Բուն Ռուսաստանում ռուսները հաճախ են դժգոհում հենց իրենցՙ ռուսների նկատմամբ ազգային առումով վարվող խտրական քաղաքականությունից: Հինգշաբթի օրը Վլադիմիր Սոլովյովի «Խ ոՈՐՖպՐց» հեռուստահաղորդումը կրկին ցույց տվեց, թե ինչքան սուր ու հիվանդագին է այդ խնդիրը: «Մենամարտում» էին «Ռոդինա» կուսակցության լիդեր Դմիտրի Ռոգոզինը եւ իրավապաշտպան Ալլա Գերբերը: Չփորձենք վերծանել վերջինիսՙ արտաքինից գեղեցիկ հայտարարությունների ներքին ենթատեքստերն ու շարժառիթները: Ոչ էլ պետք է Ռոգոզինին ընկալել որպես կովկասատյացի (Մոսկվայում կայացած հայկական միջոցառումներից մեկի ժամանակ նա ասաց, որ ինքը ոչ թե հյուր է, այլ եկել է իր եղբայրների մոտ): Բանավիճում էին Ռուսաստան ներգաղթողների, նրանց նկատմամբ տեղի բնակչության վերաբերմունքի եւ այդ կապակցությամբ ստեղծված անհամակիր լարված մթնոլորտի թեմայով: Ռոգոզինի կարծիքով, ներգաղթողների հարցը պետք է կարգավորել օրենսդրորեն, որպեսզի նրանց մեծ մասը չհայտնվի ստրուկի վիճակում: Նա իր ընդդիմախոսին մեղադրեց, որ երբեք չի պաշտպանում երկրի բնակչության մեծամասնության, այսինքնՙ ռուսների շահերը (ադրբեջանցիներն, օրինակ, երկրում զավթել են բոլոր շուկաները): Եվ այստեղ տեղի ունեցավ հաղորդման, ես կասեի, ողբերգակատակերգական միջադեպը. որպես ապացույց, որ ռուսներն իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել, բերվեց նիգերիական բանտից ռուս ծովայինների ազատման փաստը: Իրեն չկորցնելով Վլ. Սոլովյովը հրեական «խորիմաստությամբ» պաթետիկ հարց տվեցՙ իսկ ո՞վ է ազատել նրանց: Եվ ինքն էլ պատասխանեցՙ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Երեւի հակադրության իմաստն էլ ավելի ընդգծելու նպատակով նա բազմիմաստ դադարից հետո նորից կրկնեց ազատարարի անունը: Պահից չէր կարող դժգոհ լինել նաեւ Գերբերը: Խեղճ Ռոգոզինը ստիպված էր շփոթահար ժպիտով հայտարարել, որ Արա Աբրահամյանն իր մոտ ընկերն է, այդ գործին ձեռնամուխ է եղել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան:
Ռոգոզինն, այնուամենայնիվ, ջախջախեց Գերբերին: Բայց դա բնավ էլ չնսեմացրեց Արա Աբրահամյանի առաքելության նշանակությունը: Ավելի ճիշտՙ հակառակը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա