Շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնության վերջնագծում բավական հետաքրքրական ու սուր մրցապայքար է ծավալվել խաղարկվող պարգեւների համար: Հայ շախմատիստներից հաջողությանն առավել մոտ է Զավեն Անդրեասյանը, որն իրեն հիանալի է դրսեւորում: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարի նախավերջին տուրում Զավենը սպիտակներով հանդիպում էր առաջատարիՙ ռուսաստանցի Պողոս Նահապետյանի հետ: Վճռորոշ այդ պարտիայում Անդրեասյանը հաղթեց եւ 6,5 միավորով գլխավորեց աղյուսակը: 6 միավորով Զավենին հետապնդում է հինգ շախմատիստ: Նրանցից մեկիՙ լեհ Թոմաշ Վարակովսկու հետ Զավենը սեւերով մրցելու է ավարտական տուրում: Հաղթանակի դեպքում հայ շախմատիստը կնվաճի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ոչ-ոքի արդյունքն էլ մեծ հնարավորություններ է տալիս մեդալ նվաճելուՙ նայած թե ինչպես կավարտեն իրենց մրցախաղերը մյուս հակառակորդները: Պողոս Նահապետյանը սպիտակներով խաղալու է վրաց շախմատիստ Դավիթ Ջոջուայի հետ: Մրցանակային տեղերի բաշխման համար վճռորոշ կլինի նաեւ 6 միավոր ունեցող Ռահմանովի եւ Տրոֆիմովի պարտիան:
Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ է պահպանում նաեւ մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Ռաֆայել Գաբրիելյանը: Նա չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ այժմ 6 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Իսկ առաջատարներըՙ Կիպրիան Բերբատովն ու Ուլվի Բայարանին վաստակել են 7-ական միավոր: 2 շախմատիստ ունի 6 միավոր:
Հաջողությանը մոտ է նաեւ Հայկ Թամազյանը: Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում Թամազյանը սեւերով պարտության մատնեց Գալոպոուլոսին ու վաստակելով 6,5 միավոր, 3-4-րդ տեղերն է բաժանում վրաց շախմատիստ Նոդար Լորթկիպանիձեի հետ: Առաջատարը Սանան Սյուգիրովն է, որը հաղթելով Գիլ Պոպիլսկուն, վաստակեց 7,5 միավոր: Նրանցից կես միավորով հետ է մնում ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչը: Հենց վերջինիս հետ էլ Թամազյանը սեւերով մրցելու է ավարտական տուրում: Մրցանակային տեղերի համար կարող էր պայքարել նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, սակայն նա 8-րդ տուրում պարտվեց Բոգդանովիչին եւ 5,5 միավորով դժվար թե մեդալի հավակնի:
Իսկ ահա Արման Փաշիկյանը կարող է դառնալ մրցանակակիր: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Արմանը 8-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Մորանդայի հետ եւ այժմ 5,5 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը: Առաջատարը ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է (6,5 միավոր): 3 շախմատիստ ունեն 6-ական միավոր: Ավարտական տուրում Փաշիկյանը սպիտակներով մրցելու է Լանինի հետ, որը եւս 5,5 միավոր ունի:
Եթե հայ պատանիներից մի քանիսն ավարտական տուրից առաջ հավակնում են մեդալների, ապա մեր շախմատիստուհիներն ի սկզբանե զրկվել էին նման հնարավորությունից: Առավել հաջող են հանդես գալիս 5-ական միավոր վաստակած Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տ.) եւ Աննա Հայրապետյանը (մինչեւ 16 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ