«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2005-09-29 | #175, 2005-09-30 | #176, 2005-10-01


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՈՒ ՊԱՀԱՆՋ

«Հայրենադարձության մասին» օրենքի ընդունման եւ հայրենադարձության գործընթաց մեկնարկելու կապակցությամբ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Տիգրան Թորոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, ինչպես նաեւ ՀՀԿ, ՕԵ, «Արդարություն», ՀՅԴ, ՄԱԿ խմբակցությունների ղեկավարներին, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավարին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, որում իր տեսակետներն է ներկայացրել հայրենադարձության ազգային քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու վերաբերյալ: Միության համոզմամբ, Հայաստանում ներկայումս ընթացող սահմանադրական բարեփոխումները եզակի հնարավորություն են ստեղծում ամրագրելու հայրենադարձության կարեւորությունը, ինչը նկատի ունենալով միությունը կոչ է անում անհապաղ նախաձեռնել հետեւյալ միջոցառումներըՙ նախքան ՀՀ սահմանադրության բարեփոխված տարբերակի հանրաքվեն, մշակել եւ ընդունել «Հայրենադարձության մասին» օրենքը, որի մեջ կհստակեցվեն հայրենադարձի կարգավիճակը, արտոնությունները, կամրագրվի ամենամյա հայրենադարձության պետական ծրագրի ընդունման կարգը եւ այլն: Օրենքի մեջ կարեւորել հետեւյալ հիմնադրույթներըՙ հայրենադարձությունը պետք է կազմակերպի պետությունը, ազգությամբ հայ յուրաքանչյուրին տալ հայրենադարձվելու իրավունք, հայրենադարձության դեպքում առանց որեւէ նախապայմանի ճանաչել ՀՀ քաղաքացի:

Միությունն առաջարկում է մշակել եւ ընդունել «Հայրենադարձության եւ տարաբնակեցման պետական ծրագիր», որտեղ կամրագրվեն հայրենադարձների հարմարման եւ ինտեգրման կոնկրետ միջոցառումները, սոցիալական իրավունքների պաշտպանությունն ու որոշակի սահմանված ժամկետում տնտեսական գործունեության ազատությունը եւ բարենպաստ պայմանների երաշխավորումը:

Արտերկրում ապրող հայությունը, միության համոզմամբ, պատրաստ կլինի հայրենադարձության միայն վերոնշյալ միջոցառումների իրականացման դեպքում: Հայրենադարձ յուրաքանչյուր խմբի եւ ենթախմբի համար անհրաժեշտ է դրսեւորել տարբերակված մոտեցում, անհրաժեշտ է տարբերակել նաեւ ավանդական սփյուռքը, որի հիմքն են կազմում Մեծ եղեռնից փրկվածներն ու հետխորհրդային ժամանակաշրջանի արտագաղթից առաջացած «նոր սփյուռքը»:

Նամակում նշվում են նաեւ վերջին 1,5 տասնամյակի արտագաղթի խիստ բացասական ազդեցությունն ու հետեւանքները, որոնք շոշափելի կլինեն նաեւ առաջիկա տասնամյակներում: Մասնավորապես առանձնացվում է տղամարդկանց թվի նվազումը, որը պատճառ է դարձել ամուսնությունների եւ աճող ընտանիքների թվի կտրուկ նվազման, նշվում են նաեւ բնակչության ծերացումը, ծնելիության անկումն ու երեխաների թվի նվազումը: Մտահոգիչ են համարվում ազգային բանակ զորակոչվողների թվի նվազումը, բնակչության ներքին տեղափոխությունները եւ այլ խնդիրներ: Արտագաղթի պատճառած եւ պատճառելիք վնասները վերացնելու համար հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը բավարար չի համարում բնակչության հետագա արտահոսքը խոչընդոտող հնարավոր միջոցառումները: Նա համոզված է, որ եկել է հայրենադարձության ազգային քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու ժամանակը:

Ռ.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4