Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում 94 երկրների 699 ըմբիշներ: Առաջինն իրենց մրցավեճն սկսեցին ազատ ոճայինները: Հայաստանն այդ մրցումներում ներկայացված էր 5 ըմբիշներով: Նրանցից 3-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Առայժմ բոլորից հաջող է հանդես եկել 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը, որն արժանացել է բրոնզե մեդալի: Քաշային այդ կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալան Դուդաեւը, որը եզրափակիչում պարտության մատնեց կուբացի Իանդրո Կվինտանիին:
Մեր մյուս երկու ըմբիշներըՙ Միհրան Ջամբուրյանը (55 կգ) եւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) անհաջող հանդես եկան առաջնությունում եւ չկարողացան մտնել եզրափակիչ փուլ: 55 կգ քաշային կարգում ուժեղագույն ճանաչվեց ուզբեկ ըմբիշ Դիլշոտ Մանսուրովը: Իսկ 66 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալին արժանացավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Մախաչ Մուրթազալիեւը: Նա եզրափակիչ գոտեմարտում հաղթեց Սիդնեյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, բուլղարացի Սերաֆիմ Բիրզակովին:
Երեկ ուշ երեկոյան Բուդապեշտի 12 հազարանոց հանդիսականի համար նախատեսված մարզապալատի մրցագորգ են դուրս եկել Հարություն Ենոքյանը (74 կգ) եւ Հաբեթնակ Կուրղինյանը (84 կգ): Վաղը Բուդապեշտում իրենց մրցավեճը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այդ մրցաձեւում կներկայացնեն 6 ըմբիշներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ