«Ես համագործակցելու եմ բոլորի հետ: Խնդիր չունեմ` օգնեմ ընդդիմությանը, վարկաբեկեմ իշխանությանը, ոչ մի ամբիցիա էլ չունեմ, մենակ մի ամբիցիա ունեմ, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ հասարակությանը»: «Փակագիծ» ակումբում Հմայակ Հովհաննիսյանն այսպես պատասխանեց «Ազգի» այն հարցին, թե արդյոք սահմանադրական փաթեթի «ոչը» նա միայնա՞կ է ասելու, թե՞ ընդդիմության հետ: Քանի որ վերջին շրջանում Հմայակ Հովհաննիսյանի ձայնն անընդհատ լսելի էր թե՛ խորհրդարանում, թե՛ մամուլում` հարցազրույցների տեսքով, մնում է ենթադրել, որ նա ուզում է լսելի լինել հատկապես հեռուստատեսությամբ: Այս իմաստով արժե առաջարկել, որ մեր բազմաթիվ անկապ հեռուստատեսություններից մեկը իր եթերային պարապը լցնի ամենօրյա մի հաղորդաշարով` «Հմայակ Հովհաննիսյանի ժամ» անվամբ:
Իսկ ավելի լուրջ` Հմայակ Հովհաննիսյանի մի քանի դիտարկումները վերաբերում էին սահմանադրական փաթեթին, ավանդական ավանդներին...
Նա նախ նկատեց, թե սահմանադրական հանրաքվեի շատ կարեւոր հարցը պետք է քննարկվի ոչ թե փոխադարձ հրաձգությունների, այլ բովանդակային հարթության վրա, եւ հենց այդպես էլ քննարկեց. նոր նախագծով պետական պաշտոնյաների ընտրովիության սահմանները չեն ընդլայնվում, իշխանության ճյուղերն արդյունավետ չեն տարանջատվում, ազգային անվտանգության չափանիշին նախագիծը չի համապատասխանում: Իր առաջին նկատառումը նա հիմնավորեց շատ երկար. նոր փոփոխություններով կառավարության գործունեության արդյունքների համար պատասխանատվություն կրելու է այն պաշտոնյան, որը համընդհանուր ընտրություններով չի ընտրվում, այլ նշանակվում է խորհրդարանական մեծամասնության կողմից (վարչապետը): Մարզպետները եւս ընտրովի չեն լինելու, իսկ Երեւանի քաղաքապետն ավելի լավ է նշանակովի լինի, քան թե նրա ընտրությունը կախված լինի ավագանու 50 անդամից: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` այդ չարափոխում է, քանի որ. «Այդ ժամանակ 1 Երվանդ Զախարյանի փոխարեն` կունենանք 50-ը... կոռուպցիոն ռիսկերը 50 անգամ կբազմապատկվեն»: Երեւանի քաղաքապետ ունենալու լավագույն տարբերակը ուղիղ համընդհանուր ընտրություններն են, եզրափակում է Հ. Հովհաննիսյանը: Իշխանության տարանջատման վերաբերյալ դրույթներն էլ արդյունավետություն չեն ապահովում, քանի որ գործադիր իշխանության աղբյուրը ժողովրդի ուղիղ տված քվեն չի լինի (նշանակովի վարչապետ): Բացի այդ` Հայաստանի գործադիր իշխանությունը շատ թանկ է հիմա (մեծ եւ ուռճացված լինելու պատճառով). այդպիսին էլ մնալու է նոր փոփոխություններով: Կոալիցիային էլ բաժին հասավ` գործող սահմանադրությունը նախատեսում է տեխնիկական կառավարություն, իսկ կոալիցիայի կուսակցությունները նախարարներ գործուղելով, եւ առիթի դեպքում փոխարինելով նրանց սեփական կուսակցության մի ուրիշ անդամով` խախտում են այժմ գործող սահմանադրությունը: «Բարի եղեք կատարել գործող սահմանադրության պահանջը, այլապես վաղը կգան մարդիկ, ում դուր չի գա ձեր հեղինակած սահմանադրությունը, եթե, իհարկե, կարողանաք անցկացնել»:
Ավանդների վերադարձման հարցի մասին խոսելիս Հ. Հովհաննիսյանը հատկապես ուղերձներ էր անում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմը, ասելով, թե ինքն ուզում է օգնել նրան` կատարելու ժողովրդին տված խոստումները: Հակադարձելով Ա. Բաղդասարյանի` խորհրդարանում արտահայտած այն մտքին, թե ինքն ունի 21 պատգամավոր, նա հիշեցրեց իր ստորագրահավաքի 66 ձայնի մասին` 21 եւ 45, որով այսօր էլ հարցը կարելի է մտցնել օրակարգ. «Փոխանակ ընդդիմության իրավունքը դիտեն քննադատելը` իրենք են անընդհատ խոսում` գողանում են, կոռուպցիա, բայց մի կոռուպցիոների չեն կանչել պատասխանատվության»:
Եթե հիշենք, թե նախորդ գումարման խորհրդարանում ինչպես էր Հմայակ Հովհաննիսյանն աղմկոտ վեճերի մեջ մտնում հենց ավանդների վերադարձման խնդիրը բարձրացնող պատգամավորների հետ եւ անընդհատ շեշտում, որ ավանդները վերադարձնելու համար գումարներ չկան, երկրի բյուջեն փոքր է, նրա` ավանդների վերադարձման ջատագովի հետագա գործելակերպը երկու ենթատեքստ ունի. նախ, իսկապես ավանդների հարցը շոշափում է համարյա բոլոր ընտրողների շահերը, հետո իր իսկ խոսքերով` ապագա ընդլայնված լիազորություններով խորհրդարանում ընտրվելու համար հենց ինքը դեպի որեւէ կուսակցություն կողմնորոշվելու կարիք ունի. կոնկրետ դեպքում մինչեւ վերջերս ավանդների մասին ամենից շատ խոսում էր «Օրինաց երկիրը»...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ