«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՀՖՖ-Ն ՏԵՂՅԱԿ ՉԷ ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՁՆԱԳՐԻՑ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ «Սպորտ էքսպրես» թերթն իր սեպտեմբերի 19-ի համարում անդրադառնալով «Ամկարի» պարտությանը նշել է. «...չկարողացավ խաղալ Ալբերտ Սարգսյանը: Պատրաստվում էր հիվանդ ոտքով վիրահատության մեկնել Գերմանիա, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի վերադարձնում արտասահմանյան անձնագիրը: Վիճել են: Եվ հիմա խեղճ Սարգսյանը փորձում է վերադարձնել անձնագիրը` գրեթե ներգրավելով ՖԻՖԱ-ին...»:

Այս տեղեկատվությունը արտատպվել է «Ֆուտբոլ +» թերթում:

Ալբերտ Սարգսյանի հետ կապված հերթական թյուրիմացությունից խուսափելու համար ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նրա հետ որեւէ մեկը չի վիճել: Ալբերտ Սարգսյանը վերջին անգամ Հայաստան է հրավիրվել` մասնակցելու հունիսի 4-ի Հայաստան-Մակեդոնիա եւ հունիսի 8-ի` Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այնուհետեւ Ալբերտ Սարգսյանը մասնակցել է Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը, որից հետո, առանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ընդհանրապես որեւէ մեկին տեղեկացնելու, հավաքել է անձնական իրերը եւ թողել հավաքի վայր հյուրանոցը: Պաշտոնական հանդիպման հաջորդ իսկ օրը Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ռումինիա, իսկ Ալբերտ Սարգսյանը չի ժամանել օդանավակայան` անակնկալի բերելով ՀՖՖ-ի եւ ազգային հավաքականի ղեկավարությանը: Այդ մասին ժամանակին տրվել է նաեւ համապատասխան տեղեկատվություն:

Բնական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող պատասխանատվություն կրել Ալբերտ Սարգսյանի անձնական իրերի, այդ թվում եւ նրա արտասահմանյան անձնագրի համար: Զարմանալի է, որ միայն ամիսներ հետո է Ալբերտ Սարգսյանը հիշում իր անձնագրի մասին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4