«Վերջի սկիզբը»ՙ փառատոնի հաջողված ներկայացումներից
Երեւանյան այս տարվա Արմմոնո երրորդ թատերական միջազգային փառատոնը տարբեր երկրների (ԱՄՆ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Լեհաստան եւ այլն) թատերական խմբերի շեքսպիրյան մոնոներկայացումների մասնակցությամբ, ավարտվեց: Որքանո՞վ կարողացան մոնոներկայացման առանձնահատկությունները հնարավոր դարձնել շեքսպիրյան դրամատուրգիայի ընկալումը հանդիսականի համար, հարց է, երբ բեմականացման համար կարեւորվում են իրերի կերպավորումը սիմվոլային լեզվով եւ, իհարկե, դերակատարի պրոֆեսիոնալիզմըՙ կերպափոխությունների առումով: Բայց ինքնին փառատոնի մտահղացումը եւ երեքամյա գործունեությունը մայրաքաղաքային թատերական կյանքին աշխուժություն է բերումՙ հատկապես արտերկրի թատերախմբերի մասնակցությամբ եւ նրանց հետ փորձի փոխանակման տեսանկյունից: Բոլոր ժամանակներում գեղագիտական չափանիշների փոփոխություններըՙ նոր ձեւերի փնտրտուքների մեջ ընդունելի են, եթե դրանք հեռացած չեն արվեստի ճշմարիտ ոգուց, երբ տպավորությունը չի անհետանում հանդիսասրահից դուրս գալու հետ:
Փառատոնի հաջողված ներկայացումներից համարվեց Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությամբ եւ ձեւավորումով Վ. Շեքսպիրցի «Տիմոն Աթենացի» ողբերգության հիման վրա Սամվել Խալաթյանի «Վերջի սկիզբը» ներկայացումը, ՀՀ պետմրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի դերակատարմամբ: (Երաժշտական ձեւավորումը Աշոտ Փազազյանի, նկարիչՙ Եվա Գեւորգյան): Ներկայացումն ընդունվեց ջերմությամբ, հանդիսականի հոտնկայս ծափահարություններով, թատրոնի մարդկանցՙ Պ. Զեյթունցյանի, Ալ. Թոփչյանի բարձր գնահատականներով: «Ես հիացած եմ, սա քայլող կլասիկա է, պահպանեք այս ներկայացումը», ռեժիսոր Մարկ Ռազովսկու խոսքերը լավագույնս արժեւորեցին Արտ. Հովհաննիսյանի եւ Գուժ Մանուկյանի ստեղծագործական աշխատանքը:
Բեմական իրականությունը Գուժ Մանուկյանի միջոցով ներկայացավ իբրեւ բոլոր ժամանակների մարդու ողբերգությունների մի հարթակ, որտեղ գործող մարդն անգիտակ է իր ներքին երկփեղկվածություններին ու արարքների հետեւանքներին:
Շեքսպիրին հատուկ ներթափանցումերի շնորհիվ Գուժ Մանուկյան-Տիմոնը ներկայացրեց մարդկային էության մութ ծալքերըՙ նենգամտության, կեղծիքի, խարդախության, քծնանքի, հեշտամոլության եւ ընչաքաղցության դրսեւորումներով: Մարդու աշխարհից վերջնականապես հիասթափված Տիմոնը երկխոսության վերջին փորձն է անում քաղաքակրթության հետեւանք մի շարք երեւույթների հետՙ վերահաստատելով մարդու էության անփոփոխ վիճակները անտիկ շրջանի, միջնադարի եւ նոր ժամանակների բարոյականության հոլովույթներում: Ինքնաճանաչման բարդ ուղիով անցնող Տիմոնն իր մենության քարայրից իր նմանին ներհայեցողության է կոչում:
Մոնոներկայացման համար որքան էական է գործողությունների պատրանքային գեղարվեստական-երեւակայական լուծումները, նույնքան էլ դրանց տիրապետող արտիստի վարպետությունը: Տիմոնը փիլիսոփա է, բարոյախոս, ընդվզող եւ տխուր մենապարտ: Գուժ Մանուկյանին դերասանական փորձի ու վարպետության շնորհիվ հաջողվեց բեմական իրականությունը վերածել պայքարներ ու իմաստնության կրող մարդու ներքին դրամայի բացահայտման վայրիՙ դրանով վարակելով նաեւ դահլիճը: Թեկուզ մի պահՙ մարդկային գիտակցությանը հասցնելու համար ինքնաորոնման, ինքնաճանաչման գաղափարի սերմը:
Բոլոր ժամանակների տիրակալ փայլուն ոսկին, մարդկային էությունը գաճաճ ստրկության տանող գայթակղության այդ ամենահզոր գործոնն իր գեղարվեստական լուծումը ստանում է բեմական սիմվոլիՙ կյանքը հավասարակշռող կշեռքի միջոցովՙ աչք-ընչաքաղցություն-հող-մահ գաղափարների ընդհանրացումներով:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Թեքեյան» թատերախմբի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆ. Արտաշես Հովհաննիսյանը բեմական եւ դասավանդման փորձը 15 տարի շարունակ փոխանցում էր «Նորք» երիտասարդական թատրոնի ստեղծագործական կազմին:
Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի դահլիճի վերանորոգումը հնարավորություն կստեղծի նորաստեղծ «Թեքեյան թատրոնի» լիարժեք գործունեության, որի ստեղծագործական կազմը համալրված է շնորհալի պրոֆեսիոնալներով (Հասմիկ Ասլանյան, Փայլակ Չոբանյան, Սմբատ Ստեփանյան, Կարինե Ղազարյան, Սաթիկ Գյուլբեկյան, Արա Սարգսյան, Արմինե Գաբրիելյան, Արմեն եւ Արեւիկ Սանթրոսյաններ), դա նաեւ կդառնա ուսումնական թատրոն, որտեղ ուսումնառության տարիներից երիտասարդներն արդեն աշխատանքային փորձ կկուտակեն:
Փառատոնի ավարտից հետո Արտաշես Հովհաննիսյանին դիմեցինք Շեքսպիրին վերադառնալու անհրաժեշտության, շեքսպիրյան բազմաբարդ ու բազմաշերտ դրամատուրգիան մոնոներկայացման միջոցով ներկայացնելու հնարավորության, ինչպես նաեւ արտերկրի թատերական մշակույթի հետ հաղորդակցման եւ փորձի փոխանակման հետ առնչվող հարցերով:
«Շեքսպիրյան թեման պարտավորեցնող է, եւ փառատոնը ցույց տվեց, որ Շեքսպիրը տալիս է հնարավորություն նորովի մեկնաբանության եւ մշակման: Մի քանի գործողություններով, բազմաթիվ դերասաններով պիեսը ներկայացվում է մեկ դերասանով: Ուսանողական տարիներից դեռ երազել եմ բեմադրել «Տիմոն Աթենացին»: Առայժմ ստեղծվեց դրա մոնոներկայացման տարբերակը: Առաջարկեցի Գուժ Մանուկյանին, եւ ծանոթանալով նոր տեքստինՙ նա իր համաձայնությունը տվեց, ամբողջ ամռան ընթացքում աշխատեցինք, հանդիսատեսը եւ մասնագետներն իրենց գնահատականը տվեցին: Իհարկե, մոնոներկայացման ժամանակ շատ բան կորչում է: Ապամենդոսի կերպարն, օրինակ, որ Տիմոնի ուսուցիչն է, Շեքսպիրի ամենակլասիկ կերպարներից մեկը, չկա: Դրա հետ չշփվե՞լ, թերի է արդեն: Փաստորեն գրվեց նոր պիեսՙ հիմքում ունենալով Տիմոնի վիճակը: Տիմոնին տեղափոխեցինք անտիկ շրջանից մինչեւ մեր օրերըՙ մանեկեններին զգեստափոխելու միջոցով:
Ինչ վերաբերում է փորձի փոխանակմանը, օտար մշակույթների հետ շփումներին, հետաքրքրական էր անգլիական թատրոնը, որ ներկայացրեց «Վենետիկի վաճառականը»: Դերասանի կլասիկ վարպետությամբ եւ արագ փոփոխություններով հանդերձ արտիստը սակայն ուսուցանողի տպավորություն թողեց: Ձայնի, վիճակների փոփոխությունը մոնոներկայացման համար բավարար չէ: Հարուստ երեւակայության համար հաջողված համարվեց Թուրքմենիայի թափառաշրջիկ թատրոնի ներկայացումը Անա-Մելեի կատարմամբ: Սակայն պետք է նկատել նաեւ, որ միայն սինոպսիզով, գործողություններին հետեւելով շատ բան ընկալել հնարավոր չէ: Նման դեպքերում սինխրոն թարգմանությունն անհրաժեշտ էր: Բայց փորձի փոխանակման տեսակետից, անշուշտ, ուսանելի էր»:
Փառատոներին բնորոշ մրցանակաբաշխման կարգ սահմանելը, նույնպես կարեւոր է, նաեւ խրախուսող, եւ հետագայում պետք է հաշվի առնել ինչպես այս, նաեւ սինխրոն թարգմանություն ապահովելու հանգամանքները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ