«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2005-09-17 | #168, 2005-09-20 | #169, 2005-09-21


«ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆԸ» ԿՐԿԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Իտալիայի Սենտ Վիսենտ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում առայժմ անհաջող է հանդես գալիս Հայաստանի միակ ներկայացուցիչ «Միկա-Երեւանը»: Երկրորդ տուրում էլ մեր թիմը պարտվեցՙ այս անգամ 1,5-2,5 հաշվով զիջելով Սանկտ Պետերբուրգի «Ֆինեկին»: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց ուկրաինուհի Օլգա Ալեքսանդրովանՙ պարտության մատնելով Տատյանա Շադրինային: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Իրինա Սլավինայի հետ: Պարտություններ կրեցին Նինո Խուրցիձեն ու Նելլի Աղինյանին փոխարինած Նարինե Գասպարյանը: Խուրցիձեն զիջեց միջազգային գրոսմայստեր Եկատերինա Կորբուտին, իսկ Գասպարյանը պարտվեց գրոսմայստեր Իրինա Սուդակովայից:

Այսպիսով, 2 տուրից հետո «Միկա-Երեւանը» կանանց 11 թիմերի մրցավեճում առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ թիմային առաջնությունում առաջին հերթին հաշվի են առնվում թիմերի հանդիպումների արդյունքները: Հաղթանակի համար թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի դեպքումՙ 1 միավոր: Եթե միավորները հավասար են, ապա ավելի բարձր տեղ է զբաղեցնում այն թիմը, որն անցկացրած բոլոր պարտիաներում ավելի շատ միավոր է վաստակել: «Միկա-Երեւանն» առայժմ միավոր չունի, քանի որ 2 հանդիպումներում էլ պարտվել է, իսկ շախմատիստուհիների վաստակած անհատական միավորների քանակը 3 է: Կանանց մրցաշարի առաջատարներն են ՄՏԿ-ն ու «Պլատինան», որոնք 2-ական հաղթանակ են տոնել: Վաստակած ընդհանուր միավորների քանակով (7) առաջին տեղը զբաղեցնում է ՄՏԿ-ն:

Չելյաբինսկի «Յուժնի Ուրալը», որի կազմում է Լիլիթ Մկրտչյանը, 1 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 2-րդ տուրում «Յուժնի Ուրալը» 1,5-2,5 հաշվով պարտվեց «Պլատինային»: Թիմի կազմում միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Լիլիթ Մկրտչյանը, որը 3-րդ խաղատախտակի վրա պարտության մատնեց Եկատերինա Ուբիենուկին: Տղամարդկանց մրցաշարում Եկատերինբուրգի «Ուրալը» բացահայտ առավելության հասավ Ստամբուլի թիմի նկատմամբՙ հաղթելով բոլոր վեց պարտիաներում: Առաջին անգամ խաղատախտակի մոտ նստեց Վլադիմիր Հակոբյանը, որը հաղթեց Կիվանց Հազնեդարօղլուն: Ռաֆայել Վահանյանն էլ պարտության մատնեց Սերկան Յեկեին: Մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց «Տոմսկ-400»-ը, որը եւս 6-0 հաշվով պարտության մատնեց «Սպարկասեին»: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանն առավելության հասավ Անդրեյ Շեկաչովի նկատմամբ:

Տղամարդկանց մրցաշարի մասնակից 48 թիմերից 10-ը մեկնարկում 2-ական հաղթանակ են տոնել: Վաստակած միավորների առավելագույն քանակով (11-ական) աղյուսակը գլխավորում են «Տոմսկ-400»-ը եւ «Ուրալը»: 3-րդ տեղում Կազանի «Լադյան» է (10 միավոր):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4