ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Վերջին տարիներին չեմ հանդիպել Հայոց ցեղասպանության մասին ավելի բովանդակալից գրքի, քան Օսման Քյոքերի այս ալբոմ-ուսումնասիրությունը: Բազմաբովանդակ ու բազմաշերտ: Մի աշխատություն, որը մյուս գրքերի նկատմամբ ունի առավելությունը արագ հայացքով պատկերացնելու 1900-1914 թթ.-ին այժմյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի կեցությունն ու կացությունը: Այլեւ, միաժամանակ, լինելու այնքան խորը եւ խորիմաստ, որ յուրաքանչյուր էջ եւ էջի յուրաքանչյուր անկյուն պահանջի խորազնին հետաքրքրություն, եթե ոչՙ ուսումնասիրում, անգամՙ խոշորացույցի օգնությամբ:
Ասացիՙ գիրքը Հայոց ցեղասպանության մասին է: Սակայն 400 էջանոց մեծադիր հատորում ոչ մի տող չկա Ցեղասպանության մասին: Պարզապես հայերն այնտեղ ենՙ Էդիրնեում, Բուրսայում, Բիլենջիկում, Քյոթահիայում, Ռոդոստոյում, Ադաբազարում, Զմյուռնիայում, Պոլսի տարբեր թաղամասերում եւ արվարձաններում, Ադանայում, Այնթապում, Մարաշում, Զեյթունում, Կեսարիայում, Քոնիայի, Քասդամունիի եւ Անգորայի վիլայեթներում, Մարզվանում, Տիգրանակերտում, Ուրֆայում, Խարբերդում, Երզնկայում, Բիթլիսում, Մուշում, Վանում, Էրզրումում, Կարսում եւ մյուս վայրերում: Մինչեւ 1914 թ. հայերն այդ վայրերում էին իրենց եկեղեցիներով, վանքերով, վարժարաններով ու քոլեջներով, որբանոցներով, հիվանդանոցներով, արդյունաբերական եւ առեւտրական իրենց ձեռնարկություններով, հյուրանոցներով, արհեստանոցներով ու խանութներով, լուսանկարչատներով, թերթերով ու տպարաններով: Հայերն այնտեղ էինՙ կենսունակ ու բարգավաճ, իրենց համայնքային կառույցներով, գրեթե եվրոպական նիստ ու կացով, հարյուրավոր, գուցե հազարավոր տարիների իրենց քաղաքակրթությամբ: Այնտեղ էին, հիմաՙ չեն:
Կայինՙ չկան:
Միթե սա չէ՞ ցեղասպանության էությունը: Անէացման, ոչնչացման քիմիան, որը թուրք կամ թուրքերեն ընթերցողի ուղեղում անկասկած ռեակցիաներ է առաջացնելու: Իսկ ի՞նչ եղան նրանք, այդ բնակավայրերի նախկին բնակիչները: Բոլո՞րն էին «քոմիթաջի», ապստամբ, «նեղ պահին օսմանյան պետությանը մեջքից դաշունահարողներ»: Ինչո՞ւ բռնագաղթվեցին, ինչպե՞ս բռնագաղթվեցին, ո՞ւր բռնագաղթվեցին: Այնուհետեւ ի՞նչ պատահեց նրանց, քանինե՞րը մնացին գաղթի ճանապարհներին, որքա՞նը հասավ «ապահով» հանգրվան եւ դարձավ սփյուռք:
Այս եւ նման հարցադրումներ ապահովաբար առաջանալու են թուրք ընթերցողի ուղեղում, քանզի գիրքը թուրքերեն է, խմբագիր-հեղինակըՙ թուրք, հրատարակիչըՙ Բիրզամանլար Յայինջիլիկըՙ նույնպես:
Ընթերցողը հավանաբար կռահեց, որ գրախոսվող գիրք-ալբոմը բաղկացած է լուսանկարներից: Սակայն ի տարբերություն վավերագրական այլ լուսանկարների, սրանք փոստային բացիկների (carte postale) վերատպություններ են, հետեւաբար շատ ավելի վավերական եւ վավերագրական, քանզի կրում են, բացի ուղարկողի մակագրությունից, օսմանյան փոստային ծառայությունների կնիքն ու դրոշմանիշերը, նաեւՙ ստացող երկրի փոստային կնիքը:
Փոստային բացիկները, որոնք նախորդ դարասկզբին եւ այնուհետեւ մինչեւ հեռախոսի, ֆաքսի եւ ինտերնետ կապի ժամանակակից դյուրությունները շատ էին տարածված հատկապես կարճ նամակագրությունների, ճանապարհորդական ողջույնի կամ շնորհավորական գիրերի համար, սոսկական լուսանկարների նկատմամբ ունեն նաեւ մեկ ուրիշ առավելությունՙ դրանք ընդհանրացնող բնույթ եւ հասարակական գործածություն ունեն, ընդհանրապես լինելով բնության կամ քաղաքային տեսարաններ, ճարտարապետական կոթողների, կրթական, բժշկական, առեւտրային եւ այլ հաստատությունների լուսանկարներ կամ գծանկարներ: Իսկ այս պարագայում դրանցից շատերը նվիրված են նաեւ հիշարժան դեպքերի եւ իրադարձությունների, ինչպեսՙ 1908 թ.-ի Օսմանյան սահմանադրության ընդունման առթիվ հայ եւ թուրք, նաեւ հույն եւ հրեա խանդավա՜ռ, եղբայրակա՜ն հանրահավաքներին... եւ դրանց հեգնորեն հակասողՙ մի քանի ամիս հետո Ադանայում տեղի ունեցած կոտորածների հետեւանքներինՙ հայկական թաղամասի, դպրոցների ու եկեղեցու հրդեհում, փլատակների, դիակների տեղափոխում, ջարդերից հետո հավաքված որբուկների պատսպարաններ:
Ալբոմի տիտղոսաթերթից եւ հեղինակի առաջաբանից պարզվում է, որ փոստային բացիկները, դրանց կցված ծրարները տրամադրվել են իտալացի հավաքորդ Օրլանդո Կարլո Կալումենոյի կողմից: Վերջինիս հայկական եւ հունական հավաքածոն, ինչպես նշում է հալեպահայ լրագրող Սալբի Գասպարյանը Օսման Քյոքերի հետ ունեցած հարցազրույցում (տեսՙ «Զարթօնք»-ի 2005 թ. ապրիլի 24-ի բացառիկ համարը), բաղկացած է շուրջ 4000 փոստային բացիկներից ու ծրարներից, որոնցից ընդամենը 750-ն է ընդգրկվել գրախոսվող ալբոմում: Մոր կողմից հայ Օրլանդո Կարլո Կալումենոյի հավաքածոյի 500 բացիկները ալբոմի հրատարակության օրերին առանձին ցուցահանդեսով Ստամբուլում 2005 թ. հունվարի 7-19-ը ներկայացվել են «Սիրելի եղբայրս» ընդհանուր խորագիրը կրող ցուցահանդեսում: Այդ ցուցահանդեսի նպատակն է եղել, վերոհիշյալ հարցազրույցում խոստովանում է ալբոմի հեղինակըՙ լրագրող-պատմաբան Օսման Քյոքերը, ոչ միայն ներկայացնել մինչեւ 1914 թ. Օսմանյան պետության տարածքում ապրող հայության մշակութային ու տնտեսական վերելքը, այլեւ թուրք հանրությանը ցույց տալ հայերի նպաստը Թուրքիայի զարգացման գործում: Քանզի, ինչպես ասում է Քյոքերը, «հայերն ալ պետք է ընդունին, որ թուրք հանրության մեծամասնությունը շատ բան չի գիտեր հայերու ունեցած այստեղի ստեղծագործ կեանքի մասին, ապատեղեկատուութեան եւ խեղաթիւրումներու քաղաքականութեան պատճառաւ այստեղ մարդիկ չեն ճանչնար հայուն այս երկրին բերած ստեղծագործական աւանդը»: (Նույն տեղում):
Գրքում այդ ավանդի որպես ապացույց առանձնահատուկ կերպով ներկայացվում են հայկական կրթական օջախներըՙ դպրոցները, լիցեյները, Խարբերդի, Այնթապի, Մարզվանի, Էրզրումի նշանավոր քոլեջները, որոնք իրենց մակարդակով չէին զիջում մերօրյա համալսարաններին: Որոշ բացիկներում պատկերված են շարքով դպրոց մտնող աշակերտներՙ շատ ճաշակավոր եւ վայելուչ համազգեստներով: Գիրք-ալբոմում, որի էջերը երբեմն պահանջում են խոշորացույցի օգտագործում, շատ են անակնկալ հանդիպումները... մեր անցյալի հետ: Երբեմն փոստային մի բացիկի մեջ նշմարվում են միանգամից մի քանի հայկական դպրոցների ցուցանակներ, կողքինՙ եկեղեցու անխուսափելի գմբեթով: Նույնըՙ շուկայի տեսարաններում, հայապատկան մի քանի խանութներ եւ արհեստանոցներՙ հայերեն, օսմաներեն, ֆրանսերեն եւ հունարեն ցուցանակներով: Մեծ թիվ են կազմում, բնականաբարՙ գովազդային նպատակներով, հայերին պատկանող հյուրանոցներն ու պանդոկները: Ոչ միայն Մկրտիչ Թոքաթլյանի շքեղաշուք հյուրանոցները Բերա փողոցում կամ Բոսֆորի ափին, այլեւ փոքրիկ պանդոկները գավառային քաղաքներում իրենց եվրոպական մեծադղո՜րդ անուններով: Նմանապեսՙ մետաքսի, հյուսվածքեղենի, կոշիկի, ոսկերչական, ադամանդի հղկման արհեստանոցներն ու արտադրամասերը: Հայերը Թուրքիայի արդյունաբերությունը, առեւտուրն ու զբոսաշրջությունը զարգացրել են առանց դույզն իսկ կռահելու ահավոր գալիքը...
Շատ հետաքրքրական են փոստային բացիկների ձեռագիր մակագրությունները: Հայերեն, հայատառ թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ անգլերենՙ դրանք մեծամասամբ բարեւագրեր են, առեւտրական բնույթի կարճ գրություններՙ Թուրքիայի այս քաղաքից մյուսը ուղարկված, իսկ ավելի հաճախՙ դեպի եվրոպական ոստաններ: Բայց կան նաեւ մտերմական, նույնիսկ ներընտանեկան սրտառուչ նամակագրություններ, որոնցից մեկը Ստամբուլից ուղարկված է Կահիրե, ոմն Մարիի կողմից քրոջըՙ Կարո Բալյանի տիկնոջըՙ Հայկանուշին:
«Սիրելի Հայկանուշ, գրում է Մարին, լիմոնը կիսելէն վերջը քիչ մը քամուելէ յետոյ քիչ մը մեղրամոմ, 2 կամ 3 կունտ խունկ, 5 կամ 6 կաթիլ ալ ձէթ, այդ ամէնը քիչ քամուած լիմոնի մէջ դնելով ածուխի մաղմաղ կրակի վրայ եփուելու է, պոմադ (ֆրանսերենՙ խյուս) մը կ՛ըլլայ, գիշեր-ցերեկ քսելու է օրը երկու անգամ: Քսելէդ առաջ նախ բեն (ֆրանսերենՙ լվացում, լոգանք) պիտի ընես գաղջ ջուրով եւ ապա սիգարետի թուղթ մը պիտի գոցես վրան: Տղուն բերանը տուած ատենդ ալ պիտի լուաս: Բաց մի՛ վախնար, վնասակար դեղ մը չէ: Սա ալ ըսեմ, թէ կը ցաւի կոր ըսելով չքսել չընես: Պիտի տեսնաս, երկու անգամ քսելէդ վերջ պիտի անցնի: Համբոյրներովՙ Մարի»:
Ըստ երեւույթին Հայկանուշը կրծքի երեխա ունի, բայց կրծքերը բորբոքվել են, եւ Ստամբուլից քույրիկը բացատրում է, դեղագիր է ուղարկում, թե ինչ պետք է անի բորբոքումն անցկացնելու, երեխային կերակրելու համար:
Ու պատկերացնել, որ այդ գրությունները, բացիկի ու ծրարի վրայի յուրաքանչյուր նշում կամ մակագրություն թարգմանված է թուրքերենիՙ համապատասխան մանրամասն բացատրություններով, յուրաքանչյուր տեղանքի, քաղաքի եւ վիլայեթի մասին գունավոր քարտեզներով ու տեղեկություններով, հատկապես հայերի թվի, մշակութային, կրթական, կրոնական եւ այլ մանրամասնություններով: Հայերեն տեքստերի թարգմանությունը կատարել են Թագուհի Թովմասյան Զամանը, Ալլետ Ինչիդյուզենը եւ Նարոտ Էրքոլը: Հայկական աղբյուրների, պատմական եւ այլ տեղեկությունների հայթայթման գործում հեղինակին մեծապես նպաստել է Բեյրութից հմուտ բանասեր, պոլսահայ գրականության մասնագետ Կարո Աբրահամյանը, որին Քյոքերը առանձին շնորհակալություն է հայտնել գրքի առաջաբանում:
Ի դեպ, Օսման Քյոքերը Ս. Գասպարյանին տված հարցազրույցում նշում է, որ գրքի հրատարակման եւ հարակից ցուցահանդեսի կազմակերպման գործում կտրականապես խուսափել է հայերից որեւէ լումա վերցնելուց: Նա ծախսերն ապահովել է, ինչպես ինքն է ասում, «այս գործին հաւատացող թուրք բարեկամներու աջակցութեամբ»: Պատճառն ավելի քան պարզ էՙ «խուսափելու համար գործը պատուէրով կատարած ըլլալու տարաձայնութիւններէն»:
Մենք չգիտենք տակավին, թե ինչ հակազդեցություն են ունեցել այս գործին թուրքական ազգայնամոլ շրջանակները եւ պետական համապատասխան հիմնարկները: Գիտենք միայն, որ վերոհիշյալ ցուցահանդես օրական շուրջ 1000 մարդ է այցելել: Այսուհանդերձ վստահ ենք, որ հեղինակը բազմաթիվ խոչընդոտներ է ստիպված եղել հաղթահարելՙ սկսելով հրատարակիչ գտնելու արկածախնդրությունից: Բոլորը մերժել են, ինչպես խոստովանում է նա վերոհիշյալ հարցազրույցում:
«Քաղաքական նկատառումներով ոչ մէկ հրատարակչատուն համաձայն գտնուեցաւ այս ձեւով եւ այս բովանդակութեամբ ներկայացնելու գործը»: Ստիպված, Թուրքիայում լույս տեսնող պատմագիտական լրջագույն հանդեսներից մեկիՙ «Toplumsar Tarih»-ի խմբագիր Օսման Քյոքերը հիմնել է իր անձնականՙ «Բիրզամանլար յայինջիլիք» հրատարակչությունը եւ տպագրել գիրքը:
Սա գիտակցված խիզախության եւ մտավորական պարկեշտության արտահայտություն է: «Հաւատացէք, ասել է Քյոքերը հայ լրագրողուհուն, շատ ծանր է ինծի համար խօսիլ այս մասին... այս գործը պատրաստելու ատեն իւրաքանչիւր նկարին նայեցայ, իւրաքանչիւր նկար դիտեցի զայն կորսնցուցած հայու աչքերով... անոր ցաւով ու կարօտով դիտեցի այդ բոլորը... Իզմիրի քարտ-փոստալներէն մէկուն մէջ հինգ հայ երախաներ կան, որոնց պատկերը անբաժանելի է ինձմէ, յաճախ կը մտածեմ, թէ ո՞ւր գացին անոնք... ո՞ւր ապրեցան, ի՞նչպես ապրեցան, ապրեցա՞ն... Եվ աչքերս արցունքներով կը լեցուին... Հաւատացէք, շատ նկարներու մինչեւ հիմա առանց արցունքի չեմ կրնար նայիլ... Հանգիստ չեմ կրնար նայիլ ալբոմ-գիրքիս նկարներուն»:
Հավատում ենք:
Խմբ. կողմից- Խմբագրությունը խորին շնորհակալություններ է հայտնում Դետրոյթից հայտնի ճարտարապետ պրն Հովսեփ Սարաֆյանին եւ Հայաստանում ՀԲԸՄիության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն պրն Աշոտ Ղազարյանին թանկարժեք այս գիրք-ալբոմը «Ազգ»-ի գրադարանին նվիրելու համար:
Հարկ ենք համարում այստեղ ներկայացնել ալբոմի հեղինակի էլ հասցեն.- info@birzamanlaryayincilik.com