«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2005-09-20 | #169, 2005-09-21 | #170, 2005-09-23


ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Այս հետեւությանը հանգեցին սեպտեմբերի 22-ին Բրյուսելումՙ Եվրոպական խորհրդարանում անցկացված խորհրդաժողովի մասնակիցները

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Բրյուսել

Սեպտեմբերի 21-ին Եվրոխորհրդարանում բացված «2004-ի դեկտեմերից 2005-ի հոկտեմբեր: Փոխվե՞լ է արդյոք Թուրքիան» խորհրդաժողովը, որ կազմակերպվել էր Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնության եւ Եվրոխորհրդարանի փոխխոսնակ Ինգո Ֆրիդրիխի բարձր հովանավորությամբ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին տվեց միանշանակ պատասխանՙ Թուրքիան ոչ միայն չի փոխվել, այլեւ փոխվելու ցանկություն չունի:

Հետեւաբար այդ երկրի հետ նույնիսկ չարժե բանակցություններ սկսել: Այս խնդրի տարբեր կողմերին անդրադարձան խորհրդաժողովի ծրագրում արձանագրված գրեթե բոլոր բանախոսները, բացառությամբ մեկիՙ Պիեռ Միրելի, որը ներկայացնելով Եվրոպական հանձնաժողովը, պնդեց, թե Թուրքիայի հետ բանակցությունների սկսումը դեռեւս չի նշանակում, թե վերջինս պատրաստ է ԵՄ անդամակցության կամ անվերապահորեն կանդամակցի:

Հակառակ այս կարծիքի, Կիպրոսից Եվրոխորհրդարանի պատգամավորներ Խուանիս Կասոուլիդիսը եւ Կիրակոս Թրիանթոֆիլիդիսը շեշտեցին, թե առանց ԵՄ անդամ Կիպրոսի ճանաչման Թուրքիան չի կարող անդամակցել այդ կառույցին:

Իտալիայից Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆրանչեսկո Էնրիկո Սպերոնին էլ ընդգծեց, թե չի կարելի բանակցություններ սկսել մի երկրի հետ, որը չճանաչելով ԵՄ-ի մի մասը, փաստորեն չի ճանաչում Եվրոմիությանը:

«Թուրքիան նախ պետք է ազատի ԵՄ տարածքը (Կիպրոսի գրավյալ մասը) եւ հետո միգուցե նրա հետ սկսենք բանակցել», ասաց Եվրոխորհրդարանի պատգամավորը: Ինֆո-թուրք հիմնարկության հիմնադիր ու նախագահ, հայտնի իրավապաշտպան Դողան Օզգուգենն էլ խոսեց Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման մասին, շեշտելով, որ իր երկիրը պետք է իրոք փոփոխվի եւ բավարարի կոպենհագենյան փաստաթղթի պահանջները:

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը նույնպես կարեւորվեց օտար բանախոսների ելույթներում, սակայն այս խնդրին ավելի հանգամանալից անդրադարձ կատարեցին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը եւ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում տկն Չոբոյանը հավելեց, որ այժմ ակտիվ աշխատանք է տարվում նաեւ, որպեսզի գալիք շաբաթ Եվրոխորհրդարանի ընդունելիք բանաձեւում նաեւ հայկական հարցին նվիրված հոդված մտցվի: Ամենայն հավանականությամբ, բանաձեւը նվիրված է լինելու Թուրքիայի հետ բանակցությունների սկսմանը: Ի դեպ, ԵՄ-Թուրքիա պատվիրակության փոխխոսնակ, Գերմանիայից պատգամավոր տիկին Ռենատա Սոմերն իր փայլուն ելույթում ամփոփեց օրվա գլխավոր հարցի պատասխանը. «2004 թ.-ի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հոկտեմբեր Թուրքիան չի փոխվել, ոչ մի առաջընթաց չի նկատվում, երկրում շարունակում է մեծ դեր խաղալ բանակի ղեկավարությունը, ոչ մի քայլ չի արվել Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի ճանաչման ուղղությամբ: Հետեւաբար, առանց հիշելու եւ ճանաչելու իր պատմությունը, Թուրքիան չի կարող ակնկալել նաեւ լավ ապագա»:

Ինչեւէ, դեռեւս հայտնի չէ, թե հոկտեմբերի 3-ին ինչպես կսկսվեն բանակցությունները Լյուքսեմբուրգում, բայց արդեն իսկ պարզ է, որ եվրոպահայերը ցույցով եւ հսկումով են դիմավորելու ԵՄ-Թուրքիա բանակցությունների մասնակիցներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4