Հանդիպում ամերիկահայ հոգեբույժ Հակոբ Աքիսկալի հետ
Ամերիկահայ հոգեբույժ Հակոբ Աքիսկալը վերջերս Երեւանում էր. իր հետ հանդիպեցի մեկնելու նախորդ երեկոյան: Մեկ-երկու ժամվա զրույցը, կենսագրական եւ գիտական գործունեության համառոտ տեղեկություններն անկասկած բավարար չեն ըստ հարկի ներկայացնելու միջազգային համբավի տեր գիտնական-հոգեբույժին, այնուհանդերձ, փորձեմ ներկայացնել Հայաստանում գրեթե անծանոթ սփյուռքահայ մեր հայրենակցին: Խորաթափանց, երազային հայացքով հանդարտաբարո մարդ է Հակոբ Աքիսկալը, որ Երեւան էր եկել իր նրբաճաշակ տիկնոջ Քնարիկ Աքիսկալի հետ: Խոսում է մատչելի հայերենովՙ «արեւելահայերենը հոս կարելի չէ շրջանցել» ասելով. «Մենք Ամերիկայի մեջ հայերեն խոսելու շատ առիթ չունինք, ուրախ եմ այս զրույցին համար, որովհետեւ մեր խարիսխը զորավոր նետված է հայության վրա»: Մասնագիտությամբ հոգեբույժ Աքիսկալի հետ մեր զրույցը հաճախ շեղվում էր դեպի արվեստն ու արվեստագետները եւ նկատելի էին նրա ներքին նախասիրության մեկ այլՙ գրական հակումները:
Հակոբ Աքիսկալը ծնվել է Բեյրութում, սովորել Հովակիմյան-Մանուկյան դպրոցում, որտեղ աշակերտել է սփյուռքահայ գրողներ Վահե-Վահյանին, Զարեհ Մելքոնյանին: Գրական ձիրքեր ցուցաբերել է դպրոցական տարիներից, գրել է բանաստեղծություններ եւ պատմվածքներ, աշխատակցել «Շիրակ» եւ ավանգարդիստական թեքումով «Ահեկան» ամսաթերթերին:
Բեյրութի ամերիկյան համալսարանում է ստացել հոգեբույժի մասնագիտական կրթությունը, եւ շարունակել է գրել բանաստեղծություններ անգլերենով եւ տպագրվել համալսարանական թերթում: Այստեղ նա իր ուսանողության լավագույն տարիներն է անցկացրել, որոնց մասին հետագայում ջերմությամբ է հիշելու. «Ես 1944-ից մինչեւ 69-ը լիբանանյան ոսկե դարին մեջ ապրեցա, հրաշալի ժամանակ էր այդ շրջանը եւ համալսարան ընդունվելեն ետք, մանավանդ հիվանդներու հետ շփվելով, սկսա մասնագիտությունս շատ սիրել: Ժամանակի պահանջքն էր, որ ես հոգեբույժ պիտի ըլլայի»:
Հակոբ Աքիսկալը մասնագիտական հետագա ուսուցումը շարունակել է ԱՄՆ-ումՙ Թենեսիի (Մեմֆիս) եւ Վիսկոնսինի (Մեդիսոն) համալսարաններում: Այժմ նա Կալիֆոռնիայի Սան Դիեոգոյում գտնվող Աֆեկտիվ միջազգային կենտրոնի ղեկավարն է, գլխավորում է նաեւ Համաշխարհային հոգեբուժության ընկերակցության մասնավոր պրակտիկայի բաժանմունքը: Պրոֆ. Աքիսկալը հոգեբույժների արքայական քոլեջի (Մեծ Բրիտանիա), Հունգարիայի եւ Պերուի հոգեբուժական ընկերակցությունների պատվավոր անդամ է, ինչպես նաեւ Ֆրանսիայի դեպրեսիվ եւ մանիակալ-դեպրեսիվ խանգարումների ընկերակցությունների Ազգային միության պատվավոր նախագահ: 2004-ին ընտրվել է Ֆրանսիայի ազգային բժշկական ակադեմիայի անդամՙ նման պատվիր արցժանացած առաջին հայը: Նա մինչ այդ պատվավոր դոկտորի աստիճան ստացել էր Լիսաբոնի (2003-ին), իսկ 2005-ինՙ Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարաններից:
Հոգեբանության մեջ ուշագրավ նորություն էր Հ. Աքիսկալիՙ դեպրեսիաներին վերաբերող ինտեգրատիվ տեսությունը, հետագայում նա պարզեց խրոնիկական դեպրեսիաներիՙ բուժելի խանգարումներ լինելու պարագան: Մանկական երկբեւեռության նախադրյալների խորը վերլուծությունը նպաստեց մարդու խառնվածքային, բնավորության գիտական-բժշկական ուսումնասիրությունների հետազոտական աշխատանքներին, մասնավորապես երկբեւեռ խանգարումների ոլորտում: Աքիսկալն առաջին անգամ ուսումնասիրել է ամբուլատոր հիվանդների հոգեկան խանգարումները: Իր գիտական աշխատությունները ընդգրկում են դիսթիմիայի, երկբեւեռ մանիայի, հիպոմանիայի, տագնապային երկբեւեռության, աղետների բժշկության ասպարեզները:
5 լեզուների տիրապետող ամերիկահայ հոգեբույժն ավելի քան 500 գիտական աշխատությունների եւ 20 գրքերի հեղինակ է, գլխավոր խմբագիրն է «Աֆեկտիվ խանգարումներ», «Փսիխոպաթոլոգիա» ամսագրերի: Տիկնոջՙ Քնարիկի հետ ուսումնասիրել եւ հրատարակել են գիրք ֆրանսիացի նկարիչների ու ամերիկյան բլյուզ երաժիշտների խառնվածքի եւ ստեղծագործական պրոցեսի հետ առնչվող երեւույթների մասին:
Հ. Աքիսկալի գիտական գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույն: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ ոսկե մեդալների (Հոգեբույժների համաշխարհային ընկերակցության բարձրագույն Ժան Դը Լեի մրցանակ, ամերիկյան հոգեբույժների ընկերության կողմիցՙ նախագահական մրցանակ, ստացել է Էլիս Այլենդի անվան պատվավոր մեդալ «բացառիկ ազգային մարդասիրական ծառայության համար» եւ տասնյակներով այլ մրցանակներ):
1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ղեկավարել է Հայաստան ժամանած ամերիկյան հոգեբույժների պատվիրակությունը:
Այս անգամ պրոֆ. Աքիսկալը հրավիրված էր մասնակցելու գիտական կոնֆերանսին: Նա դասախոսություն կարդաց երիտասարդ բժիշկների համագումարին: Նրան շնորհվեց Հայաստանի ԳԱ ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:
- Պրոֆեսոր, Դուք քանիցս այցելել եք Հայաստան, ունե՞ք արդյոք անցումային փուլում գտնվող երկրների ժողովուրդների, այդ թվում մեր հոգեբանական վերլուծական ուսումնասիրությունների տվյալներ:
- Ես անձնապես նման ուսումնասիրություն չեմ կատարած ի բացառյալ Հայաստանի երկրաշարժեն: Այն երկիրները, որ կանցնին շրջաններ, ուր անկայուն է ամեն ինչ, եւ հողը իրենց ոտքին տակ հաստատ չէ, այդ ժողովուրդներու մեջ շատ տարածված է մաղձոտական հիվանդությունը եւ մանիակալ դեպրեսիանՙ երկբեւեռությունը: Այս երեւույթը ուսումնասիրված է միջազգային առողջապահության միության կողմե եւ գտած են, որ այն ավելի այր մարդոց, քան կիներու մեջ կպատահի, որովհետեւ կինը ավելի հողին մոտ է, կինը զավակ կունենա եւ ձեւով մը կապված է կյանքին, մինչդեռ այր մարդը ինքզինք օտար կզգա, գործ չունի, այդ պատճառով այր մարդիկ երկրեն ավելի կարտագաղթեն: Իրենց անկայուն վիճակին մեջ անոնք անհանդարտ են, ավելի կխմեն, թղթախաղ կխաղան, ավելի արկածախնդիր կամ անհավատարիմ կդառնան, երբեմն կրոնական խումբերու մեջ կմտնեն. կուզեն խարիսխ մը ունենալ: Մարդկային ուղեղի ամենահին սիստեմը, որ կկոչվի սերոտոնինի սիստեմ, կկարգավորե մեր կյանքը, գործունեությունը, ակտիվությունը: Այսօր աշխարհը տեսակ մը խանգարված վիճակի մեջ է, եւ այդ սերոտոնինի սիստեմը արդեն կարող չէ կարգավորելու մարդոց վիճակը: Նկատի ունիմ երկրաշարժը, Սովետ Միության փլուզումը, Արեւելյան Եվրոպայի կամ լատինամերիկյան երկիրներու վիճակը: Այսօր հոգեբուժական հիվանդություններու, որոնք կապ ունին սթրեսներու հետ, թիվը շատնալու վրա է եւ առաջին տասը գլխավոր հիվանդություններու մեջ կիյնան. սիրտի, քաղցկեղի հիվանդություններեն ետքը 3-րդը արդեն դեպրեսիան է, թիվ 10-ը անձնասպանությունն է: Պիտի նկատի առնել, որ սիրտի հիվանդությունը, շաքարախտը շատ մեծ կապ ունին մարդոց կենցաղի անկանոնության հետ: Անկանոն ճաշելը, կյանքի արագ ընթացքը առաջ կբերեն անկանոնություն մը ուղեղին մեջ, ե՛ւ հոգիին մեջ, ե՛ւ միտքին մեջ:
Հուսալքությունը, մինակությունը, ընտանիքին քայքայումը դարձած են գլխավոր հարցերըՙ հոգեբուժության, հոգեբանության, ընկերաբանության: Պետք է կրոնքն ալ դնենք ասոնց կողքին, որ կարեւոր դեր մը ունի մարդոց կյանքը կանոնավորելու, կյանքին իմաստ մը տալու: Այս բոլորը իրարու հետ առնչվող հարցեր են այլեւս եւ անոնց պետք եղած դարմանումը չկա: Այսօր աշխարհի մարդոց քառասունեն հարյուրը սփյուռք են: Մարդիկ կծնին մեկ տեղ, կապրին մեկ այլ տեղ, կմեռնին ուրիշ տեղ;
- Նման անհաստատ, անկայուն հոգեվիճակներում ի՞նչը կարող է մարդու համար դառնալ հոգեկան նեցուկ, խարիսխ:
- Մենք սոցիալ կենդանիներ ենքՙ մարդը, կապիկը, օրանգութանը: Ես ուսումնառության վաղ շրջանիս փորձեր կատարած եմ կապիկներու վրա: Եթե կապիկը իր մոր կամ ընկերներուն հետ չփաթթվի, չողջագուրվի, չխաղա, այդ մտերմությունը տեղի չունենար, չի կրնար ողջ մնալ: Նույնքան կարեւոր է այդ ֆիզիկական մտերմությունը մեզի համար. ֆիզիկական շփումը, որ սեռային չէ, գուրգուրանքը ըսել կուզեմ: Սիրված ըլլալու, մեկու մը հետ կապված ըլլալու զգացումն է, որ այս դարուս կրնա անձը ազատել այս վիճակներեն: Բայց մարդիկ կանՙ այնչափ ծանր հարվածներու ենթարկված են, որ կարող չեն այդ մտերմությանՙ գուրգուրանքը տալու կամ առնելու: Կապիկներու մեջ փաստված է, որ գուրգուրանքը, մտերմությունը ավելի կարեւոր է, քան թե մոր տված կաթը: Եթե առիթը տաս, որ կապիկը արհեստական մայր մը ունենա իրեն կաթ տվող եւ ուրիշ մը, որ կաթ չի տար, բայց գուրգուրոտ է, կնախընտրե վերջինը. ասիկա կարեւոր երեւույթ մըն է, որ կպատահի նաեւ մարդոց աշխարհի մեջ:
Մենք ալ ասկե հազարավոր տարիներ առաջ խումբերու, համայնքներու մեջ կապրեինք:
- Այո, բայց այսօր շատ նկատելի են մարդկանց ներքին մենակությունից ծնված հոգեկան անձուկ վիճակները, մարդկանցից խուսանավելու տրամադրությունները:
- Այս առանձնությունը մարդս կխարխլե: Եվ այսօրվան ողբերգությունը մարդ արարածինՙ իր հոգիին ընկերը չկարենալ գտնելն է: Եվ որեւէ հիվանդությանՙ ֆիզիկական թե հոգեկան, արդյունքը շատ ավելի վատ է, եթե կապ մը չունի ուրիշ անձերու հետ: Ամենեն հասարակ պարագան առնենքՙ ինքնասպանությունը տեղի կունենա այն մարդոց մեջ, որ կրոնք չունին, մինչդեռ կաթոլիկությունը կպաշտպանե անոնց: Բողոքականները ավելի հաճախ անձնասպան կըլլան, քան կաթոլիկները, իսկ մահմեդականները նվազ անձնասպան կըլլան, որովհետեւ հոս միայն հավատքի պարագան չէ, այլեւ համայնքի զգացումը, իսկ բողոքականությունը ինդիվիդուալիստական է ավելի: Այս բոլոր ընկերային, կրոնական, փիլիսոփայական հարցերը ազդեցություն ունին հոգեբուժական հիվանդություններու վրա, բայց կան եւ ժառանգական ազդակներ: Ան որ ժառանգական ազդակներ ունի, այսպիսի կացության մեջ չի տոկար: Սակայն կա նաեւ այլ կողմ, նման կացության մեջ կրնա ծնիլ էքզիստենցիալիզմը, մեծ արվեստ մը կրնա ստեղծվիլ:
- Հայերը տոկո՞ւն են:
- Չեմ գիտերՙ տոկուն են, թե ոչ: Բայց մեր ազգը կարողություն ունի ինքզինք վերաստեղծելու:
- Կատարե՞լ եք արդյոք էթնիկ հոգեբանության ուսումնասիրություններ, ինչո՞վ են պայմանավորված ժողովուրդների խառնվածքները, հոգեբանությունը:
- Ճիշդ այդ հարցն է, որ ես եւ տիկինս կուսումնասիրենք, նոր հատոր մը հրատարակեցինքՙ թարգմանված 16 լեզուներովՙ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն, պորտուգալերեն, գերմաներեն, թուրքերեն, ճապոներեն, ռուսերեն, հայերենը նոր թարգմանվեցավ: Մենք կուսումնասիրենք տարբեր ժողովուրդներու խառնվածքը. ֆրանսացիք, օրինակ, ավելի սակլոթըյմիկ են (վերվար), իտալացիքՙ հայփրթըյմիկ (վեր), ճապոնացիք լուրջ են, հայերը զգացական են, օպսեսյոներ (մտասեւեռուն) ժողովուրդ ենք, քիչ մը դեպրեսիվ, թուրքերը իրիթաբլ ժողովուրդ ենՙ դրությամբ բարկացող եւ վախցող, լիբանանցիները ամենեն բարձր տրամադրություն ունեցողն են: Ասոնք պայմանավորված են որոշ չափով ժառանգականությամբ, որոշ չափով կլիմայի հետ կապ ունին:
- Ասացիք, որ աշխարհը «տեսակ մը խանգարված է», մարդկանց 40 տոկոսը հայրենիքից դուրս է բնակվում, անկայուն հոգեվիճակներ ունեն: Հոգեբուժությունը ինչպե՞ս է օգնում մարդուն:
- Այս բոլորըՙ մարդաբանություն, ընկերաբանություն, կոնտեքստ է միայն, որուն մեջ ժառանգականությունը կբերե իր դերը: Բայց հոգեկան հիվանդություններու գլխավոր պատճառները ասոնք չեն, գլխավոր պատճառները ավելի խորունկ են: Օրինակ, շիզոֆրենիան, մանիակալ դեպրեսիան, նեւրոզները ժառանգական հիմքեր ունին եւ զանոնք պետք է դարմանել ինչպես ֆիզիկական հիվանդությունները: Ասիկա կարեւոր նյութ մըն է հասկնալու համար, որովհետեւ մարդիկ կվախնան հոգեբույժի քով երթալեն:
- Այս երեւույթը մեզանում նկատելի էր հատկապես սովետական տարիներին:
- Սովետների ժամանակ հոգեբույժների նկատմամբ կեցվածքը դրական չէր, այլախոհներու հարցը կար նաեւ: Շատ լավ սովետ հոգեբույժներ կային թե Հայաստանի մեջ, թե Մոսկվայի մեջ հատկապես, բայց հոգեբուժությունը ընդունված չէր, բուրժուական կնկատվեր, մեթոդները պավլովյան էին, դեղորայքը պետք եղածին չափ գոյություն չուներ: Սակայն այս երեւույթը միայն Սովետ Միության մեջ չէր, հոգեբուժությունը վերջին 15-20 տարիներուն ազատագրվեցավ: Մարդիկ այսօր կընդունին, որ դեպրեսիա կրնան ունենալ: 100-են տասը մարդ իր կյանքի ընթացքին դեպրեսիա ունենալու ենթակա է:
- Պրոֆեսոր, ի՞նչ կասեք այսօր բավականին տարածված անտարբերության երեւույթի մասին, որ, կարելի է ասել, մարդկային հարաբերությունների մեջ առաջացած փլվածքների հետեւանք է, հիմնականում վստահության պակասի:
- Կյանքի արագ փոփոխություններու ընթացքին մարդիկ կփորձեն ձեւով մը հարմարվիլ, սակայն տնտեսական, քաղաքական, ընկերային կացությունը այնքան արագ կփոխվին, եւ մարդ արարածը այնպիսի սթրեսային վիճակի կհասնի, որ անկարող կդառնա բան մը փոխելու եւ կհուսահատի. այն ատեն կըլլա անտարբեր: Պետք է ըսել, որ այս երեւույթը հարաբերաբար նոր հղացք մըն է,լավ ուսումնասիրված չէ, բայց կդառնա ավելի ընդհանրական: Մարդիկ կան, որ չեն խանգարվիր անտարբեր ըլլալե եւ ըսեմՙ ընդունիլ անտարբերությունը որպես նորմալ երեւույթ, ավելի ծանր հիվանդություն է թերեւս: Որովհետեւ անոնք, որոնք կզգան, որ անտարբեր են, դեռ հոգեպես կշնչեն, դեռ ունին հույսը այդ անտարբերության վերանալուն: Ուրիշներուն օգնելը հաճախ կհանե մարդիկը այդ անտարբեր վիճակենՙ ուրիշը մահեն փրկելը, մանավանդ մանուկները, ուրիշին նվիրվիլը: Ես շատ մարդիկ գիտեմ Ամերիկայի մեջ, որ դժգոհ էին այլազան պատճառներով, մինակ էին, թերեւս ամուսնությունը չէր հաջողած, թերեւս զավակ չունեին եւ անտարբեր դարձած էին: Հայաստանի երկրաշարժեն վերջ եւ անկախութենեն ետք հոս եկան եւ իրենց կյանքի իմաստը գտան: Այդ մարդիկ կուգան տարին քանի մը անգամ եւ կվերանորոգվին հոգեպես, որովհետեւ բան մը կբերեն իրենց նախնիներու ժողովուրդին, իրենցմե բան մը կուտան ուրիշին: Ասիկա շատ հետաքրքրական երեւույթ էր, որ պատահեցավ հայության հետ: Ֆրանսահայությունը բոլորովին անտարբեր էր հայության հանդեպ: Զարթոնք մը ունեցավ, որքան եկան օգնեցին: Այդ անտարբերության զգացումը մշտական չէ, բան մը կշարժե մեկը:
- Ինչպե՞ս եք մեկնաբանում այն երեւույթը, երբ ավելի երիտասարդ հասակում մարդուն սեւեռուն սկսում է հետապնդել մահվան գաղափարը:
- Կկարծեմ, որ դեպրեսիվ վիճակ մըն է այդպես մտածելը, լուրջ պատճառ մը պետք է ըլլա: Քեզի օրինակ պիտի տամՙ Մատիսը: Հրաշալի օրինակ մըն է: Մատիսը 70 տարեկանին ուռուցք մը ունեցավ եւ անկողնին մեջ մեկ տարի անշարժ էր, կրնար թերեւս միայն մատները շարժել: Անհույս վիճակ մըն էր, եւ այս մարդը մկրատներ խնդրեց եւ տարբեր գույնի թուղթերե կտրատել տվավ պատկերներ եւ ստեղծեց նոր արվեստի ձեւ մըՙ կոլաժը: Ուրեմն մարդկային արարածի անհույս վիճակին մեջ միշտ կա կարելիություն մը, եթե մեկը օգնե իրեն դուրս գալու այդ վիճակեն: Եվ բժիշկ մը, որ ատիկա չի կրնար ընել, բժիշկ չէ: Բժիշկը պետք է կարենա գտնել ելք մը, որտեղեն կարելի է հիվանդը դուրս բերել:
- Պրն Աքիսկալ, դուք Մատիսի օրինակը բերիք: Արշիլ Գորկիի պարագայում իր կյանքի դրամատիկ ընթացքները հանգեցրին ողբերգությանՙ ինքնասպանության:
- Ուրեմն դուն դասախոսությանս ներկա՞ էիր, ճիշտ Գորկիով վերջացուցի:
- Անշուշտ, ոչ, նոր հանդիպեցի ձեզ:
- Տիկինս եւ ես Արշիլ Գորկիի մասին մեծ ուսումնասիրություն գրած ենք անգլերենով: Նվիրված է Միրոյին եւ այդ շրջանի արվեստագետներուն: Ձեւով մը Միրո եւ Գորկի իրարու կնմանին: Միրոն կատալոն էր, Իսպանիո մեջ կբնակեր, Գորկին հայ էր, Ամերիկա կապրեր: Նմանություններ կան, որովհետեւ կատալոնները չէին սիրեր Սպանիան եւ Գորկին միշտ դժբախտ էր սփյուռքի մեջ ըլլալուն: Արշիլ Գորկի սակլոթըյմիկ (վերվարընթաց) անձ մըն էր: Օր մը վատ վիճակի մեջ կրնար շատ հուսահատ վիճակի մատնվելովՙ անձնասպան ըլլալ: Բայց Գորկիին պարագային շատ ուրիշ փաստարկներ ալ կային, իր անցյալի դրամաները, քաղցկեղը կար, ավտովթարը կար, իր նկարներուն հրդեհվիլը:
Իմ կարծիքով այս բազմագործոն պատճառներով հանդերձ ամենակարեւորը կնոջը իրմե հեռանալն էր: Մարդը մնաց մենակ, ինչո՞ւ պիտի ապրերՙ արվեստի համար ավելի՞ սրբանալու: Այդ վերջին գրությունը «Մնաք բարով, սիրելիներս» թերեւս հեգնական իմաստ ունի, «սիրելիներս» կրնան իր կինը եւ զավակները ըլլան, կրնար իր նկարներու մասին ըսել, կամ հարազատներուն, քրոջը: Բայց քանի որ անգլերենով գրեց, կխորհիմ իր աղջիկներուն համար է ըսված: Ինքըՙ Գորկին վանեցի տղա մըն էր, ավանդական մարդ մը, արվեստագետ էր. ինքն ալ իր ազատամիտ կողմն ուներ, բայց խանդոտ մարդ էր: Ատկե զատ պատերազմի ժամանակ էր, որպես այր մարդ դրամ չէր կրնար շահիլ, չէր կրնար ընտանիքին հոգ տանիլ, հիվանդ էր. զգացական վիճակ մը ստեղծվեցավ: Մարդ արարածը չէ շինված երկաթե, հոգին փխրուն էր. չդիմացավ... Գիտեր, որ պիտի մեռներ, եւ կարծես թե իր վրա եկած էր ֆիվըր (ջերմություն մը), կարծես թե իր հոգիին ջերմաչափը բարձրացած էր, ի՜նչ բացառիկ գործեր ըրավ կյանքի վերջին տարիներունՙ իր ամենեն օրիգինալ գործերը:
Ես եւ տիկինս ֆրանսացի նկարիչներու, բանաստեղծներու, բլուզ նվագող երաժիշտներու խառնվածքը կուսումնասիրենք, ատոր կապը ստեղծագործական պրեցեսին հետ. ստեղծագործական աշխատանքը ունի իր հոգեբանական եւ հոգեախտաբանական բաժինները:
Առհասարակ ես կջանամ արվեստի եւ գրական միջոցները կիրարկել գիտությունը ավելի լավ արտահայտելու համար:
- Կարելի՞ է ասել, որ հոգեբուժության մեջ ձեր հաջողությունները ինչ-որ չափով պայմանավորված են ձեր գրական հակումներով:
- Հարցումը լավ տվիր: Գրական հետաքրքրություններս երկու ձեւով ազդած են իմ գիտական գործունեության վրա: Գրական արձակը ավելի զորավոր է, եթե ունի զորավոր հոբեգանական հենք, եթե առնենք Դոստոեւսկին, Ֆլոբերը, Կաֆկան, Տոլստոյը, Շեքսպիրը, Զոհրապը, Զ. Եսայանը:
Հոգեբուժությունը գոնե այն շրջանինՙ 1969-են սկսյալ, կորսված էր զանազան ուղղություններու մեջ եւ կխարխափեր, կարտահայտվեր անհասկնալի, խրթին լեզվով: Իմ գրական ճաշակը, գրելու ձիրքը պատճառ եղավ, որ գրեմ այնպիսի լեզվով, որ մարդիկ գրավվին: Երբ ստացա Ժան Դը Լեի մրցանակը, որ գրող էր եւ հոգեբուժության մեջ նոր ձեւերը գտավ, ինքզինքիս հարց կուտայիՙ ինչո՞ւ ես այդ մրցանակին արժանի նկատվեցա: Կխորհեի, որ պատճառներեն մեկը այն էր, որ ես Դը Լեի նման իմ ամեն գիտական հոդվածիս վրա աշխատեր եմ, որպես թե ըլլար գրական գործ: Ես երեւի կը վերադառնամ իմ առաջին սիրույս, որն է գրականությունը...
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ