«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2005-09-28 | #174, 2005-09-29 | #175, 2005-09-30


ՊԱՏՎԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԿՈՒ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ

Մ. Նահանգների մաթեմատիկական ընկերակցությունը Լեսթեր Ֆորդի մրցանակ է շնորհել Քալտեկի համալսարանի պրոֆեսոր Թոմ Ապոստոլին եւ նրա գործընկերոջըՙ Երեւանի պետական համալսարանի նախկին պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանին, «Իզոպերիմետրիկ եւ իզոպարամետրիկ խնդիրներ», «Նոր մոտեցում Արքիմեդի մեթոդին», «Շրջաններ ներառող երկրաչափական պատկերներ» գիտական համատեղ աշխատությունների համար: «Ինձ համար մեծ պատիվ է Ֆորդի մրցանակը կիսել իմ գործընկեր Մամիկոն Մնացականյանի հետ, որի երկրաչափական ուժեղ ընկալման շնորհիվ վերջին տասնամյակում հրատարակեցինք մի քանի աշխատություններ», ասել է նա:

Թոմ Ապոստոլի համրանքի, անալիզի եւ թվի տեսության վերաբերյալ դասագրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, 10 տեսաերիզներով թողարկվել է «Մաթեմատիկական նախագիծ» շարքը, որը նոր շունչ տվեց մաթեմատիկայինՙ հարստացնելով համակարգչային անիմացիայով, կենդանի շարժմամբ, երաժշտությամբ եւ հատուկ հնարքներով: Դրանք առաջին մրցանակների են արժանացել միջազգային տասնյակ փառատոներում, թարգմանվել են եբրայերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Նա հրատարակել է ավելի քան 55 գիրք, 90 գիտահետազոտական աշխատանք, որից 20-ը ստեղծվել է Մամիկոնյանի հետ համատեղ աշխատանքով:

«Դասական երկրաչափությունը ժամանակակից ձեւով եւ ժամանակակից երկրաչափությունը դասական ձեւով: Նոր եւ զարմանալի արդյունքներ երկար դարեր ուսումնասիրված բնագավառներում: Թոմ Ապոստոլի եւ Մամիկոն Մնացականյանի 3 աշխատությունները հակիրճության եւ նրբագեղության մոդելներ են, նորի եւ դասականի հարուստ միաձուլում», այս խոսքերով է ընկերակցությունը բնութագրել նրանց աշխատանքը:

Ֆիզիկոս, աստղաֆիզիկոս եւ մաթեմատիկոս պրոֆ Մնացականյանը խորհրդային տարիներին եղել է Բյուրականի աստղադիտարանի «Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոն»-ի տնօրենը, միաժամանակ դասավանդել Երեւանի պետական համալսարանում:

Վերլուծական մեթոդներով նա ստեղծել եւ զարգացրել է մի շարք տեսություններՙ «Հարաբերականության տեսության ընդհանրացումը գրավիտացիոն փոփոխվող հաստատունով», «Ճառագայթման փոխակերպման տեսության նոր սարքեր», «Նոր մեթոդներ աստղային վիճակագրության եւ դինամիկայի մեջ»: Մամիկոնյանն ավելի քան 80 գիտական եւ հանրամատչելի հոդվածների հեղինակ է:

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո նա զբաղվել է Հայաստանի պետական եւ մանկական հիմնարկների սեյսմիկ անվտանգության հետազոտմամբՙ համագործակցելով Կալիֆոռնիայի մասնագետների հետ: Գիտական հետազոտությունները շարունակվեցին Կալիֆոռնիայում, որտեղ նա հանդիպեց իր իդեալական գործընկերոջն ու ղեկավարինՙ Թոմ Ապոստոլին եւ 1997-ից գիտական աշխատանքի անցավ Քալտեկի համալսարանում:

«Հաճելի եւ արժանավայել առաջադրանք է «միաձուլել ու խառնել ժամանակակից ու դասական երկրաչափությունը»: Զինված առաջադեմ գիտելիքներով, սարքերով եւ ունենալով Թոմ Ապոստոլի նման ղեկավարՙ էկզոտիկ եւ հանդուգն ուղեւորություն կատարեցինք դեպի արքիմեդյան ժամանակները: Արքիմեդը 2000 տարի առաջ հազիվ թե կարողանար առաջ անցնել իր ժամանակից եւ ստեղծեր ժամանակակից հաշվողական համակարգ: Արքիմեդի համար սովորական ուղին բոլորովին չէր տարբերվում անհնարինից: Նա ընտրեց ամենաարագ ուղինՙ պարզը թողնելով հաջորդ անգամվա համար: Եվ քանի որ նրա մտքերը երկնքում էին, երկրային շատ բան մնաց ընդերքում, սպասելով հաջորդ հայտնագործություններին», մրցանակը ստանալիս ասել է Մամիկոն Մնացականյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4