Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կքննարկի այդ հարցը
Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության հանձնաժողովի լրատվական ծառայությունից, այսօր հանձնաժողովը կքննարկի «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփընի Արմենիա» ընկերության գերիշխող դիրքի չարաշահման հարցը: Այդ խնդրի առնչությամբ հանձնաժողովին է դիմել Հայաստանում «Պեպսի-կոլա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը: Համաձայն բողոքի, «Պեպսի-կոլա» վաճառող առեւտրի օբյեկտներին «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփընի Արմենիան» սպառնում է հետ վերցնել իր սառնարանները եւ դադարեցնել մատակարարել իր ապրանքը:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփընի Արմենիա» ընկերությունը զովացուցիչ ջրերի շուկայում ունի գերիշխող դիրք, եւ նման վարքագիծը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին:
Տեղեկացնենք նաեւ, որ նախկինում հանձնաժողովում քննարկվել է «Կոկա-կոլայի» նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումը այլ ընկերության կողմից: Այս անգամ արդեն քննարկվելու է այս ընկերության վերոնշյալ օրենքի դրույթների խախտման փաստը:
Ա. Մ.