«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՐԴԱՆԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, հոկտեմբերի 6-ին Երեւանում նախատեսված Հայաստան-Հորդանան պատասխան ընկերական հանդիպումը կհետաձգվի մեկ այլ ժամկետի: Սեպտեմբերի 21-ին Հորդանանի ֆուտբոլի ընկերակցությունը ՀՖՖ-ին տեղեկացրել էր, որ երկրի հավաքականը եւ պաշտոնական պատվիրակությունը Երեւան կժամանի հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, Երեւան-Վիեննա չվերթով: Սակայն հաջորդ օրը Հորդանանի ֆուտբոլի ընկերակցության գլխավոր քարտուղար Ֆադի Զուրեյկաթը նամակով դիմել է ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, որում մասնավորապես ասվում է.

«Ցավով պիտի տեղեկացնեմ Ձեզ, որ ավիաընկերությունը մերժել է հաստատել մեր կողմից ամրագրված տեղերը Վիեննա-Երեւան չվերթի համար:

Մինչ այժմ մեզ չի հաջողվել Երեւան ուղեւորվելու մեկ այլ ուղի գտնել եւ ժամանել հոկտեմբերի 3-ին կամ 4-ին: Միեւնույն ժամանակ մեր «Ալ-Ֆեսալի» ակումբը մտել է Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ այս ամսվա վերջին եւ եկող ամսվա սկզբին մրցելու է Մալդիվների չեմպիոնի հետ: Սա նշանակում է, որ մեր բոլոր պրոֆեսիոնալ խաղացողները չեն կարողանա միանալ հավաքականին ու ժամանել Երեւան խաղից 48 ժամ առաջ, ինչպես ամրագրված է ՖԻՖԱ-ի կանոններով: Այս իրավիճակում մենք խնդրում ենք Ձեզ հետաձգել հանդիպումը` նոր ժամանակահատվածում այն անցկացնելու համար: Այս իրադրությունը ստեղծվել է մեր կամքից եւ ընտրությունից անկախ: Հուսով եմ` Դուք կհասկանաք ստեղծված իրավիճակը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4