«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2005-09-14 | #165, 2005-09-15 | #166, 2005-09-16


ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՐՎԱԳԾՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԵՎ ՎՏԱՆԳՆԵՐ Է ՆԵՐԱՌՈՒՄ

Հառնում է փաթեթային լուծումը` փուլային տարբերակով

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը թվեր է հրապարակել իր երկրի ռազմական ծախսերի մասին, ըստ որոնց 2004 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 178 մլն դոլար, մինչեւ այս տարեվերջ ռազմական նպատակներով կծախսվի 300 մլն դոլար, իսկ արդեն 2006-ին մեր այս հարեւանը նախատեսել է ունենալ 600 մլն դոլարանոց ռազմական բյուջե:

Այս թվերը հրապարակեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ հանձնաժողովի նիստից վերադարձած Շավարշ Քոչարյանը, ում ներկայացրած այլ մանրամասները նիստում ընթացած ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների վերաբերյալ հարկ համարեցինք ներկայացնել այս տեղեկատվությունից հետո:

Շ. Քոչարյանը նորից շեշտեց հանձնաժողովի նիստի` մամուլից արդեն հայտնի բավական ներկայացուցչական մասնակցային կազմը, ինչը հակասության մեջ է նրա սահմանափակ մանդատի հետ, քանի որ այդ հանձնաժողովը որեւէ որոշում կայացնելու լիազորություն չունի, եւ ընդունված բանաձեւը նրա նախագահ լորդ Ռասել Ջոնսոնը պետք է ներկայացնի բյուրոյին: Բյուրոն էլ որոշում կկայացնի դրանք հրապարակելու վերաբերյալ: Այդպիսի լայն մասնակցային քննարկումը, ըստ Շ. Քոչարյանի, միտում ունի լայն շրջանակներ ներգրավել ձեւավորվող կարգավորման մոդելի շուրջը: Նիստի ընթացքից հայ մասնակիցները ուրվագծել են ղարաբաղյան հիմնախնդրի այս կարգավորման մոդելը, որի մանրամասները ոչ մի ելույթ ունեցող չի խոստովանել, բայց հնչած տեսակետներից բավական ակնհայտ է եղել: Ենթադրությունների մակարդակով կարելի է ասել, որ այդ մոդելը փաթեթային լուծում է, որն այլ հարցերի պատասխանների հետ պարունակում է նաեւ կարգավիճակի հարցի պատասխանը, բայց որի իրականացումը փուլային է եւ այդ իմաստով վտանգներ ունի: Լրագրողներին ներկայացվեցին այդ մոդելի դրական միտումնեն ու վտանգները:

Դրական միտումներ

Դրանցից առաջինն այն է, որ բոլորը շեշտել են, եւ դա քննարկումից դուրս է եղել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Եվրոպայի խորհուրդը պետք է օժանդակի Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած` խաղաղ կարգավորման, ռազմական կոչեր չհնչեցնելու, կորցրած վստահությունը փոխադարձ վերագտնելու պարտավորությունները: Այսինքն Ադրբեջանի ջանքըՙ Մինսկի խմբից հարցը ավելի լայն շրջանակ տեղափոխելու, այլեւս փակված է: Անընդհատ ելույթներում նշվել-նկատվել է խնդրի նկատմամբ կողմերի տարբեր (ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության) մոտեցումների փաստը, սակայն նաեւ մի տեսակետ էլ է ներկայացվել, ըստ որի հնարավոր է անգամ այս դեպքում մոտեցումները համատեղել. տարածքային ամբողջականությունը պետք է վերաբերի ԼՂՀ սահմաններից դուրս տարածքներին, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում է ԼՂՀ-ին: «Այսինքն` մոդելի հիմքը սա է», վերջապես միտքը պարզեց Շ. Քոչարյանը: Այս մոտեցման դեպքում է, որ յուրաքանչյուր երկրի պաշտոնյա իր երկրի ներքին օգտագործման համար կարող է նպաստավոր լուծման վերաբերյալ շեշտադրումներ անել:

Դրական էր նաեւ, որ բոլոր ելույթ ունեցողները բացառել են Ղարաբաղի անկլավ լինելը, իսկ երբ ադրբեջանական կողմը հիշեցրել է այլ միջանցքների մասին` եվրոպացի ելույթ ունեցողները նորից շեշտել են, որ Ղարաբաղը չպետք է անկլավ լինի, մնացած հաղորդակցության ուղիների հետ կապված խնդիրները եւս պետք է լուծվեն: Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն իր ելույթով հիշեցրել է, որ Հայաստանն առանց նախապայմանի բազմիցս առաջարկել է բացել երկաթուղային կապը, սակայն ադրբեջանական կողմն ինքն է հրաժարվում ԼՂՀ-ի հետ որեւէ բանակցությունից, առհասարակ` որեւէ դրական քայլից. ի դեպ` դա նշվել է հանձնաժողովականների, մասնավորապես` Կասպրչիկի ելույթում: Կասպրչիկի եւ այլ ելույթներից նաեւ հայտնի է դարձել, որ կա մի խումբ, որը խաղաղարար գործողություններ է պլանավորում, որից երեւում է, որ առաջարկվելիք մոդելի իրականացման դեպքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ բաժանարար ուժեր են լինելու:

Վտանգներ

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներն ըստ ուրվագծվող մոդելի, պետք է վերադարձվեն, փախստականները պետք է վերադառնան (խորհրդային ժամանակ անձնագրային գրանցում ունեցողները, որից հայտնի է դառնում, թե ինչ մանրամասների մասին է խոսքը), հետո կայանա հանրաքվե եւ ժողովուրդը կորոշիՙ ինչ կարգավիճակ է ուզում: Դա ենթադրում է մեծ ժամանակահատված, եւ այդ ընթացքում այն լուրջ առավելությունը, որ հայկական կողմն ունի տարածքները վերահսկելով, կկորցնի: Ելույթներում (նաեւ` Լենմարկերի), ի դեպ, հանձնաժողովականները շեշտել են այն նշանակությունը, որ ունեն այդ տարածքները Հայաստանի համար` բուֆեր, անվտանգության երաշխիք, Հայաստանի հետ կապ, բանակցությունների ժամանակ օգտագործվելիք լավ փաստարկ, եւ փաստել են, որ տարածքների վերադարձի դեպքում կարող է խախտվել այժմ ձեւավորված հավասարակշռությունը:

Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Ադրբեջանում հնչող ռազմատենչ կոչերին, իսկ Կասպրչիկը նկատել է, որ Ադրբեջանի հրապարակած ռազմական ծախսերի ավելացման ծրագրերը սրում են իրավիճակը, այդպիսով այս մոդելի կիրարկման դեպքում մեծ է Ադրբեջանի գայթակղության հավանականությունը` հարցերը ուժային մեթոդներով լուծելու: Աթկինսոնը փորձել է պատասխանել այս տեսակետին, որ եթե Ադրբեջանը ռազմական լուծման գնա` նրան կհեռացնեն Եվրոպայի խորհրդից: «Բայց դա մեզ համար մխիթարանք լինել չի կարող, մենք պետք է հիշենք, որ երբ Թուրքիան օկուպացնում էր Կիպրոսի տարածքը, նրան ոչ ոք չհեռացրեց Եվրոպայի խորհրդից», ամփոփեց Շավարշ Քոչարյանը:

Մի հավելյալ ամփոփում էլ հնչեց նրա կողմից` թե հայերս այլընտրանք չունենք. որքան շուտ կայացնենք ժողովրդավարական, տնտեսապես զարգացած Հայաստան, այնքան ղարաբաղյան հիմնախնդիրը հայանպաստ լուծում կստանա, մրցակցությունում հաղթելու երաշխիքն այդպիսի Հայաստանն է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4