«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2005-09-29 | #175, 2005-09-30 | #176, 2005-10-01


ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս մեր հասարակությունը հնարավորություն կունենա վայելելու Հայաստան ժամանած իտալացի արվեստագետների, գիտնականների, գործարարների, իտալահայ համայնքի ներկայացուցիչների եւ այլոց ներկայությունը, ազատորեն շփվելու նրանց հետ, հարստանալու ու հիանալու նրանց մտքի ու հոգու շռայլությամբ: «Հայ-իտալական բարեկամության օրերի» բացման օրըՙ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Հայվենետ. Սուրբ Ղազարի գանձերը» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Մխիթարյան միաբանության Վենետիկի Սբ Ղազար կղզու թանգարանից բերված արժեքավոր գեղանկարչական գործեր, պատմական իրեր, հնատիպ հրատարակություններ, ինչպես նաեւ Մխիթարյանների գործունեության վերաբերյալ մեր երկրում պահվող նմուշներ: Նույն օրը Երեւանի Խնկո Ապոր գրադարանում տեղի կունենա «Հայերն Իտալիայում. Իտալիայի հայ համայնքն իր մասին» հանդիպումը, իսկ երեկոյան, Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ Ռեսպիգի, Վերդիի եւ Ռոսսինիի ստեղծագործությունների կատարմամբ:

Հայ-իտալական բարեկամության օրերի առանցքային միջոցառումների մասին տեղեկացնելու նպատակով երեկ մամլո ասուլիս էին հրավիրել ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:

«Սա Իտալիայի կառավարության նվերն է հայ ժողովրդին, որին աջակցել են Հայաստանի կառավարությունն ու արտգործնախարարությունը: Այսպիսի բազմազան միջոցառումներ ոչ մի երկրում Իտալիայի դեսպանատները չեն կազմակերպել, հայ-իտալական բարեկամության օրերը իրենց տեսակի ու բովանդակության մեջ առաջինն են եւ մեծապես կնպաստեն երկու ժողովուրդների քաղաքական եւ մշակութային կապերի մերձեցմանը», ասաց դեսպանը: Նա շտապեց հայտնել, որ մեր կինոհանդիսատեսը եզակի առիթ կունենա հոկտեմբերի 6-ից սկսած «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու իտալական կինոյի անվանի վարպետներ Տավիանի եղբայրների 18 ֆիլմերը: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա նաեւ հանրահայտ Դարիո Ֆոյի թատրոնըՙ «Առեղծվածային խեղկատակը» բեմադրությամբ:

Հայաստան կժամանի նաեւ իտալահայ անվանի գրող Անտոնիա Արսլանը, որի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գիրքը մեծ հաջողություն է ունեցել Իտալիայում, թարգմանվել է մի շարք լեզուներով, արժանացել բազմաթիվ մրցանակների: Նրա հետ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Տավիանի եղբայրները:

Համլետ Գասպարյանը կարեւորեց նաեւ իտալացի եւ հայ հետազոտողների մասնակցությամբ հոկտեմբերի 7-ին կայանալիք «Վենետիկյան ընթերցումներ» երկօրյա գիտաժողովըՙ նվիրված հայ-իտալական պատմամշակութային առնչություններին:

Երեւանի «Իտալական մշակույթի բարեկամները» մշակութային միության հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Մեկ օր օպերայի հետ» միջոցառումը, որի ընթացքում կցուցադրվեն լիրիկական 8 օպերաների տեսաերիզները: Հայաստանի ճարտարապետների միությունում կանցկացվի բանախոսությունՙ նվիրված Իտալիայում հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման եւ վերականգնման աշխատանքներին, կբացվի նաեւ ցուցահանդես:

Մշակութային եւ գիտական կապերի կողքին կընդլայնվեն նաեւ հայ-իտալական գործարար շփումները. Իտալիայի Հանրապետության արտաքին առեւտրի նախարար Ադոլֆո Ուրսոյի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա հայ-իտալական գործարար համաժողովը:

Իտալացիները չեն մոռացել նաեւ իրենց ազգային խոհանոցը ներկայացնելու մասին, միայն ափսոս, որ այն հնարավոր կլինի «համտեսել» լուսանկարներից, «Իտալական խոհանոցի 50 տարին» ցուցահանդեսում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4