Հավաստիացնելու անհաջող փորձեր էր անում կրթության եւ գիտության նախարարը
Կառավարությունը երեկ հաստատեց վերջին օրերին բուհերի դասախոսների բողոքի եւ հակազդեցության պատճառ դարձած պետական բուհերի խորհուրդների կազմավորման նոր կարգով նախատեսված կանոնադրական փոփոխությունները մի շարք բուհերում: Այդ մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, եւ դատելով նրա ներկայացրածից, վերոնշյալ բողոքները կառավարության հաստատած փաստաթղթում հաշվի չեն առնվել:
Նախարարը հայտնեց, որ պետական բուհերի խորհուրդները նույնացվում են բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ, եւ այդ խորհրդում պետք է ընտրվեն մարդիկ, որոնք կնպաստեն բուհերի արդյունավետ գործունեությանը: Խորհուրդների լիազորությունների մեջ են մտնում բուհի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ծախսերի մասին հաշվետվությունների լսումը եւ ռեկտորի նշանակումը: «Սա է ամենը, ուրիշ ոչինչ», ասաց Սերգո Երիցյանը, ավելացնելով, որ այս խորհուրդները ամենեւին էլ չեն նվազեցնում բուհի ինքնավարությունը, որ ռեկտորը ընդամենը բուհի գործադիր ղեկավարն է եւ այլն: Այս կապակցությամբ «Ազգի» այն հարցին, որ եթե բուհերի խորհուրդները էական ոչինչ չեն որոշում, ապա ինչո՞ւ են բուհերի դասախոսները դժգոհում նոր կարգից, եւ ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում այդ խորհուրդներում ունենալ 50 տոկոսի ներկայություն, այլ ոչ թե, ասենք, 20 տոկոսի, նախարարն, ըստ էության, խուսափողական պատասխան տվեց: Նա ընդամենն ասաց, որ «որոշեցինք հավասարապես բաժանելՙ 50 տոկոսը կառավարությանը եւ 50 տոկոսը դասախոսներին եւ ուսանողներին»:
Սերգո Երիցյանի կարծիքով, բուհերի ինքնավարությունը չի խախտվում, քանի որ դա ավելի շատ արտահայտվում է գիտական խորհուրդների ունեցած իրավասություններով, որոնք բաղկացած են բացառապես բուհի դասախոսներից, եւ որոնք իրականացնում են ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության ուղղությունները: «Այստեղ փնտրեք ինքնավարությունը», ինքնավստահ տոնով շեշտեց նախարարը ձեւանալով, թե հավատում է իր ասածին: Թերեւս միայն միամիտները կհավատան, որ ինքնավարությունը որոշվում է ոչ թե այնտեղ, որտեղ հաստատվում են բյուջեն եւ գործադիր ղեկավարը, այլ այնտեղ, որտեղ իրականացվում են գիտական աշխատանքներ կամ հաստատվում ուսումնամեթոդական ծրագրեր, որ այս որոշման նպատակը իշխող կոալիցիայի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններն իրենց ազդեցության տակ վերցնելը չէ:
Կառավարությունը երեկ հաստատել է կրթական ոլորտին առչնվող եւս մեկ փաստաթուղթ, որով կարգավորվում է պետական բուհերում կրթաթոշակ ստանալու հարցը: Համաձայն մրցակցային կրթության կարգի, հնարավորություն է առաջանում մեկ տարում կատարել կրթաթոշակի վերանշանակում: Երկու քննաշրջանների ընթացքում տարվա ավարտին ավելի բարձր գնահատական ստացած ուսանողները կարող են տեղափոխվել կրթաթոշակ ստացող ուսանողների խումբ, եւ հակառակըՙ ցածր առաջադիմություն ունեցողները կտեղափոխվեն կրթաթոշակ չստացողների խումբ:
Ինչպես տեղեկացրեց Սերգո Երիցյանը, այդ կարգը չի տարածվում երկկողմ ծնողազուրկ, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ, զոհված ազատամարտիկների երեխաների, պարտադիր զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձածների եւ տեղական ինքնակառավարման համայնքներից գործուղվածների վրա:
Մեր այն հարցին, թե վերոնշյալ կարգը ենթադրո՞ւմ է, որ մրցակցային կրթության սկզբունքները տարածվեն նաեւ ուսման վճարների վրա, կրթության եւ գիտության նախարարը պատասխանեց, որ նման հնարավորություն ներկայումս նախատեսված է 6 քննաշրջանի ընթացքում լավ առաջադիմություն ցույց տված ուսանողների համար: Համաձայն նոր կարգի, ուսման վճարից ազատվելու հնարավորություն կընձեռվի արդեն մեկ տարվա ընթացքում, եւ յուրաքանչյուր տարի, ուսանողը, ըստ իր առաջադիմության, կարող է տեղափոխվել ուսման վարձ վճարողներից դեպի չվճարողների ցուցակ եւ հակառակը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ