Հոկտեմբերի 1-11-ը Ստեփանակերտում կանցկացվի «Ղարաբաղ-2005» շախմատի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն մեկ տասնյակից ավելի երկրներից ժամանած հանրահայտ շախմատիստներ: Նրանց թվում են միջազգային գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Սոկոլովը (Նիդեռլանդներ), Վիկտոր Բոլոգանը (Մոլդովա), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Բու Քսանգժին (Չինաստան), շախմատային օլիմպիադաների հնգակի չեմպիոն Ալեքսեյ Դրեեւը եւ ուրիշներ: Որպես մրցաշարի պատվավոր հյուր Ստեփանակերտ կժամանի նաեւ միջազգային գրոսմայստեր Լայոշ Պորտիշը:
Հոկտեմբերյան մրցաշարը թվով երկրորդն է, որն անցկացվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում` իր շուրջը համախմբելով շախմատային աշխարհի անվանի մարդկանց: Միաժամանակ կանցկացվի երկու` 11-րդ եւ 17-րդ կարգերի մրցաշար, որոնք կվարեն, համապատասխանաբար, միջազգային մրցավարներ Արմեն Նիկողոսյանը եւ Յուրի Լոբանովը:
Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր երեկոյան, Ստեփանակերտի կայազորային սպայի տանը, որտեղ էլ հիմնականում ծավալվելու են շախմատային կրքերը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ