Անդրադարձ անիրազեկների մասնակցությամբ մամուլի մի ասուլիսի արձագանքներին
Մեր պայմաններում մամուլի մակերեսայնությունը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ, հատկապես երբ հետնախորշեր են մղվում պետական, ժողովրդական շահերն ու գաղափարները: Մասնավորապես հերթական փաստը վերաբերում է մի մամուլի ասուլիսի շնորհիվ արդեն հասարակական հնչողություն ստացած ամերիկյան SBSI (SKY Broadband Services ինկորպորացիայի) եւ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության միջեւ ծագած ֆինանսական խնդրին. ամերիկյան կողմն ըստ պայմանագրային պարտավորությունների իր գումարները հետ ստանալու համար դատական գործընթաց է սկսում: Մեր թերթը հրապարակայնացրեց խնդիրըՙ նկատի առնելով երկրի միջազգային հեղինակությանը հասցվող վտանգըՙ նաեւ ինչ-որ ձեւով փորձ անելով նպաստել հարցի արտադատական ճանապարհով լուծմանը: Ենթադրությունների գայթակղությանը չտրվելու համար «Ազգի» խմբագրությունը հարցի հրապարակայնացումը կատարեցՙ բացառապես հիմնվելով թվագրված եւ կնքված երեք գլխավոր պայմանագրերի վրա (USTDA-ի եւ Վ. Գուրզադյանի, «Սքայ Բոդբենդի» եւ Վ. Գուրզադյանի, «Սքայ Բրոդբենդի» եւ «Եվրոպական ինտեգրացիայի» միջեւ), նաեւ այլ գրություններին եւ նամակներին հանգամանորեն ծանոթանալուց հետո:
Հայաստանում արբանյակային կայանի եւ տիեզերական դիտակի ուսումնասիրման ծրագիրն իրականացվելու է ամերիկյան USTDA-ի տրամադրած դրամաշնորհի միջոցով, գիտական խմբերիՙ հայկական «Կոսմոլոգիայի» եւ ամերիկյան «Սքայ Բրոդբենդի» մասնակցությամբ: Իբրեւ SBSI-ի ենթակապալառուՙ իրավունքներ չունեցող «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն, համաձայնագրով ֆինանսները փոխանցողի դերում էրՙ գլխավոր հետազոտողիՙ Վ. Գուրզադյանի հանձնարարությամբ: Ինն ամիս կանոնավոր ֆինանսավորումն իրականացնող ՀԿ-ն հանկարծ դադարեցնում է դա. ծրագրի գործունեությունը կասեցվում է սկսած անցած տարվա սեպտեմբերից, որը ծրագիրը տապալելու վտանգ էր կրում իր մեջ: Ծրագրի շարունակությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում գումարը ՀԿ-ի հաշվի համարից հետ վերցնել: Մամուլի համար թիրախ ընտրված շուրջ 102.000 ԱՄՆ դոլարը նախատեսված էր ծրագրի ողջ ընթացքի համար (30.000-ը ծախսվել էր նախորդ 9 ամիսներին): Մինչդեռ ծրագիրը շարունակվում է, որի համաձայնագիրը ստորագրվեց 2005-ի օգոստոսի 22-ին SBSI-ի նախագահ Դ. Քեյզերի եւ Վ. Գուրզադյանի միջեւՙ առաջինի երեւանյան այցի ժամանակ:
Մինչ այդ ամերիկյան SBSI ընկերությունն իր հարաբերությունները դադարեցրել էր «Եվրոպական ինտեգրացիայի» հետ եւ հետ էր պահանջում իր գումարները: Նամակագրական երկարատեւ քաշքշուկից հետո այս նպատակով SBSI ընկերությանՙ կրկին Երեւան այցելած տնօրեն Դ. Քեյզերը, չկարողանալով հանդիպում ունենալ, հայցադիմում է ներկայացնում դատարան:
Բեքարյանը հրաժարվում է փողը փոխանցել դրամատիրոջըՙ «Սքայ Բրոդբենդին»ՙ պահանջելով ամերիկյան դրամաշնորհ տրամադրած պետական կառույցիՙ USTDA-ի հանձնարարականը: Այն դեպքում, երբ USTDA-ի Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Դանիել Ստեյնինՙ 2005, հունիսի 27 թվակիր նամակումՙ ուղղված Վ. Գուրզադյանին, ասված է. մեջբերում ենք. «Այս խնդիրը կարիք ունի կարգավորվելու գրանտառուի, ենթակապալառուի եւ կապալառուի միջեւ, քանի որ USTDA պայմանագրին կողմ չի հանդիսանում»:
Իսկ «Սքայ Բրոդբենդի» նախագահ Քեյզերիՙ հուլիսի 9-ի թվակիր նամակում ուղղված Կ. Բեքարյանին, ասված է. «Ոչ գրանտառուն եւ ոչ էլ USTDA-ը որեւէ շարունակական դեր չունեն այս վեճի մեջ, քանի որ հարցը շատ հստակորեն վերաբերում է կապալառուին եւ ենթակապալառուինՙ մնացյալ ունեցվածքի վերադարձմանը»: Պատասխաններն առավել քան հստակ են:
Այժմ անդրադառնանք մեր մամուլում հաճախ տեղ գտնող մակերեսային տեղեկատվությամբ հրապարակումների հնարավոր հետեւանքներին: Կազմակերպված ասուլիսի արձագանքի (սեպտեմբերի 8, «Կոնգրես» հյուրանոց) միակողմանի տեղեկատվությամբ հրապարակումներում իբրեւ թիրախ ընտրվել է Հայաստանի համար ռազմավարական նշանակությամբ ծրագրի երրորդական կարգի անկարեւոր խնդիրներ, դրանց իսկությունը հաստատող փաստերի բացակայությամբ: Հայաստանյան որոշ թերթեր եւ հեռուստաընկերություններ տեղյակ չլինելով խնդրի բուն էությանը, ակամա միացան երկրի ներսում կարեւոր օտարերկրյա ներդրումային գիտատեխնիկական ծրագրի խոչընդոտմանը, էլ չասենքՙ տապալմանը, եւ անգամ փորձ արեցին վարկաբեկելու համաշխարհային համբավի հայ գիտնականին, որիՙ միջազգային հեղինակավոր ծրագրերի հետ գիտական համագործակցության շնորհիվ էր, որ այս ծրագիրը մեր երկրում հնարավոր եղավ ներմուծել:
Հրապարակումներից ոչ մեկում անդրադարձ չկար ծրագրի բուն էությանը. փոխարենը անստույգ տեղեկություն է տրամադրվել հանրությանը: Թվարկենք մի քանիսը: «ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալությանՙ USTDA դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրել Վ. Գուրզադյանի գիտական խմբին», գրում է «Հայաստանի Հանրապետությունը»: Մինչդեռ դրամաշնորհը տրամադրել է ամերիկյան պետական կառույցըՙ USTDA-ը: «Եվրոպական ինտեգրացիան» Գուրզադյանի ծրագրում ներգրավվում է որպես համակապալառու կազմակերպություն», գրում է «Առավոտը»: Մինչդեռ «Եվրոպական ինտեգրացիան» պայմանագրային պարտավորությամբ հանդիսանում է SBSI-ի ենթակապալառու: Նշվում է, որ ծրագիրն ավարտված է, մինչդեռ պայմանագրի գործողության ժամկետը ոչ միայն լրացված չէ, այլեւ երկարաձգված է մինչեւ 2006 թ. սեպտեմբերը: Հրապարակումների մեջ չի նշվում անգամ գիտական ծրագրի անունը, իսկ «Հայոց աշխարհի» տեղեկությունը գիտական արբանյակի մասին նույնպես սխալ է (ասուլիս անցկացնողն ինքը չպատասխանեց լրագրողների այս հարցին):
Բացի այդ, շահարկվող մյուս հարցըՙ «Կոսմոլոգիա» ՀԿ-ն գոյություն ունի եւ թերեւս քիչ ուշՙ ստեղծվել եւ գրանցվել է:
Եվ ամենակարեւորըՙ «Եվրոպական ինտեգրացիան» մաս չի կազմում գլխավոր պայմանագրին եւ ավելինՙ իրավասու չէ մեկնաբանելու նրա գործունեությունը, առավել եւս պայմանագրի կետերը: Այս գլխավորի մասին թերթերը լռում են...
Օտարերկրյա, այդ թվում սփյուռքահայ գործարարների ներդրումային ծրագրերի տապալման նախադեպեր, ցավոք, շատ են եղել Հայաստանում, բայց երբ նույնը փորձում են անել միջպետական մակարդակով գիտական նման ծրագրի նկատմամբ, սա է տարակուսանք հարուցողը:
Այսպիսի պարագաներում աստիճանաբար աղարտվող մեր բարոյական նկարագրի հետեւանքով ավելի են նվազելու մեր երկրի նկատմամբ վստահության «քվեները»: Ամերիկյան «Սքայ Բրոդբենդի» հայցադիմումով սկսվող դատական գործընթացն արդեն իսկ վարկաբեկիչ փաստ է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ