2003-ին Թուրքիայում լույս տեսած Ստամբուլի «Ակօս» թերթի գեղարվեստական էջի պատասխանատու Մայտա Սարիսի հեղինակած «Հայ նկարչության արվեստը» ստվարածավալ պատկերագիրքը նշանակալի երեւույթ էր այդ երկրում: Հայ գեղանկարչությունը վաղնջական շրջանի ժայռապատկերային նախնական արվեստից, միջնադարի մանրանկարչությունից մինչեւ մեր օրերը ներկայացված է հնարավորինս ընդգրկունՙ առանձին շրջաններովՙ ներառելով հայաստանյան եւ սփյուռքյան հայ գեղանկարչության գրեթե բոլոր ուղղություններն ու նրանց ներկայացուցիչներին: Ընդարձակ մի գլուխ հատկացված է Թուրքիայում ապրած եւ ստեղծագործած նկարիչներին ու նրանց աշխատանքներին: Գրքի թուրքերենով առաջին հրատարակությունը թուրք հանրությանը հայ գեղանկարչական հարուստ արվեստին ու պատմությանը ծանոթացնելու նշանակությամբ եւ կարեւորությամբ է պայմանավորված:
Անցած տարի առաջին անգամ Երեւան այցելած Մայտա Սարիսը հուզված էր հայրենիքի ջերմությամբ եւ հիացած հայ ճարտարապետությամբ ու արվեստով: Նա իր տպավորությունները հայտնեց «Ազգի» հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ներքին սերը եւ նվիրումն է կերպարվեստի հանդեպ Մայտա Սարիսին տրամադրել այս ծավալուն, աշխատատար, բայց եւ շնորհակալ գործին:
Նախապես մտահղացված գրքիՙ 3 լեզուներով հրատարակումն արդեն իրագործվելու ճանապարհին է: «Նոր օր» շաբաթաթերթը տեղեկացնում է գրքի անգլերեն հրատարակության մասին: Ձեւավորման եւ բովանդակային տեսանկյունից գիրքը մնացել է անփոփոխ: Այստեղ տեղ են գտել հայ գեղանկարչության բոլոր ուշագրավ դեմքերն ու երեւույթները: Արդի շրջանը սկսվում է Հովնաթանով, ներկայացված են բազմաթիվ կերպարվեստագետներՙ Հ. Այվազովսկի, Հ. Առատ, Լեւոն Քյուրքչյան, Էդգար Շահին, Զաբել Բոյաջյան, Սարգիս Խաչատրյան, Ժանսեմ, Գառզու, Մ. Սարյան, Արշիլ Գորկի, Զարեհ Գալֆայան, Հ. Կալենց, Հ. Հակոբյան եւ ուրիշներ: Հեղինակների կենսագրականները, ծանոթագրական տվյալները, ընդհանուր վերլուծականները կատարվել են հեղինակի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ:
Շապիկին Հ. Հովնաթանի 1850-ին արված Շուշանիկ Նադիրյանի դիմանկարն է, որն այժմ պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Գրքիՙ թուրքերենից անգլերեն թարգմանությունը կատարել է Թայֆուն Էօզուսլուն, խմբագիրն է Գարոլ Սթիվընս Յյուրյուրը: Առաջաբանում հեղինակըՙ Ֆերիտ Էտկիվը, առանձնապես հիշատակում է հայ ժողովրդիՙ իբրեւ փոքրամասնություն, թուրքական արվեստին մատուցած անգնահատելի ծառայության մասին: Գիրքը տպագրվել է «Ակօս» հրատարակչատանը, որի տնօրենն է Օշին Չիլինգիրը:
Գրքի հաջորդ հրատարակությունը հեղինակը մտահղացել է կատարել հայերենով:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ