Եվրոպական լեզուների միջազգային օրվա նախօրեին, կիրակի, Ծաղկաձորում ավարտվեց «Տիպաբանության դպրոց» լեզվաբանական միջազգային գիտաժողովը, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցած այս 4-օրյա գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 100 մասնագետներ եւ ուսանողներ Ռուսաստանից, Ճապոնիայից, Մ. Նահանգներից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ այլ երկրներից:
Գիտաժողովի կազմակերպիչ Վերա Պոդլեսկայայի ասելով, գիտաժողովի կարեւորությունը հատկապես գնահատելի է գիտական կապերի ամրապնդման առումով, քանի որ խորհրդային տարիների համեմատ դրանք նկատելիորեն թուլացել են: Անվանի լեզվաբանների կողքին դասախոսություններով հանդես են եկել նաեւ ուսանողներն ու ասպիրանտները, որոնք ընտրվել են գիտական թեզերի մրցույթով: «Լեզվաբաններից շատերը գոհունակություն հայտնեցին նման աշխատաոճից, քանի որ երիտասարդ մասնագետների ուսումնասիրություններում կան ուսանելի շատ հարցեր: Մասնակիցները միմյանց լսում են մեծ ուշադրությամբ եւ տալիս հետաքրքրական հարցեր: Գիտական օգտակարությունից բացի, երիտասարդները հնարավորություն ստացան ճանաչելու միմյանց, ինչպես նաեւ ներկայացնելու իրենց ազգային երգերն ու պարերը: Հուսով ենք, սա Հայաստանում մեր վերջին գիտաժողովը չի լինի», ասաց Պոդլեսկայան:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանն ավարտելուց հետո Վիկտորյա Խուրշուդյանը ուսումը շարունակել է Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի ասպիրանտուրայում, ուր սովորում է համեմատական լեզվաբանություն եւ տիպաբանություն: Հայերենի բանավոր խոսույթը նա համեմատում է իտալերենի, ռուսերենի եւ անգլերենի հետ: «Այդ լեզուների մեջ կան ե՛ւ նմանություններ, ե՛ւ տարբերություններ, իսկ ամենահետաքրքրականը դրանցով արտահայտված մշակութային յուրահատկություններ են», ասում է Վիկտորյան, որը մեծ ջանք է դրել գիտաժողովը Հայաստանում անցկացնելու համար: Գիտաժողովը նվիրվել է նաեւ մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակին ու Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 70-ամյակին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ