«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ 3 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքի երեքՙ Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: ԿԸՀ-ի տրամադրած նախնական տեղեկություններովՙ երեք համայնքում էլ ընտրությունները կայացել են:

Էրեբունի համայնքում գրանցված էր միայն մեկ թեկնածուՙ գործող թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանը: Սա մեծ համայնք է, ընտրողների ընդհանուրՙ 87809 ընդհանուր թվով, որոնցից գրանցվել է 32884 ընտրող: Կողմ քվեաթերթիկների թիվը կազմել է 31265ՙ չնայած Մհեր Սեդրակյանը միակ թեկնածուն էր (նրա դեմ խաղ չկա), կարող էր եւ ընտրված համարվել ավելի պակաս ձայներով:

Նուբարաշենում գրանցված ընտրողների թիվը 3720 է: Առիթը չենք ուզում բաց թողնել ընտրողների ընդհանուր թիվը արձանագրելուՙ 7597: Այստեղ իրենց թեկնածությունը դրել էին գործող թաղապետ Ռուբեն Ասատրյանը (ստացել է 509 ձայն), ՀՅԴ-ից Կարապետ Բարբարյանը (76 ձայն) եւ 26-ամյա Մհեր Հովհաննիսյանը, որը հայտնի է որպես գործարար Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ: Մհեր Հովհաննիսյանի հայրը Գագիկ Ծառուկյանի բենզակայաններից մեկի տնօրենն է: Հենց Մ. Հովհաննիսյանն էլ, նախնական տվյալներով, հաղթել է ընտրություններումՙ ստանալով 3016 ձայն:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում եւս գործող թաղապետ Ռուբեն Սինոյանը 6633 ձայնով պարտվել է միակ ընդդիմադիր պատգամավոր Արայիկ Քոթանջյանից (7575 ձայն), որին աջակցում էր պատգամավոր Մանուկ Գասպարյանը: 7492 ձայն ստացել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին տնօրեն Վալերի Հարությունյանը, իսկ Պետրոս Սողոյանըՙ ընդամենը 311 ձայն: Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 53491 է, իսկ գրանցվել է ընտրողների 22796 թիվը:

Ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով առաջին ատյանի դատարան են դիմել հետեւյալ թվով քաղաքացիներ. Էրեբունուցՙ 18, Նուբարաշենիցՙ 779, Քանաքեռ-Զեյթունիցՙ 540:

Ընտրությունների նախնական տվյալները կվերջնահաստատվեն ուրբաթ օրը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4