«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2005-09-17 | #168, 2005-09-20 | #169, 2005-09-21


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ

Սեպտեմբերի 21-ին լրանում է անկախության հանրաքվեի 14-ամյակը: Սահմանադրական սպասվող հանրաքվեից, օդում առկա փոփոխությունների հրամայականներից առաջ տասնչորս տարին` իր լավ ու վատով, շատ բան ունի հուշելու մեզ, զգուշացնելու ինչ անելու եւ ինչ չանելու մասին: Այն ժամանակ, 91-ին, ազգը միակամ էր, եւ անկախությունն, այո, անքննարկելի արժեք էր: Նույնքան անքննարկելի պիտի լիներ նաեւ սահմանադրությունը. սակայն մեր առաջին սահմանադրությունը գործածելով իբրեւ ռետինե ձգմգվող-ծռմռվող իր` տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները տասը տարի շարունակ արժեզրկել են եւ անընդհատ ոտնահարել նրա շատ դրույթներ: Գործողի բազմաթիվ դրույթների կասկածելիությունը կամ, ավելի ստույգ, դրանց չգործելը փաստում էին հենց սահմանադրական նոր փաթեթի կողմնակիցները, միաժամանակ չփարատելով կանխակալ կասկածները նոր ընդունվելիքի` մեր կյանքում նույնպես անիրագործելի թվացող դրույթների վերաբերյալ: Նոր փաթեթի ընդունելի լինելը պետք է անվիճելի լինի ոչ միայն թղթի վրա, այլեւ իրական կյանքում: Հասարակ հայ մարդը պետք է տեսնի, որ սահմանադրությունը ոչ թե թղթի կտոր է` բարի ցանկությունների հռչակագիր, այլ պաշտպանիչ վահան է իշխանություն ունեցող զանազան իրավասուների ապօրինությունների դեմ: Մեր ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորները, Գալուստ Սահակյանի ասած` մի մարմնի մաս կազմելով, վիճում են ԱԺ-ին, վարչապետին, սահմանադրական դատարանին, արդարադատության կառույցներին տրվող լիազորությունների կամ ինքնավարության չափերի ավել-պակասի մասին. անձնավորելով ձեւակերպումները` հաճախ մոռանում են խոսել անցյալ սահմանադրության մեջ եւ նոր փաթեթում էլ առկա հարյուր տոկոսանոց ժողովրդավարական-մարդասիրական դրույթների այն երաշխիքների եւ զսպիչ մեխանիզմների մասին, որոնց բացակայությունը խանգարում է կյանքում իրագործելի դարձնել որեւէ սահմանադրություն: Ավելի հաճախ մտահոգվելով պետական կարգավիճակում գտնվողների (այսինքն` իրենց) զանազան լիազորություններով` նրանք մոռանում են սովորական հայ մարդուն, որին իրականում պետք է պատկանի սահմանադրությունը, եւ որը փաստորեն օտարված է այդ փաթեթի քննարկումներից: Ստացվում է այնպես, որ այդ վեճերում ներկայացված չէ լայն հասարակությունը, նրա լիազորությունների ավելացման-պակասեցման մասին ոչ ոք չի խոսում, ու դեռ նրանից էլ կողմերը աջակցություն են սպասում: Հարաբերական դադարի այս օրերին մեր քաղաքական գործիչները երեւի հիշում են իրենց բոլոր ասածները սահմանադրական քննարկումների ժամանակ, երբեմն էլ բարձրաձայն շատ գոհ մնում իրենց հիմնավորումներից: Սակայն արժե լրջորեն մտածել վերջապես մեր կյանքի եւ թղթագրվածի անդնդային հակասությունների մասին, արժե վերջապես մտածել այն մարդու մասին, ում ուղղված է եւ ում պետք է պաշտպանի սահմանադրությունը:

Բոլորս ունե՞նք կյանքի իրավունք

Նախախնամությամբ թե պատահականորեն` անցած ուրբաթ, ԱԺ ճեպազրույցների ժամին, ԱԺ-ից շատ քիչ հեռու, գրողների միության հարակից մայթին անգիտակից վիճակում էր հայտնվել անապաստան ու ընկնավոր մի կին: Կինը թավալվում էր սեփական աղտեղության մեջ, մեկ ուշագնաց էր լինում, մեկ ուշքի էր գալիս, անտանելի հոտը բռնել էր փողոցը, իսկ նրան ուշքի բերել փորձում էր միայն մի ծեր տղամարդ` աննկարագրելի ջանքեր գործադրելով: Չկարծեք, թե ոստիկանությունը կամ շտապօգնությունը չեկան: Շտապօգնության բուժքույրը շատ մարդկային բացատրություն տվեց. «Եթե այդ վարակի աղբյուրը դնեն մեքենա` էլ ոչ մի նորմալ հիվանդի դրանով չեն կարող տեղափոխել»: Իսկ շփոթված ոստիկանները փորձում էին ավելի մի սպեցիֆիկ` հոգեբուժական բրիգադ կանչել: Նպատակ չունենալով մեղադրել այս մարդկանց, որոնք չգիտեին ինչպես վարվել` նկատենք միայն. փողոցում կատարվում էր անպատկերացնելին, այն, ինչ նվաստացնում էր բոլոր ներկաներին, պետությանը վերջապես, որտեղ սահմանադրությամբ երաշխավորված կյանքի, բնակարանի, անհետաձգելի բժշկական օգնության մեծ-մեծ խոստումների փոխարեն` նվազագույնը չի իրականացվում գոնե` չեն գործում օրավուր շատացող բոմժերին թեկուզ ամիսը մեկ անգամ լողանալու հնարավորություն ընձեռող ժամանակավոր կացարաններ, որ անապաստան մարդիկ գոնե մեռնելիս այդքան կեղտոտ չլինեն ու դրա պատճառով նրանց չզլանան բժշկական օգնություն ցույց տալ: Չար պատահականությամբ անցած շաբաթ ԱԺ-ում քննարկվող սոցիալական փաթեթի շրջանակում բոմժերի ժամանակավոր կացարաններ նախատեսվում են, բայց բոմժ Նոնան ակնհայտորեն չձգեց դրան:

Մեր պետությունը ինքնիշխա՞ն է

Այդ դրույթին եւս վերջերս մարդ սկսում է կասկածել` մեր քաղաքական գործիչների անթաքույց «արեւմտամետ»-«ռուսամետ» ոգորումներից: Բանը հասավ նրան, որ սահմանադրական փաթեթի մասին լրագրողների հետ խոսող մեր քաղաքականներից մեկը, երբ նախագահի ինստիտուտի հետ կապված կոնկրետ օրինակ էր բերում եւ ասաց` նախագահը, անմիջապես էլ պարզաբանեց. «Մեր երկրի նախագահը, ոչ թե ԱՄՆ-ի...» : Իսկ անցած շաբաթվա թերթերից մեկում սեւով սպիտակի վրա գրված է խիստ «արեւմտամետ» մի գործչի միտքը. «Վաշինգտոնն ի վերջո հասկացավ, որ Հայաստանում էվոլյուցիոն զարգացման հնարավորություն չկա»: Լավ, այս մարդկանց ո՞վ պետք է հիշեցնի, որ մեր երկիրն ինքնիշխան պետություն է, եւ սեփական վարկանիշի ներքեւն ու վերեւը չի կարելի պայմանավորել անընդհատ «արեւմուտք» բառը բարձրաձայնելով: Մի ժամանակ եթե դրսի օգնություն ակնկալում էլ էին` ամոթ էր բարձրաձայն կրկնելը, իսկ հիմա մեր քաղաքական գործիչները մրցակցում են իրար հետ, թե ո՞վ ավելի կտրվի Արեւմուտքին: Այս պայմաններում, իհարկե, կարող է զարմանալի թվալ, որ մի գործիչ (Ալբերտ Բազեյանն, օրինակ) մերժում է Արեւմուտքի աջակցությամբ իշխանափոխություն անելը` գտնելով որ այն կարող է վնասել պետության անվտանգությանը: Իսկ նա, կարծում եմ, անկեղծորեն ուզում է իշխանափոխություն:

Մշակութային արժեքները պետության հոգածության ներքո՞ են

Կիրակի օրը Վերնիսաժում մի կին 5 հազար դրամով բավական հին մի կճուճ էր առաջարկում: Կճուճի էժան գնից եւ բավական մեծ չափերից առաջացած կասկածը կրկնօրինակ լինելու վերաբերյալ, կինը ցրեց, ցույց տալով վերականգնման գծերը եւ տալով վերականգնող մասնագետի անունը: Դե, պետություն, գնա ու պաշտպանիր` մինչեւ սահման հասնելը:

Մեր ծերերի սոցիալական ապահովությունը երաշխավորվա՞ծ է

Ծափաթաղում ապրում է երեւանցի 79-ամյա Վարդանն իր կնոջ հետ, որն իր թոշակով ապրելու հնարավորությունը տեսական համարելով` տեղավորվել է մի հին տանը, ամեն օր արթնանում է ժամը 6-ին եւ ողջ օրն այգին ու բանջարանոցը մշակելուց հետո անկողին է մտնում ուշ երեկոյան, այդպես միայն կարողանալով սահմանադրությամբ երաշխավորված իր սոցիալական ապահովությունն իրականացնել:

Օրինակները շարունակելի են: Դրանք կշարունակենք ուրիշ առիթներով` սահմանադրական փաթեթը քարոզողներին եւ մերժողներին հավասարապես հիշեցնելով կոնկրետ մարդկանց մասին:

Իսկ մեր պետական այրերն ու քաղաքական գործիչները արժե, որ մի անգամ էլ հանրաքվեից առաջ մտածելու ժամանակ ունենան` ի՞նչ պետություն ենք մենք կառուցում` հարմարավետ միայն հաստ քսակներով մարդկանց համա՞ր, թե՞, այնուամենայնիվ, մի պետություն, որտեղ ժողովուրդը գործոն է, ինչպես ժողովրդավարություն ամրագրած բոլոր պետություններում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4