Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը երեկ հայտարարել է, որ Համաշխարհային բանկը հանգիստ է ընդունում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի հնարավոր փոխանցումը ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ին: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը նաեւ ասել է, որ բաժնետոմսերի կառավարման իրավունքի փոխանցումը վերոնշյալ ընկերությանը չի խախտում Հայաստանի օրենքները, «Հայաստանի էլեկտրական ցանցերին» տրված լիցենզիան եւ առուվաճառքի պայմանագիրը: Նա միաժամանակ վաղաժամ է համարել որեւէ գնահատական տալ դրան, քանի որ Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չի կայացրել ռուսական ընկերությանը էլեկտրական ցանցերը որպես սեփականություն փոխանցելու մասին: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» շարունակում են մնալ «Միդլենդ ռիսորսըզ հոլդինգի» սեփականությունը:
Ա. Մ.