Ծախսային մասը կկազմի մոտ 1 մլրդ դոլար
Կառավարության երեկ հաստատած 2006 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Եկող տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը ծրագրվում է 7,5 տոկոս եւ ամբողջ ՀՆԱ-ն կհասնի 2,4 տրիլիոն դրամի: Սղաճը նախատեսվում է, ինչպես նախորդ տարիներին, 3 տոկոս: Բյուջեի հիմքում կդրվի դոլար-դրամ 1 դոլարը 468 դրամ հաշվարկային փոխարժեքը:
2006 թ. ծրագրված եկամուտները կկազմեն 380 մլրդ դրամ այս տարվա 347 մլրդ դրամի դիմաց: Ըստ փոխնախարարի, հարկային եկամուտների մեծ աճ է ակնկալվում: Ծախսային մասը կհասնի 450 մլրդ դրամի: Դեֆիցիտը 69,9 մլրդ դրամ, որի կեսը նախատեսվում է ծածկել ներքին աղբյուրների հաշվին:
Համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցությունը պլանավորված է հասցնել 15,1 տոկոսի: Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում ՀՆԱ-միայն հարկային եկամուտներ հարաբերակցությունը եւ ի՞նչ համեմատություն ունի նախորդ տարիների հետ, Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ այդ ցուցանիշը քիչ է տարբերվում ընդհանուր եկամուտների ցուցանիշից: Եվս մեկ հետաքրքրական միտք արտահայտեց փոխնախարարն այս կապակցությամբ: Նա այն կարծիքը հայտնեց, որ այս հարաբերակցությունը շատ չի ավելանում, որովհետեւ ՀՆԱ-ն ավելի մեծ աճ է ունենում ծրագրվածի համեմատ, իսկ հարկային մուտքերը չեն հասցնում համապատասխան չափով ավելացնել մուտքերը: Չնայած փոխնախարարը հետագայում փորձեց շտկել ասածն, ավելացնելով, որ ավելանում են նաեւ հարկային մուտքերը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ մեր բյուջեի մուտքերն ավելանում են առավելապես տնտեսական աճի, ոչ թե ստվերային տնտեսության կրճատման հաշվին:
Հանգամանորեն անդրադառնալով բյուջեի ծախսային մասին, Պավել Սաֆարյանը հայտնեց, որ միջինը 10 հազար դրամով ավելանալու են ուսուցիչների եւ կրթական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը: Կրթությանը հատկացվելիք գումարն ավելին է նախորդ տարվանից 8 մլրդ դրամով, իսկ առողջապահությանը հատկացվելիքըՙ 6,7 մլրդ դրամով: Ավելանալու են նաեւ հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը կաճեն 19 տոկոսով:
Ընտանեկան միջին նպաստը ներկայիս 12 հազար դրամի փոխարեն կդառնա 15 հազար դրամ: Միջին կենսաթոշակը կավելանա 1500 դրամով: Այդ նպատակով բարձրացվելու է սոցիալական նվազագույն վճարի չափըՙ 5 հազար դրամից մինչեւ 7 հազար դրամ: Իսկ չհարկվող նվազագույն աշխատավարձի չափը 13 հազար դրամի փոխարեն բարձրացվելու է մինչեւ 15 հազար դրամի:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց, որ բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով ծրագրված է ստանալ 44,5 մլրդ դրամ վարկային միջոցներ: Դրանց մեծ մասը կրթության եւ առողջապահության ոլորտի նպատակային վարկերն են, իսկ 9,6 մլրդ դրամըՙ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին տրվող վարկն է, որն ուղղված է պետբյուջեին օժանդակելուն: Ելույթ ունեցողը հույս հայտնեց, որ «Հազարամյակի մարտահրավերներից» եկող տարեվերջին գումարներ կստացվեն, բայց դրանք չեն ներառվել բյուջեի մեջ:
Ռազմական ծախսերը եկող տարի կավելանան 13 մլրդ դրամով: Փոխնախարարը բնական համարեց ռազմական ոլորտին հատկացվելիք գումարների ավելացումը: «Ազգի» հարցին, թե որքա՞ն է տրամադրվող ընդհանուր գումարը, եւ հարեւան երկրի ռազմական ծախսերի ավելացումը չի՞ մտահոգում փոխնախարարին, վերջինս պատասխանեց, որ Հայաստանի պաշտպանությանը հատկացված գումարը կազմում է մոտ 150 մլն դոլար: Ինչ վերաբերում է հարեւան պետության մտադրություններին, ապա Պավել Սաֆարյանը խիստ չեզոք պատասխան տվեց, ասելով, որ յուրաքանչյուր երկիր ձգտում է ավելացնել իր պաշտպանությանը հատկացվող ծախսերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ