«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2005-09-28 | #174, 2005-09-29 | #175, 2005-09-30


ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈԼ Է ԽՓՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸ

Փամուքի դատավարության արձագանքներն օտար մամուլում

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի սեպտեմբերի 15-ի հերթական սյունակից տեղեկանում ենք, որ բազմաթիվ արտասահմանյան թերթեր, այդ թվում հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջոռնլը», «Վաշինգտոն փոստը» եւ «Նյու Յորք թայմսը» համապատասխանաբար սեպտեմբերի 2-ին, 7-ին եւ 10-ին անդրադառնալով թուրք հայտնի վիպասան Օրհան Փամուքի դեկտեմբերին սպասվող դատավարությանըՙ Շվեյցարիայում արած հայտարարության առթիվ իրենց խմբագրականներում դատապարտել են նրա հանդեպ հարուցված մեղադրանքը եւ օգտագործել «ցեղասպանություն» բառըՙ նկարագրելու հայերի զանգվածային կոտորածները: Բրիտանական «Գարդիան» թերթն իր սեպտեմբերի 9-ի խմբագրականում «ցավալի» եւ «լավ նվեր Թուրքիայի թշնամիներին» բառերով է որակել Փամուքին հասցեագրված «Թրքականությունը նսեմացնելու» Աթաթուրքի շրջանի մեղադրանքները, «1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա համարձակ արտահայտությունների համար»: «ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է կարողանան դիմագրավել իրենց անցյալը եւ հարգել խոսքի ազատությունը», գրել է «Գարդիանը»:

Մյուս կողմից, «Ֆայնենշլ թայմսն» իր սեպտեմբերի 5-ի խմբագրականում նշել է, որ հայտնի հեղինակը պարզապես իր վրդովմունքն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի օրերին եւ դրանից հետո Օսմանյան կայսրության հայերի զանգվածային սպանությունների շուրջը ստեղծված «դավադրական լռության» դեմ»: «Իրական աշխարհում աներեւակայելի է, որ Թուրքիան երբեւէ ԵՄ մուտք կգործի, եթե չի կարողանում դիմագրավել իր պատմության այս արյունաշաղախ գլուխը», գրել է թերթը:

Այս թերթերից առաջ, «Ինդիփենդենտի» օգոստոսի 31-ի համարում լրագրող Մորին Ֆրիլին գրել է, որ Օրհան Փամուքին մեղադրանքներ ներկայացնելով «Թուրքիան, առանց դրսի օգնության, գոլ է խփել իր սեփական դարպասը»:

Դժբախտաբար, Փամուքի դեմ ներկայացված մեղադրանքները դատապարտելիս բոլոր թերթերը չէ, որ համարձակվել են օգտագործել «ցեղասպանություն» բառըՙ հայերի կոտորածներին անդրադառնալիս: Դրանցից «Լոս Անջելես թայմսի» սեպտեմբերի 1-ի հոդվածագրիՙ թուրք թղթակից Ամբերին Զամանի խուսափողականությունը հասկանալի է, քանի որ զգույշ պետք է լիներ, այլապես նրան էլ Թուրքիայում կմեղադրեին հունիսին ընդունված «Դամոկլյան» օրենքով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ակնարկների ժամանակ նա դիմել է բուշյան հարուստ գանձարանին, որտեղից ընտրել է «հայերի զանգվածային մահացածություն Առաջին համաշխարհայինի օրերին եւ դրանից հետո» տարբերակը, ավելացնելով. «Թուրքիան վաղուց ի վեր ժխտում է, որ երբեմնի ծաղկուն հայկական համայնքի ավելի քան մեկ միլիոն անդամները զոհ են դարձել 1915-23 թթ. սիստեմատիկ ոչնչացմանը: Հայերը եւ շատ ուրիշներ ցեղասպանություն են որակում կատարվածը»: Սակայն բոլորովին անհասկանալի է «Լոս Անջելես թայմսի» աշխատակիցներից մեկի հոդվածին ավելացրած «Հայերի ենթադրյալ սպանությունները» ենթավերնագիրը: Սա այնքան վրդովեցուցիչ շեղում էր խմբագրության որդեգրած քաղաքականությունից, եւ այնքան ստորացուցիչ խեղաթյուրում, որ ընդամենը մեկ հեռախոսային զանգից հետո, սեպտեմբերի 11-ին ընդունելով իր սխալը, թերթն ուղղում տպագրեց եւ «ենթադրյալ» բառը հանեց: Այնուամենայնիվ, ըստ Հարութ Սասունյանի, երեւի դեռ շատ աշխատանք պետք է տարվի այդ թերթի խմբագրության հետ, որովհետեւ սեպտեմբերի 8-ի համարում դարձյալ Փամուքի մասին տպագրված մեկ ուրիշ հոդվածում թերթը կրկին խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը:

«Հետեւենք իրադարձություններին եւ տեսնենք, թե թուրքերն իրենց ձեռքով ինչպես են խորտակում ԵՄ անդամակցության հեռանկարները», վերջում գրում է Սասունյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4