Մինչ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողով է անցկացվում, Եվրոմիության 25 պետությունների դեսպանները Բրյուսելում փորձում են համաձայնեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների նախագիծը: «Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ հոկտեմբերի 3-ին նախատեսված անդամակցության բանակցությունների հարցում պահպանվում են տարաձայնությունները: Սակայն տեխնիկական առումով խոչընդոտները կարծես թե վերացված են: Բրիտանացի դիվանագետներից մեկի խոսքերովՙ սպասվում է, որ համաձայնություն կկայացվի նաեւ Կիպրոսի ճանաչման հարցի կապակցությամբ:
Կղզու հյուսիսը զավթած Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը եւ մինչ օրս կիպրացիների առջեւ փակ է պահում իր նավահանգիստներն ու օդանավակայանները: Մինչեւ սեպտեմբերի 26-ը Եվրոմիությունն ընդունելու է բանակցությունների ծավալմանը վերաբերող ընդհանուր հայտարարություն: Դրա նախագծում նշվելու է. «ԵՄ բոլոր անդամների ճանաչումն անդամակցության գործընթացի անհրաժեշտ բաղադրիչն է»: Չկարողանալով Թուրքիայից պահանջել մինչեւ հոկտեմբերի 3-ը Կիպրոսի ճանաչում, եվրոպացիներն այժմ փորձում են բարելավել ԵՄ-Թուրքիա հարաբերություններըՙ ընդգծելով, որ մեծ կարեւորություն են տալիս «հնարավորինս շուտ Թուրքիայի եւ ԵՄ անդամների հարաբերությունների կարգավորմանը»:
Իրավաբանորեն Եվրոմիությունը չի կարող Թուրքիային նորանոր պահանջներ ներկայացնելՙ չխախտելով իր պարտավորությունները: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց. «Թուրքիան կատարել է Կոպենհագենի քաղաքական պահանջները, իսկ հիմա փորձում են պարզել, թե սկսվելո՞ւ են արդյոք անդամակցության բանակցություններ»: Նրա խոսքերովՙ դա վայել չէ միջազգային դիվանագիտության էթիկային:
ԵՄ ներկայիս նախագահ Մեծ Բրիտանիան Թուրքիայի անդամակցությանը կողմ է ռազմավարական եւ քաղաքական պատճառներով: «Ֆիգարո» թերթը տեղեկացնում է, որ Լոնդոնին հաջողվել է չեզոքացնել հակաթուրքական նոր ճակատըՙ տարաձայնություններ սերմանելով Փարիզ-Նիկոսիա հարաբերություններում: Այժմ կիպրոսցի հույները մեկուսացված են ԵՄ բանակցությունների սեղանի շուրջը: Մինչեւ հոկտեմբերի 3-ը բրիտանացիները կփորձեն տարհամոզել հակաթուրքական ճակատի եւս մեկ ներկայացուցչի: Խոսքն Ավստրիայի մասին է, որը պահանջում է Թուրքիայի անդամակցության այլընտրանքՙ արտոնյալ գործընկերություն:
Պ. Ք.