Շուտով կթողարկվեն 12 տարվա ժամկետով երկարաժամկետ պարտատոմսեր
Պետական պարտատոմսերի թողարկման 10-ամյակի կապակցությամբ երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նա նշեց, որ առաջին անգամ պետական պարտատոմսեր թողարկվեցին 1995 թ. սեպտեմբերի 14-ին, որը «մի քիչ պարտադրված եւ հապշտապ» քայլ էր, քանի որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պահանջում էին պարտքի կառավարման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Այս տասնամյակը Արշալույս Մարգարյանը բաժանեց երկու մասիՙ մինչեւ 1999 թ. եւ նրանից հետո: Առաջին շրջանը պարտատոմսերի շուկայի ձեւավորման փուլն էր: Երկրորդ փուլումՙ 2000 թ. մարտին թողարկվեցին 1 տարի տեւողությամբ պետական պարտատոմսերը, այնուհետեւ թողարկվեցին միջին ժամկետայնության պարտատոմսեր: Արշալույս Մարգարյանը նաեւ հայտնեց, որ երեկ արդեն թողարկվել են 12 տարվա մարման ժամկետով 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվել են 7,7 տոկոսով:
Թվարկելով անցած 10 տարվա ձեռքբերումները, պետական պարտքի կառավարման վարչության պետը նշեց պարտատոմսերի մշտապես ժամանակին մարումն ու սպասարկումը, միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը, զարգացած ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք սպասարկում են առաջնային եւ երկրորդային շուկաները:
Առաջիկայում նախատեսվում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել «Պետական պարտքի կառավարման մասին» օրենքի նախագիծը, պետական պարտքի կառավարման գործիքակազմը համալրել պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերով: Արշալույս Մարգարյանը կարեւորեց կենսաթոշակային եւ ապահովագրական ընկերությունների կայացումը, որպեսզի այս ոլորտում ներդնողների կառուցվածքային փոփոխություններ լինեն եւ մեղմվեն ռիսկերը: Ներկայումս պետական պարտատոմսերի 80 տոկոսը գնում են առեւտրային բանկերը:
Ա. Մ.