց նրանՙ առաջարկելով Ամերիկայի մասին խոսել: «Բազար չէ, ԱԺ է»ՙ Մանասերյանի դիտողությունը չլռեցրեց Մուրադյանին, եւ Մանասերյանը թողեց ամբիոնըՙ հայտարարելով. «Նման լկտի պայմաններում հրաժարվում եմ շարունակել իմ ելույթը»:
Ընդունելով երեւանյան ժարգոնով իր նախորդ ելույթի քննադատությունըՙ Արտաշես Գեղամյանն այս անգամ իր ելույթը կառուցեց պատմական զուգահեռներով. սկսեց Թալեյրանից, Ալոիս Հեբելսից, փնովեց «Հայլուրին»ՙ իր մտքերը ձեւախեղելու համար, նորից վերահաստատելով մամուլում լայնորեն տպագրված իրենց որոշումները հանրաքվեի վերաբերյալ եւ ապա դիմեց Մանասերյանին. «Թաթուլ ջան, ԲԱՄՕ-ի հետ կապվածՙ բուժողին մի քննադատի, հիվանդացողին քննադատի, տղամարդ տղա ես, կանգնի ասաՙ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հերիք է ազգային հարստությունը քարուքանդ անեք, հետո մարդկանց վզով փաթաթեք»:
Արշակ Սադոյանը սովորական շեշտադրումով իր խոսքում նոր միտք ներմուծեցՙ Եվրոխորհրդի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային դիմեց, որ օգնենՙ մի քանի հարյուր դոլար գտնեն, սահմանադրական փաթեթի նախագիծը երրորդ ընթերցումից հետո գոնե տպեն, այդպիսով ամոթով անելով նախագիծը տպելու պարտավորությունն ունեցող ատյաններին:
Վահրամ Բաղդասարյանը հասարակության տարբեր շերտերում մեծ անդրադարձ գտած բուհերի գիտական խորհուրդների ձեւավորման նոր կարգ սահմանող կառավարության որոշման մասին խոսեցՙ այն ոչ ճիշտ համարելով:
Հմայակ Հովհաննիսյանն էլի ավանդների վերադարձմանն անդրադարձավ, Սամվել Բալասանյանը խորհուրդ տվեց Հմայակ Հովհաննիսյանին եւ մյուսներին հեռու մնալ «Օրինաց երկրից», եւ հայտարարությունները կամաց-կամաց հասան իրենց տրամաբանական ավարտին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ