«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2005-09-20 | #169, 2005-09-21 | #170, 2005-09-23


«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Կոնվերս բանկն» այս տարի արդեն երկրորդ անգամ «Ֆայնենշըլ թայմսի» կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ: Ինչպես երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց բանկի գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը, այդ մրցանակին բանկն արժանացել է ծառայությունների բարելավման եւ նոր գործիքների ներդրման համար: Սակայն այս տարվա ընթացքում սա «Կոնվերս բանկի» միակ միջազգային մրցանակը չէր: «Զարգացող երկրների լավագույն բանկեր» անվանակարգում «Կոնվերս բանկը» «Գլոբալ ֆինանսի» կողմից դարձյալ 2005 թ.-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ: Բացի վերոնշյալից, Հայաստանի առեւտրային բանկերից «Կոնվերս բանկին» ամերիկյան հանրահայտ «Ամերիկան էքսպրեսս» բանկը տրամադրել է 1 մլն դոլար արժողությամբ վարկ: Սա ամերիկյան բանկի առաջին վարկն էր, որը տրվում է հայկական բանկերին ընդհանրապես:

Այնուհետեւ Սմբատ Նասիբյանը թվարկեց բանկի մյուս ցուցանիշները: Նա մասնավորապես նշեց, որ ՎԻԶԱ միջազգային վճարային համակարգից «Կոնվերս բանկին» շնորհվել է չիպային քարտերի սպասարկման իրավունք: Արդեն հոկտեմբեր ամսին գործարկվելիք բանկի նոր մասնաշենքը, ըստ գլխավոր տնօրենի, նոր խոսք կլինի բանկային-գրասենյակային բիզնեսում:

Անհատական պահարաններում (թվով 280), որոնք օժտված կլինեն անվտանգության նորագույն սարքավորումներով, մարդիկ կկարողանան պահպանել իրենց թանկարժեք իրերն ու կարեւոր փաստաթղթերը: Ծրագրվում են նոր ավանդների տեսակներ: Այս կապակցությամբ մեր այն հարցին, թե ի՞նչ ավանդներ են դրանք, գլխավոր տնօրենն առայժմ նպատակահարմար չգտավ մանրամասներ հաղորդել, ասելով միայն, որ դա պայմանավորված է այն բանով, որ ավանդների աճի տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն: Հիպոթեկային վարկերն այս պահին կազմում են 170 մլն դրամ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է հասցնել շուրջ 250 մլն դրամի:

Ինչ վերաբերում է բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշներին, ապա դրանք հետեւյալն են: Ընդհանուր կապիտալով այս տարվա առաջին կիսամյակում «Կոնվերս բանկը» զբաղեցնում է երկրորդ տեղըՙ 6,5 մլրդ դրամով (15,4 մլն դոլար), որը տարեվերջին ակնկալվում է հասցնել մինչեւ 17 մլն դոլարի: Շահույթը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, որը երկրորդ ցուցանիշն է, իսկ ակտիվների մեծությամբ «Կոնվերս բանկը» 4-րդն է: Դրանք կազմել են 38,8 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ 5,7 մլրդ դրամով կամ 17,2 տոկոսով: Հաճախորդներին տրված վարկերի մեծությամբ բանկը դարձյալ 4-րդ տեղում է Հայաստանի 21 բանկերի մեջ: Այս տարվա առաջին կիսամյակում վարկերը կազմել են 15,4 մլրդ դրամ:

Անդրադառնալով բանկային համակարգի շահութաբերության հարցին, Սմբատ Նասիբյանը նշեց, որ, ի տարբերություն այլ ոլորտների, բանկերի շահութաբերությունը մեծ չէ: Ունենալով 15 մլն դոլար ընդհանուր կապիտալ, «Կոնվերս բանկը» ստացել է 3-4 մլն դոլար կամ 20-25 տոկոսի շահույթ: Մինչդեռ իրենց անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առեւտրի, սպասարկումների, շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում շահութաբերությունը կազմում է առնվազն 100 տոկոս: Բանն այն է, որ բանկերը թափանցիկ կառույցներ են եւ գործում են օրինական դաշտում, իսկ տնտեսության մյուս ոլորտներում ստվերային շրջանառությունը զգալի ծավալներ է կազմում: Սմբատ Նասիբյանի կարծիքով, բանկային համակարգում առկա է խոր մրցակցություն, ինչի պատճառով շատ ծառայություններ մատուցվում են ինքնարժեքից ցածր գներով: Բանկի գլխավոր տնօրենը որպես մրցակցային ոլորտներ նշեց հիպոթեկային եւ սպառողական վարկերի շուկաները:

Բանկային համակարգի եւ ընդհանրապես երկրի տնտեսության համար կարեւոր հանգամանք համարվեց բանկային ակտիվների աճը: Դրա համար, բանկի գլխավոր տնօրենի կարծիքով, բանկերը պետք է ունենան համախառն ներքին արդյունքին համարժեք ակտիվներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4