«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՇԽԱՏԻ

«Պրոմեթեւս-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Վարդանյանի հավաստիացմամբՙ հոկտեմբերի սկզբներին կսկսի աշխատել քիմգործարանի սուտակի արտադրամասը: Հումքն արդեն ձեռնարկությունում է: Նախկինում այն ստացվում էր Դոնեցկից եւ Ֆրանսիայից: Ներկայումս, ըստ տնօրենի, Դոնեցկում հումքի գները բարձր են, որակըՙ ցածր, իսկ Ֆրանսիայում, ի լրումն սրաՙ պահանջում են նաեւ 3-4 ամիս ժամանակ, որպեսզի պատրաստվեն անհրաժեշտ գրաֆիկով մատակարարել:

- Այսպիսով, - նշեց Վ. Վարդանյանը,- միակ օպերատիվ շուկան Չինաստանն էր, որտեղից էլ ստանում ենք հումքը: Իսկ հոկտեմբերի 15-ին, ինչպես խոստացել ենք վանաձորցիներին ու ՀՀ կառավարությանը, կսկսի աշխատել նաեւ կարբիդի արտադրամասը:

Հումքի զգալի մասն ստացվելու է Ուկրաինայից. գնացքի 17 բեռնված վագոն արդեն ճանապարհին է: Մնացյալ մասը լրացվելու է Հայաստանում:

Արդեն գտնված է նաեւ սպառման շուկան, կնքված են անհրաժեշտ պայմանագրեր: Սուտակն իրացվելու է Թաիլանդում, կարբիդըՙ Ուկրաինայում:

- Ցավոք, Հայաստանը փոքր շուկա է: Մենք հնարավորություն ունենք ՀՀ սահմաններից դուրս 100 տոկոսով վաճառելու մեր արտադրանքը, բայց եթե Հայաստանում գտնվեն մեր արտադրանքի պահանջն ունեցողներ, նրանց եւս կմատակարարենք,- նշեց Վարդան Վարդանյանըՙ համոզմունք հայտնելով, որ երկու արտադրությունների վերագործարկումով «Նաիրիտ» գործարանի արտադրանքի չափ արտադրանք կթողարկվի,- ամիսուկես հետո կայուն արտադրական փուլի կանցնենք, որով ամսական կապահովվի նվազագույնը 200 մլն դրամի արտադրանք:

Գործնականորեն տրամադրված տնօրենը նշեց, որ «Պրոմեթեւս-քիմպրոմը» պատրաստվում է նշված երկու արտադրություններում 100 տոկոսով ապահովել հզորությունները, եւ հաշվարկները հիմա այնպես են արվում, որ գազի ու այլ էներգակիրների ենթադրելի թանկացումները չանդրադառնան արտադրական գործընթացի վրա:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4