Նրանց մեծ մասն ապահովված մարդիկ են, առնվազնՙ խանութպաններ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում կիրակի կկայանան ավագանու եւ համայնքապետի ընտրություններ, իսկ Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ Աջափնյակ թաղամասերում բնակիչները կընտրեն միայն ավագանի:
Տեղական ինքնակառավարման մարմինների հովհարաձեւ ընտրությունները հնարավորություն են տալիս նկատելու բաներ, որոնք համատարած ընտրությունների դեպքում երեւի երբեմն աննկատ են մնում: Ընտրության կազմակերպիչներն այդպիսով իրենց ապահովագրել են արտասահմանյան եւ տեղական դիտորդներից` ով գլուխ կդնի մեկ-երկու համայնքի ընտրությունների դիտարկմամբ զբաղվելու համար ժամանել Հայաստան (բացառություններըՙ հեչ): Մենք ու մենք ենք, ոնց ուզենք` այնպես էլ ընտրություն կանցկացնենք: Բայց մի կարեւոր հանգամանք հաշվի չի առնվել` ինչպես որ առաջին խումբ ընտրություններից հետո կեղծողներն են հմտանում, այնպես էլ նոր ընտրության գնացողները հմտանում են կեղծումների դեմ պաշտպանվելիս: Այնպես որ` այս կիրակի, տեղական ինքնակառավարման մարմինների երկրորդ խումբ ընտրություններին կողմերն արդեն ավելի փորձառություն ձեռք բերած են մասնակցելու` բարդացնելով կեղծել պատրաստվողների գործը:
Բացի այդ էլ` հանկարծ ու հայտնաբերում ես. թաղիդ մանրումեծ խանութպանները այնպես են մտահոգված համայնքային ցավերով, որ երազում են անպայման ավագների կազմում ընդգրկվել ու աշխատել միայն ու միայն «ի շահ ժողովրդի»: Խանութպանային նախընտրական եռուզեռը եւ տարբեր համայնքներում ավագանու թեկնածու առաջադրվածների մեծ թիվը ստիպում են քրքրել-իմանալ` ովքե՞ր են ուզում համայնքային կառավարման մաս կազմել, ովքե՞ր են մասնագիտությամբ, կուսակցականությամբ, կրթության մակարդակով:
Պարզվում է` մեր այս ցանկությունը դժվար է իրագործել` տեխնիկական պատճառով. 10-15 ավագանու թեկնածուի տեղերի համար Արաբկիրում առաջադրվել է 81, Դավիթաշենում 54, Մալաթիա-Սեբաստիայում` 32, Կենտրոնում` 49 թեկնածու. այսինքն` ֆիզիկապես գոնե հնարավոր չէ ծանոթանալ նրանց կենսագրություններին: Բա ընտրողներն ինչպե՞ս են ծանոթ լինելու այդքան մեծ թվով մարդկանց, որ կարողանան ընտրել: Մենք էլ մի համայնքի թեկնածուների ցանկը վերցրինք ու դիտարկեցինք` Կենտրոնի թեկնածուների համապատկերի ներկայացումն ընթերցողին հնարավորություն կտա պատկերացում կազմելու վերը նշված թվերի հետեւում երեւացող միտումների մասին:
Կենտրոնում առաջադրված ավագանու 49 թեկնածուներից երեքն են միայն կին` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի աշխատակազմի ղեկավար Անահիտ Սարգսյանը, ՕԵԿ-ական Ելենա Արզումանյանը, ՀԺԱՄ- ական, գործարարության զարգացման եւ կադրերի ինստիտուտի աշխատակից Նելի Արզումանյանը:
Թեկնածուների կուսակցականության պատկերը հետեւյալն է. ՀՀԿ` 3, ՕԵԿ` 6, ՀՅԴ` 4, ՀԺԱՄ` 3, առաջադիմական կոմկուս` 1: Անկուսակցական է թեկնածուներից 23-ը, կամ այդպես է ներկայանում, ոչ մի տեղ չի աշխատում 11-ը: Կա կրկեսի փոխտնօրեն, քաղաքաշինության նախարարության պետական տեսչության բաժնի պետ, ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, Կենտրոն համայնքի ղեկավարի խորհրդական, հարկային պետական ծառայության, տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակից: Ինտելեկտուալ ոլորտը ներկայացնում են երկու գիտաշխատող: 12-ը` ՍՊԸ-ի, 3-ը ՓԲԸ-ի տնօրեն են: (Եվ մեկ ատամնատեխնիկ` ինչպես Օստապ Բենդերը կասեր):
Հետաքրքրական դիտարկումների նյութ են չաշխատող թեկնածուները. թվում է` նրանց հայտարարագրերը պետք է դատարկ լինեին, բայց դրանց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում էին արտասահմանյան մակնիշի մեքենաներ, կլորիկ նվիրատվություններ: «Այ, հենց հարուստ պապաների` օբյեկտների եւ խանութների տերերի զավակները դրանք են` հարստությունը ուզում են ավագանի դառնալով ամրապնդել», ասացին Կենտրոնի մի քանի բնակիչներ: Մխիթարականն այն է, որ նրանց մեծ մասը չի լրացնի ընտրական օրենսգրքով սահմանված 5 տոկոսը եւ երկրի բյուջե ընտրագրավի բավական մեծ գումար մուտք կարվի: Թեկնածուների մեծ մասը երիտասարդ են, բայց կա նաեւ 1944 թվականին ծնված թեկնածու:
Թեկնածուների այս տոնավաճառում ընտրողը պետք է կարողանա իրեն համապատասխան ապրանք գտնել, եթե, իհարկե, ընտրություն բառն իր տեղում է եւ համապատասխանում է իր իմաստին: