«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2005-09-30 | #176, 2005-10-01 | #177, 2005-10-04


ԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվող «Միջուկային եւ ռադիոակտիվ անվտանգությունն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ» միջազգային 4-օրյա գիտաժողովին մասնակցելու են եկել 16 երկրներիՙ Մ. Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, ԱՊՀ եւ այլ երկրների միջուկային ֆիզիկայի առաջատար գիտնականները: Գիտաժողովը կազմակերպել են Մ. Նահանգների «Բրուքհեւն» ազգային լաբորատորիան եւ «Առաջատար գիտությունների ու տեխնոլոգիաների կենտրոնը»:

Վերջինիս տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Սամվել Ապիկյանի ասելով, այսպիսի գիտաժողով անցկացնելու անհրաժեշտությունը վաղուց էր ծագել, քանի որ վերջին տարիներին միջուկային ահաբեկչության խնդիրը անհանգստացնում է առաջադեմ աշխարհին: Բոլոր պետությունները միջուկային ահաբեկչության դեմ պայքարում են 3 ուղղություններովՙ քաղաքական, ուժային եւ գիտական, որոնք լրացնում ու ամբողջացնում են մեկմեկու: Նրա համոզմամբ, ներկա դրությամբ առանձնակի կարեւորություն է ստացել գիտնականների դերակատարումը, չնայած այդ ոլորտի գիտնականների թիվն ընդհանուր առմամբ բավականին քիչ է, Հայաստանումՙ նույնպես: «Գիտնականների ներդրումն իրականում բավականին մեծ է, որովհետեւ նրանց ամբողջ գործունեությունն ու ձեռքբերումները վերջին հաշվով պատկանում են պետությանը, որն էլ իր հզոր կառուցվածքով ու կարողություններով դրանք իրականացնում էՙ պայքարելով առկա չարիքների դեմ: Գիտությունն ընդհանրապես առաջ է գնում համատեղ քննարկումների միջոցով, դա շատ կարեւոր պայման է գիտության զարգացման համար», «Ագգի» հետ զրույցում ասաց նա:

Գիտաժողովի բացմանը երեկ ներկա են եղել նաեւ Հայաստանի պետական այրերը, որոնց կարճատեւ ելույթներից հետո ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Անիտա Նիլսոնը ներկայացրել է միջուկային անվտանգության 2006-2009 թթ. պլանը: Գիտնականները հիմնականում ներկայացրին իրենց վերջին ուսումնասիրությունները, ինչպես նաեւ միջուկային անվտանգության վերաբերյալ իրենց երկրների պարտավորություններն ու ծրագրերը: Ակնկալվում է, որ գիտաժողովի աշխատանքները օգտավետ կլինեն հայ գիտնականների համար, քանի որ վերջիններս մի քանի օր հնարավորություն կունենան շփվելու տարբեր երկրների լավագույն մասնագետների հետ, լսելու նրանց խոսքն ու ծանոթանալու փորձին:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, մեր պետությունը պարտավոր է տեր կանգնել միջուկային ֆիզիկայով զբաղվող գիտնականներին, մանավանդ որ «մենք ատոմակայան ունենք, եւ մեր անհանգիստ հարեւանների առկայությունը մեզ միշտ պետք է մտահոգի: Այսօր ահաբեկչությունն աշխարհում այնպիսի մակարդակի է հասել, որ ահաբեկչական խմբավորումները կարող են զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու փորձեր անել»:

Միջուկային անվտանգության դեմ գիտնականների միավորված պայքարi, կարելի է ասել, այս գիտաժողովի կարեւորագույն նպատակն է, որին աջակցում են միջազգային եւ պետական կառույցները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4