«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ԾԱՂԿԵՓՆՋԵՐ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանի «լայն» հասարակայնությունն այս քրեական գործի մասին գիտի հետեւյալը. Մոսկվայում կեսգիշերին իր ավտոմեքենայի մեջ ոմն Սերգեյ Բաղդասարյան փորձել է բռնաբարել մի ռուս կնոջՙ Ալեքսանդրա Իվաննիկովային: Վերջինս ինքնապաշտպանության նպատակով ձեռքի պայուսակից հանել է խոհանոցի դանակը եւ խփել նրա ազդրինՙ վնասելով երակը: Արյունահոսությունից Բաղդասարյանը մահացել է հենց մեքենայի մեջ: Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Իվաննիկովան Բաղդասարյանին սպանել է, գտնվելով հոգեկան հուզմունքի վիճակում (ՈՒՒպՍՑ), եւ դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման ու 200.000 ռուբլի (մոտ 7000 դոլար) տուգանքիՙ հօգուտ սպանվածի ընտանիքի:

Թվում է շարքային մի գործ է սա հսկա Ռուսաստանի համար, որտեղ նույնիսկ հանրահայտ մարդկանց սպանություններն անհրաժեշտ արձագանք չեն գտնում եւ հաճախ չեն էլ բացահայտվում: Բայց այս մեկը...

Ռուս նացիոնալիստական, ծայրահեղական, ֆաշիստամետ կազմակերպությունները մեծ աղմուկ բարձրացրին «անմեղ» ռուս կնոջ նկատմամբ վայրենի հայի, կովկասցուՙ Խաչիկի հանցագործ ոտնձգության կապակցությամբ, պահանջելով վերանայել գործը եւ արդարացնել Իվաննիկովային: Հիշյալ կազմակերպություններից մեկը վերջինիս պարգեւատրեց 50000 ռուբլով (մոտ 1800 դոլար), հակազգային ցուցապաստառներով շրջափակված դատարանի շենքի մոտ «տուժյալ» կինը ողողվում էր ծաղկեփնջերով, հայտնի հեռուստաշոումեն Վլադիմիր Սոլովյովը նույնիսկ առաջարկեց Իվաննիկովային ներկայացնել... մեդալի եւ այլն:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Եվ ո՞վ կարող է ավելի իրատեսորեն ներկայացնել այս գործի հանգամանքները, եթե ոչ տուժած կողմի դատապաշտպանըՙ մոսկվացի ճանաչված իրավաբան, «Լեքս» փաստաբանական ընկերության ղեկավար Սիմոն Ծատուրյանը:

- Պրն Ծատուրյան, ըստ երեւույթին այս գործն արդեն զուտ քրեական չէ:

- Ցավոք, այդպես է, քրեականից վերածվել է քաղաքականի եւ լուծվում է բնավ էլ ոչ իրավունքի շրջանակներում: Առկա է հասարակական, վարչական հզոր ճնշումը դատական ատյանների վրա:

- Թե ինչքանով են դատարաններն անկախ Ռուսաստանում, գաղտնիք չէ: Բայց չէ՞ որ կա արդեն կոնկրետ դատարանի վճիռը, ընդսմին բավականին մեղմ, եթե նկատի ունենանք, որ մարդ է սպանվել, եթե նույնիսկ նա հայ է: Ինչի՞ց սկսվեց աղմուկը:

- Իվաննիկովայի փաստաբանը, սկզբից հրահրելով ազգայնական շրջանակներին, դիմել էր Պետդումայի պատգամավորներից մեկին, սա էլ պաշտոնական նամակ էր գրել դատավորին, որտեղ Իվաննիկովայի «հերոսական արարքը» համարելով օրինակելի, ոչ ավել, ոչ պակաս պահանջել էր... «կայացնել արդարացնող վճիռ» եւ պատասխան տալ... 10-օրյա ժամկետում: Գործին խառնվել են քաղաքային դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր մակարդակների քաղաքագետներ, լրագրողներ, որոնք խնդիր են դրել «հասարակական կարծիքի» ճնշման ներքո իրոք արդարացնել Իվաննիկովային, հագուրդ տալով ազգայնամոլական բորբոքված կրքերին:

- Իսկական ազգային հերոսուհի: Մոսկվայում, դժբախտաբար, մենք լսում ենք միայն մի կողմի փաստարկները: Իսկ ինչպիսի՞ն են գործի իրական հանգամանքները:

- Շատ սովորական: Ընդսմին ներկայացնելով դրանք, ուշադրություն դարձրեք «հերոսուհու» բարոյական նկարագրին, որ ամենայնս բնորոշում է այդ կին կոչված արարածի բուն էությունը: Կեսգիշերին կռվելով ամուսնու հետ, նա խմած վիճակում ձմեռվա սառնամանիքին դուրս է եկել փողոց, երկու տարբեր մեքենաներ է կանգնեցրել եւ պահանջել իրեն տանել այնպիսի ամայի վայրեր, որտեղ շատ տղամարդիկ օրը ցերեկով կվախենային հայտնվել:

- Մտքին ի՞նչ է եղել:

- Ո՞վ գիտի ի՜նչ կարող է ծագել գինովցած գլխում: Երրորդ վարորդը տարաբախտ Բաղդասարյանն է եղել: Սկզբից միասին խմել են: Հետո «սրտաբաց» զրուցել են, կատակել: Հետո իբր կովկասցին նրան տարել է ոչ այնտեղ, ուր ինքն է խնդրել (խոսքը վերաբերում է նրա տնից սոսկ 700-800 մետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկին) եւ հենց մեքենայի մեջ առաջարկել է օրալային սեքս: «Գիշերային թիթեռնիկը» փոխանակ բացելու դուռը (իբր չի բացվել) եւ օգնության ճիչերով փախչելու (ինչպես կվարվեր նման իրավիճակում հայտնված ամեն մի նորմալ կին), պայուսակից հանել է կոթը շորով փաթաթած մոտ 20 սանտիմետրանոց խոհանոցային դանակը եւ խփել իրեն «անարգողի» ազդրին, որից հետո միայն, ինչ-որ հրաշքով բացելով մեքենայի դուռը, փորձել է անաղմուկ ճողոպրել: Բայց նրա վազքն ընդհատել են գիշերային պարեկություն անող միլիցիոներները: Ըստ վերջիններիս առաջին զեկուցագրի, նրանք արդեն հայտնաբերել էին տակավին գործող շարժիչով մեքենան ու դեռեւս շնչող Բաղդասարյանին, եւ արյան հետքերով հետեւել էին դանակահարողին: Իվաննիկովան դանակահարության փաստը խոստովանել է միայն իր շորերի վրա արյան հետքերը հայտնաբերելուց հետո: Ավելին, նա չարախայթ տոնով հայտարարել էՙ վերջապես դանակս ինձ պետք եկավ:

- Ես այսպես եմ հասկանում, որ եթե միլիցիոներները չնկատեին խուճապահար վազող կնոջը, հնարավոր է, որ ոչինչ էլ չպարզվեր:

- Իհարկե հնարավոր է:

- Բայց պարզվում է, որ Բաղդասարյանն արդեն հանել էր տաբատը մինչեւ ծնկները:

- Իսկ ո՞վ ասաց, որ նա դա չի արել Իվաննիկովայի համաձայնությամբ կամ դրդմամբ: Մեզ համար գործի բարդությունն էլ հենց դրա մեջ է. մի կողմը, ավա՜ղ, լռում է, իսկ վկաների բացակայությունը խթանում է Իվաննիկովայի ու նրա փաստաբանի երեւակայությունը:

- Նման պարագայում շատ բան կարելի է հարմարեցնել: Իսկ իրավական առումով ո՞րն է գործի թույլ կողմը:

- Բռնության փաստը չի հաստատվում, Իվաննիկովայի մարմնի վրա ոչ մի քերծվածք անգամ չի եղել, շորերը չեն պատռվել: Բացի այդ, ըստ օրենսգրքի, բացառվում է հոգեկան հուզմունքի պահը, քանի որ առկա է հարբած վիճակը: Անտրամաբանական է, որ պարկեշտ ընտանիքում մեծացած պատանին (Բաղդասարյանի պապը Ղարաբաղում եղել է ճանաչված կուսակցական աշխատող, հայրըՙ ինժեներ-մեխանիկ, Հայաստանում աշխատել է գործարանի տնօրեն, մայրը վախճանվել է երեք տարի առաջ), իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողը իրեն թույլ տար դիմելու բռնության: Չգիտե՞ր համապատասխան հոդվածի մասին:

- Ցավոք, ինչպես նշեցիք, նա չի կարող իրեն արդարացնել: Եվ այսպես, պրն Ծատուրյան, ի՞նչ ունենք այս պահին. դատական ատյանները հակված են արդարացնելու մարդասպանին, արյան հոտն առած ամեն կարգի ծայրահեղականները մոլեգնել են, ԶԼՄ-ները իսկական արշավ են ծավալել հօգուտ Իվաննիկովայի...

- Նույնիսկ ստեղծվել է Իվաննիկովայի պաշտպանության կոմիտե:

- Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձեր պրոֆեսիոնալ առաքելությունը ձեռք է բերում ազգային նշանակությունՙ առանց չափազանցության: Դուք ձգտում եք դատական կարգով, այսինքնՙ օրենքի հիման վրա փրկել հայ մարդու պատիվը: Միայն այս ձեւով կարելի է ազդել ստեղծված հակահայկական կարծիքի վրա: Այստեղ զգացմունքներն ավելորդ են: Իշխանական մարմիններից մեկին ուղղված նամակներից մեկում, օրինակ, երկար-բարակ բացատրվում է, որ «Խաչատուր» նշանակում է խաչ կրող, որ դա սուրբ անուն է եւ այլն: Մինչդեռ նացիոնալիստական թափթփուկը թքած ունի այդ բառի «ծագումնաբանության» վրա, նա այդ «սրբության» մեջ ներարկում է թույն, ատելություն, արհամարհանք: Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ այս միջադեպը խիստ ձեռնտու է նաեւ որոշ էթնիկական խմբերիՙ տեղական թե եկվոր: Ի՞նչ ակնկալիքներ ունեքՙ շանսեր կա՞ն արդյունքի հասնելու: Չէ՞ որ ասողին լսող է պետք:

- Իսկապես հակասական իրավիճակ է. մի կողմից ինչքան երկար շարունակվի դատական քաշքշուկը, այնքան կուժեղանա հակահայկական հիստերիան: Մյուս կողմից, ոչինչ չանելն էլ ճիշտ չէ: Ինչպես արդեն ասվեց, հարցը լուծվում է ոչ թե դատարանում (այնտեղ լավ թե վատ արդեն լուծվել էր), այլ աշխատասենյակներում, մամուլում, փողոցում, իսկ դրանց դեմ պայքարի մեթոդները իրավական չեն: Ես որպես իրավաբան, փաստաբան, դատախազական մարմինների նախկին երկարամյա աշխատող համոզված եմՙ գործում առկա ապացույցները բավարար են Իվաննիկովային մեղավոր ճանաչելու համար: Ի վերջոՙ ինչի՞ մասին է խոսքը. հենց սկզբից կատարվածը որակվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում: Հետո նոր առաջ եկավ հոգեկան հուզմունքի վարկածը: Հիմա էլ դրված է արդարացման խնդիրը: Կռիվ կտանք ինչքան կարող ենք: Դատավարությունը դեռ երկար կշարունակվի: Ընթացքի մասին ընթերցողներին տեղյակ կպահենք:

- Ստեղծված անառողջ մթնոլորտում որեւէ աջակցություն ստանո՞ւմ եք հայությունից:

- Այս գործի մասին լավ գիտեն ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Հայաստանում: Բայց խոսել որեւէ կազմակերպված հակազդեցության մասինՙ առայժմ չեմ կարող: Մինչդեռ զգացվում է դրա անհրաժեշտությունը, ընդսմին ոչ միայն եւ ոչ այնքան ինձ համար: Ցավոք, «ժողովուրդների բարեկամության» ժամանակներն անցել ենՙ իրենց տեղը զիջելով քաղաքական մերկ շահերին: Այս ողբերգական դեպքը եւս մեզ համար հիշեցում է, թե ով ենք մենք եւ որտեղ ենք գտնվում: Միայն հայրենիքում մեզ օտար չենք զգա: Հայաստանը պիտի երկիր դարձնենք ու հավաքվենք այնտեղ:

Հ. Գ. Այս գործի հետ կապված տեղեկությունները կարող եք հաղորդել հետեւյալ հեռախոսահամարովՙ (095) 924-23-54:

Օրերս ռուսական հեռուստաալիքներով տեղեկություն է հաղորդվել, որ Ա. Մ. Իվաննիկովան թեկնածու է առաջադրվել Ունիվերսիտետ օկրուգում, որտեղ առաջադրված է նաեւ Միխայիլ Խոդորկովսկին...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4