«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԵԼՈՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կառավարության հաստատած տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման ապահովման հայեցակարգը եւ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգն ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը երեկ ներկայացրեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ ներկայումս գազաբալոններով վերասարքավորված մոտ 40 հազար տրանսպորտային միջոցներ կան: Այսուհետեւ նման վերասարքավորման համար սահմանվելու են մի շարք պահանջներ: Վերասարքավորողը պետք է ունենա դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ: Մտցվում է այդ ծառայության սերտիֆիկացման գաղափարը: Տեղադրվող սարքավորումները պետք է լինեն գործարանային արտադրության, այլ ոչ թե, ենթադրենք, ացետիլենի եւ թթվածնի բալոններ: Մեքենաները նույնպես պետք է լինեն գործարանային արտադրության եւ ունենան նման վերասարքավորման գործարանային թույլտվություն:

Ինչ վերաբերում է արդեն գազաբալոններով աշխատող 40 հազար մեքենաներին, դրանցից կպահանջվի հետեւել մինչ այդ գործող կարգերի պահանջներին, սակայն անցումային դրույթներով դրանք հետագայում նույնպես կհամապատասխանեցվեն ընդունված կարգի պահանջներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4