«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


ԵՐԵԿ ԳԻՇԵՐՎԱՆԻՑ ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ ՈՒՆԵՆԱՆՔ

Սերգո Երիցյանը պաշտպանում է կառավարության որոշումը

Կառավարությանն ուղղված հարցուպատասխանին թեեւ ընդդիմադիր պատգամավորներից մեկ-երկուսն էին ներկա, սակայն կոալիցիայի պատգամավորները տարածքը պարապ չթողեցին իրենց սուր հարցադրումներով: Առանձնացնենք դրանցից միայն երկուսը` վերջին օրերին առավել հնչեղություն ստացածները:

«Արմենտելի» մատուցած կապի վատ որակի եւ կառավարություն ներկայացրած սակագնային նոր փաթեթի մասին Գագիկ Մխեյանի հարցին` արդյոք վերջապես կբարելավվի՞ կապի որակը կամ կբարձրանա՞ն լարային կապի սակագները, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի պատասխանում երկու լուր կար` մեկը վատ, մեկը լավ: Նախարարը նախ հայտնեց հանրահայտը. «Այսօր «Արմենտելի» մատուցած ծառայությունը չի համապատասխանում որեւէ ստանդարտի եւ չի դիմանա որեւէ քննադատության: Իսկապես, երբ երկրորդ օպերատոր «Վիվասելը» մտավ շուկա, այդ օրվանից սկսեց վատանալ «Արմենտելի» բջջային կապի ծառայությունների որակը` տարբեր պատճառաբանություններով, պարզաբանումներով: Բայց պարզաբանումներով մենք չենք կարող ժողովրդի դժգոհությունը փարատել: Նրանք բացատրում էին, թե տրաֆիկի ծավալները մեծացել են, սարքավորումների ունակությունը չի բավարարում, «Վիվասել» երկրորդ օպերատորը նույնպես օգտվում է իրենց սերվերներից: Հետագայում այլ պատճառաբանություններ բերվեցին»: Ապա նախարարը աչքալուսանք արեց բաժանորդներին, թե կարողացել են պահանջել «Արմենտելից» նոր սարքավորումներ գնել, դրանք արդեն Հայաստանում են, տեղադրվել են եւ երեկ գիշերվանից բջջային կապի որակը պետք է, որ բարելավվի: Սաՙ լավ լուրը: Բայց երկրորդ օպերատոր «Վիվասելը» երկուսուկես ամիսների ընթացքում վաճառել է շուրջ 217 հազար քարտեր, որոնցից 7,5 հազարը` բաժանորդային, մնացածը` կանխավճարային, նրա ծառայությունների որակը լավն է: Նախարարը տեղեկացրեց, որ բազմաթիվ զգուշացումներից հետո թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակով եթե այս անգամ էլ «Արմենտելը» որակյալ կապ չապահովի` կապի նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: «Արմենտելն» արդեն մեկ անգամ վճարել է 350 հազար դոլար տուգանք` մատուցած վատ ծառայությունների դիմաց:

Վատ լուրն այն է, որ «Արմենտելն», իրոք, համաձայն թիվ 60 լիցենզիայի փոփոխված կետերի, սեպտեմբերի 5-ին կառավարություն է ներկայացրել նոր սակագնային փաթեթ: Կառավարությունը 45 օր ժամանակ ունի քննարկելու` կամ հաստատելով կամ մերժելով դրանք. «Ինձ համար` որպես քաղաքացու, դրանք անընդունելի են», ասաց նախարարը: Եթե այդ նոր սակագները կառավարությունը չհաստատի` «Արմենտելը» կարող է փորձագետներ հրավիրել` չհաստատելը հիմնավորել-չհիմնավորելու համար: Չհիմնավորման դեպքում` լարային կապի մենաշնորհը կշարունակվի մինչեւ 2012 թվականը: «Պարզ է, որ նրանց ներկայացրածը այդպես չի հաստատվելու, համոզված եղեք` մաքսիմալ կպաշտպանվի մեր երկրի, մեր ժողովրդի շահը», բոլոր դեպքերում խոստացավ նախարարը:

Վերջին օրերին հասարակությանը հուզող խնդիր է դարձել բուհական գիտխորհուրդների կազմավորման վերաբերյալ կառավարության նոր որոշումը, որով բուհերի կառավարման խորհրդի կազմի եւ փայաբաժինների նոր թվեր են սահմանվել. խոսելով որոշման առաջացրած դժգոհության մասին` Ռուբեն Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչ հնարավորություններ է տեսնում ԿԳ նախարարն այդ որոշումը կասեցնելու: Սերգո Երիցյանը, սակայն, այդ որոշումը պաշտպանեց` հակադարձելով, թե հենց ԱԺ դահլիճում ընդունված բուհական կրթության օրենքի համաձայն են ձեւավորվում այդ մարմինները: Այս որոշմամբ որեւէ կերպ չի խաթարվել բուհի ինքնավարության սկզբունքը եւ համամասնությունների սահմանումը (գիտխորհրդի` առաջվանից ավելի փոքր թվակազմի- Մ.Խ.), բխում է պետական ուսումնական հաստատությունների կառավարմանը պետության եւ հիմնադրի մասնակցության անհրաժեշտությունից, որն օրենքով է սահմանվել: «Հակասություն չկա օրենքի եւ որոշման միջեւ: Ընդհակառակը, կարծում եմ, որ այս որոշումը թույլ կտա բուհերի կառավարումն ավելի արդյունավետ եւ նպատակասլաց դարձնել», ամփոփեց նախարարը:

Թե ինչու կառավարությունն ու լիազոր մարմինը դարձան մեկ մարմին` առանձին-առանձին 25 տոկոս, ընդհանուր` 50 տոկոս վերցնելով բուհի կառավարման մասնաբաժնից` խաղից դուրս թողնելով գիտնականներին (հիմնադրին), Ռ. Հովսեփյանի հարցադրմանը Ս. Երիցյանը կրկին չհամաձայնեց: «Այս մարմինը ավելի ճկուն կկառավարի` բուհի ինքնավարությանը չդիպչելով»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4