«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՎԵՐՍՏԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ «ՕՍՄԱՆՅԱՆ ՀԱՅԵՐԸ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մինչդեռ վարչապետ Էրդողանը խնդրել էր, որ գիտաժողովը տեղի ունենա

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այս գիտաժողովը նախատեսվում էր հրավիրել դեռեւս մայիսի 25-27-ը պետական կարգավիճակ ունեցող «Բոսֆորի» համալսարանում: Սակայն գիտաժողովի գումարումից մեկ օր առաջՙ մայիսի 24-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունների երկու պատգամավոր «դավաճանության» մեջ էին մեղադրել կազմակերպիչներին, որոնց միացել էր նաեւ արդարադատության նախարարը: Մեղադրանքներն այլ ելք չէին թողել «Բոսֆորի» համալսարանի ռեկտորատին, քան հետաձգել գումարումը:

Գիտաժողովի հետաձգումը լայն արձագանք էր գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Եթե թուրքական արձագանքները միանշանակ չէին, ապա արեւմտյան արձագանքներում հենց դատապարտվում էր Թուրքիան, որքան էլ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչն արտահայտվեին գիտաժողովի հրավիրման օգտին:

Ըստ երեւույթին արեւմտյան արձագանքների տպավորության տակ վարչապետ Էրդողանն անձամբ դիմել էր «Բոսֆորի» համալսարանի ռեկտոր տկն Այշե Սոյսալին եւ խնդրել, որ հետաձգված գիտաժողովը հրավիրվի մինչեւ Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկումը, այսինքնՙ հոկտեմբերի 3-ը:

Ռեկտորատն, ընդառաջելով վարչապետին, դեռեւս օգոստոսի 21-ին հայտարարել էր հետաձգված «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության խնդիրներ» թեմայով գիտաժողովը սեպտեմբերի 23-25-ը հրավիրելու մասին: Ավելին, որպես մասնակից գիտաժողովին հրավիրված արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն ընդունել էր հրավերը:

Չնայած ազգայնամոլ շրջանակների գիտաժողովը վերստին տապալելու սպառնալիքներին, վարչապետ Էրդողանի վերոհիշյալ խնդրանքն ու արտգործնախարարի դրական վերաբերմունքը հրավերին որեւէ կասկած չէին թողնում, որ միջոցառումն այս անգամ անպայման կանցկացվի: Սակայն ձախողվեց նաեւ գիտաժողովը հրավիրելու երկրորդ նախաձեռնությունը, ընդ որումՙ սեպտեմբերի 22-ին, այսինքնՙ մեկ օր առաջ, ինչպես առաջին նախաձեռնությունն էր ձախողվել:

Ի դեպ, գիտաժողովը կասեցվել է Ստամբուլի վարչական 4-րդ ատյանի դատարանի որոշմամբ: Թուրքական հանրային հեռուստատեսությունը նույն օրը տեղեկացնելով այդ մասին, նշեց, որ կազմակերպիչներին բողոքարկելու հնարավորությունից զրկելու համար դատարանն այդ որոշումն ընդունել է ուշ ժամի: Որոշման համար հիմք է ծառայել Իրավաբանների միության դիմումը դատարանին, որտեղ «Թուրքիայի կառավարության դեմ հանցավոր գործունեության» համար մեղադրվում են գիտաժողովը նախաձեռնող «Բոսֆորի», «Սաբանջի» եւ «Բիլգի» համալսարանները: Դատարանի որոշումը քննարկելու համար արտակարգ նիստ են հրավիրել նշված համալսարանների ռեկտորները: Իսկ Իրավաբանների միությունը գոհունակություն է արտահայտել որոշման առթիվ, նշելով, որ գիտաժողովը վերջնականապես տապալված է, դրա հրավիրումն այլեւսՙ անհնար: «Պաշտոնաթող թուրք սպաների» միությունը գիտաժողովի հետաձգումը որակել է «համազգային հաղթանակ» եւ «ազգային խնդիրներին համարձակորեն տեր կանգնելու» կոչ է արել քաղաքական գործիչներին:

Այդ ընթացքում Եվրոհանձնաժողովը հաղորդագրությամբ դատարանի որոշմամբ գիտաժողովի կասեցումը դիտարկել է իբրեւ «սադրանքի դրսեւորում», իսկ հանձնաժողովի խոսնակ Քրիստինա Մեգին նշել է. «Եվրոհանձնաժողովը մտահոգությամբ է արձանագրում թուրքական հասարակության համար պատմական անցյալն ազատորեն քննարկելու առիթ ստեղծող նոր նախաձեռնության տապալումը»:

Հատկանշական է, որ Եվրոհանձնաժողովի հաղորդագրությունը տարածվել է սեպտեմբերի 22-ինՙ գիտաժողովի կասեցման օրը: Ինչ վերաբերում է սադրանքին, ապա դա պետք է ուղղված լինի վարչապետ Էրդողանի կառավարության դեմ: Այլապես էրդողանը գիտաժողովի կասեցման դատարանի որոշման առնչությամբ չէր ընդգծի դրա անհամատեղելիությունը ժողովրդավարության հետ, հայտարարելով. «Երկրում ավելի առաջնակարգ ժողովրդավարության հաստատման եւ ավելի ազատ Թուրքիայի կերտման ներկա փուլում կարելի է հրաժարվել որեւէ տեսակետի ընդունումից, սակայն դա ոչ մեկին այդ տեսակետի արտահայտումը խոչընդոտելու իրավունք չի տալիս: Մանավանդ որ խոչընդոտելն, իմ կարծիքով, անհարիր է ժողովրդավարության, ազատությունների եւ արդիականության հետ»:

Ոչ էլ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքից բուռն հակազդեցությամբ կարձագանքեր գիտաժողովի կասեցմանը, ասելով. «Ինքն իրեն այսքան մեծ վնաս պատճառող մեկ այլ ազգ աշխարհի երեսին թերեւս չկա: Հոկտեմբերի 3-ի նախօրյակին միջոցառումը ներսից եւ դրսից տապալողներն իրենց վերջին ճիգերն են գործադրում: Ինձ համար անակնկալ չի լինի, եթե սրանց միանան նորերը: Ինքներս մեզ վնասելու հարցում անգերազանցելի ենք»:

Ակամա հարց է ծագումՙ ինչո՞վ բացատրել վերոհիշյալ սադրանքի ուղղվածությունը վարչապետ Էրդողանի կառավարության դեմ: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նկատմամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, առկա բացասական մոտեցմամբ: «Ազգը» սեպտեմբերի 14-ի համարում ներսում դրսեւորվող այդ մոտեցումը պայմանավորել էր խորքային պետության, իսկ դրսումՙ պաշտոնական Վաշինգտոնի գործունեությունը վերահսկող շրջանակների նկրտումներով:

Ըստ երեւույթին շահագրգիռ կողմերին չի հաջողվում Թուրքիայում վարկաբեկել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, այդ իսկ պատճառով նրանք դրսում գիտաժողովների կասեցման միջոցով փորձում են վարկաբեկել Էրդողանի կառավարությունը, իսկ դրան նպաստում են խորքային պետության ներկայացուցիչները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4