«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՔԱՐԻՑ ՀԱՑ ՔԱՄԵԼՈՒ ԱՐՎԵՍՏՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հայաստանում յուրաքանչյուր նոր բացվող արտադրություն մեր երկիրը զարգացած եւ բարեկեցիկ տեսնելու հույսեր է արթնացնում: Կրկնակի ուրախալի է, երբ այդ արտադրությունը ստեղծվում է առավել դժվար սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող մարզերում, եւ երբ այդ արտադրությունն ունենում է տեղական հումքային բազա եւ զարգացման իրական հեռանկարներ: Հենց այդպիսին կարելի է անվանել ռուսաստանաբնակ մեր հայրենակից Արթուր Բաղրյանի Իջեւանում հիմնադրած «Քարարտ» քարի մշակման գործարանը:

Խորհրդային բանակի պաշտոնաթող սպան, իր կյանքի բիզնեսին նվիրած մասը սկսելով Մոսկվայում, այսօր դարձել է բազմապրոֆիլ խոշորագույն «Ուրարտու մոտորս» ընկերության նախագահը: Ղարաբաղցու հաստատակամությունն ու գործարարության բնական ջիղն իրենցն արեցին: Չբավարարվելով Մոսկվայում ունեցած հաջողություններով, Արթուր Բաղրյանը որոշեց իր կարողությունները ծառայեցնել հայրենիքին եւ իր ժողովրդին: Նա, նախ, հայ գործարարներից առաջինը լինելով, Մոսկվայում իր միջոցներով կառուցեց հայկական եկեղեցի: Այնուհետեւ հիմնովին վերանորոգեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցին: Եկեղեցու շինարարության ժամանակ սկսեց հետաքրքրվել տեղի շինաքարերով, ֆելզիտի նմուշներն ուղարկեց իտալական հայտնի շինարարական ընկերություններին, որոնք ըստ արժանվույն գնահատեցին հայկական քարերի հատկությունները եւ ավելին, խոստացան Արթուր Բաղրյանին աջակցություն ցուցաբերել քարերի մշակման արդիական արտադրության ստեղծման հարցում:

Իջեւանի «Քարաստ» գործարանը հիմնադրելիս Արթուր Բաղրյանն այն համոզմունքն ուներ, որ չունենալով նավթ, գազ, ածուխ եւ այլ բնական պաշարներ, Հայաստանը պետք է օգտվի իր ունեցած բնական հարստությունից: Հայաստանի համար այդ հարստությունը մեր քարերն են: Քարամշակումը կարող է դառնալ արտահանման ուղղվածություն ունեցող ամենահեռանկարային ոլորտներից մեկը: Այս հանգամանքը նկատի ունենալով էլ, մոսկվաբնակ մեր հայրենակիցը, կառուցելով ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխանող գործարան, նպատակ ունի մշակման եւ արտադրության փուլը հասցնել մինչեւ վերջնական արտադրանքի ստացման: Այսինքն, ձեռնարկությունում քարը մշակվելու եւ դառնալու է երեսապատման սալիկ, սյուն, գեղարվեստական կառուցվածք եւ այլն: Հետաքրքրական է, որ արդեն հայկական քարատեսակներից ստացվելիք արտադրանքի խոշոր պատվերներ են ստացվել Ռուսաստանից, Եվրոպայից, մերձավորարեւելյան երկրներից: Ողջ շահույթը Արթուր Բաղրյանը մտադիր է վերաներդնել տեղումՙ ձեռնարկության ընդլայնման եւ անընդհատ արդիականացման նպատակներով:

Հարկ է նշել եւս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք: «Քարարտն» աչքի է ընկնում ոչ միայն արտադրության արդիական տեխնոլոգիաներով, այլեւ աշխատակիցների համար ստեղծված աշխատապայմաններով, որով հպարտանալու առիթ մեր գործարարներից շատ քչերը կարող են ունենալ: Արթուր Բաղրյանի գործունեությունն արժանի է գնահատանքի եւ ընդօրինակման առարկա դառնալու Հայաստանից դուրս գործող մեր մյուս գործարարների համար:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4