«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


«ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ» ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

Պահանջելով առեւտրի կետերից չվաճառել «Պեպսի-կոլա»

«Կոկա-կոլայի» եւ «Պեպսի-կոլայի» ողջ աշխարհին հայտնի անհաշտ մրցակցությունն ի վերջո հասավ նաեւ Հայաստան: Ինչպես տեղեկացրել էինք երեկ, «Պեպսի-կոլայի» ներմուծող եւ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, բողոքելով «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփընի Արմենիա» ընկերության գործողություններից: Համաձայն ներկայացված բողոքի, վերջինս պահանջել է առեւտրի օբյեկտներից չվաճառել «Պեպսի-կոլա», հակառակ դեպքում սպառնալով հետ վերցնել իր սառնարանները:

Բողոքի ուսումնասիրության արդյունքները ներկայացնելով, հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ «Կոկա-կոլա» ընկերությունը Հայաստանի շուկայում գերիշխող դիրք ունի: Ընդհանրապես կարբոնացված, գազավորված եւ քաղցրացված խմիչքների շուկայում առաջին երեք ընկերությունները միասին զբաղեցնում են ընդհանուր իրացման 85 տոկոսը: Ընդ որում, «Կոկա-կոլան» զբաղեցնում է առաջին տեղը 67 տոկոս բնեղեն արտահայտությամբ իրացման ծավալներով եւ 73 տոկոսՙ գումարային արտահայտությամբ: Երկրորդ տեղում «Երեւանի գարեջուր» ընկերությունն է, որի արտադրության լիմոնադները զբաղեցնում են բնեղեն արտահայտությամբ 11 տոկոսը, գումարային արտահայտությամբՙ 12 տոկոսը: Ունենալով գերիշխող դիրք, հանձնաժողովի եզրակացությամբ, «Կոկա-կոլան» վարում է «կոշտ մրցակցային» քաղաքականություն, ինչի հետեւանքով շատ առեւտրի կետերում դադարեցվել է «Պեպսի-կոլայի» վաճառքը:

«Կոկա-կոլայի» վարած քաղաքականության մասին հանձնաժողովն առաջինը տեղեկացել է մամուլում եղած հրապարակումից, որից հետո բողոք է ներկայացրել նաեւ «Ջերմուկ գրուպը»: Հանձնաժողովին դիմել են նաեւ անհատ ձեռնարկատեր Գալուստ Գալստյանը եւ «Առսուն» ՍՊԸ-ն, որոնք «Կոկա-կոլայի» պահանջը չեն կատարել, եւ դրա պատճառով ընկերությունն իր սառնարանները հետ է վերցրել նրանցից: Մինչդեռ այդ ընկերությունների հետ կնքած պայմանագրով նման պայման նախատեսված չի եղել:

Ելնելով վերոնշյալից, «Ջերմուկ գրուպը» խնդրել է հանձնաժողովին ձեռնարկել միջոցառումներ, որոնք թույլ կտան ապահովել ազատ եւ հավասար մրցակցային դաշտ: «Ջերմուկ գրուպը» մինչ այդ դիմել է նաեւ «Կոկա-կոլայի» ղեկավարությանը, խնդրելով վերանայել վերոնշյալ քաղաքականությունը, բայց պատասխան չի ստացել:

«Կոկա-կոլայի» շահերի ներկայացուցչի հավաստմամբ, նման հակամարտություն ընդհանրապես գոյություն չունի: Դրան սակայն չհամաձայնեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ասելով, որ տնտեսական մրցակցության խախտումն ակնհայտ է, քանի որ տնտեսվարողների նկատմամբ կիրառվել է պարտադրանք, որը նախատեսված չի եղել պայմանագրային դրույթներով: Նա նշեց նաեւ, որ «Կոկա-կոլա» ընկերության տնօրենն էլ իր հետ անձնական զրույցի ժամանակ դժգոհել է, որ իր ղեկավարած ընկերության եւ նրա արտադրանքի նկատմամբ էլ նույն մոտեցումը «Ջերմուկ գրուպը» կիրառում է Ջերմուկում: Սակայն պաշտոնական բողոք ներկայացնելու հանձնաժողովի նախագահի առաջարկին «Կոկա-կոլայի» ղեկավարությունը մինչ այժմ չի արձագանքել: Տեղում էլ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ինքը լիազորված է ասելու, որ բողոք չունի որեւէ տնտեսվարողից:

Բոլոր կողմերին լսելով, հանձնաժողովն ի վերջո որոշեց, որ «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփընի Արմենիա» ընկերությունը խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը եւ չարաշահել է իր գերիշխող դիրքը: Դրա համար ընկերությունը տուգանվեց իր տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4