«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2005-09-30 | #176, 2005-10-01 | #177, 2005-10-04


ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ՆԱԽԱԲԱՑՈՒՄԸՙ ՎԵՐԴԻԻ «ՏՐԱՎԻԱՏԱ» ՕՊԵՐԱՅՈՎ

Քաղաքակրթությունների եւ արվեստների երկիր Իտալիայում, ինչպես ասում են, երգն ավելի թանկ է, քան հացը: Եվ պատահական չէ, որ հայ-իտալական բարեկամության օրերի նախամուտքը մեկնարկեց Երեւանի օպերային թատրոնիցՙ հոկտեմբերի 2-ին` Ջ. Վերդիի հանրահայտ «Տրավիատա» օպերայի բեմադրությամբ:

Երեւանի օպերային թատրոնում «Հայ-իտալական օրերի» նախաբացումը կատարեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:

Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը հայ հանդիսականը հնարավորություն կունենա առաջին անգամ Երեւանում ունկնդրելու եւ ակնդրելու մշակութային այնպիսի երեւույթներ եւ գլուխգործոցներ, որոնց մասին լսել էր միայն կամ կարդացել:

Գ. Ղարիբջանյանը ընդհանուր ներկայացրեց իտալական մշակույթի եւ առհասարակ Իտալիայի դերը հայոց համար, հարաբերություններ, որ սկիզբ են առել դեռեւս հինավուրց ժամանակներից:

Հայկական եւ իտալական կառավարությունների նախաձեռնությամբ եւ 2 երկրների նախագահների հովանավորությամբ անցնող հայ-իտալական միամսյակը, ըստ Մարկո Կլեմենտեի, աննախադեպ միջոցառում է, «երբ մի օտար պետություն այսպիսի ջանք է գործադրումՙ իր երկրի մշակույթը ներկայացնելու եւ տարածելու: Վերդիի «Տրավիատան» լավագույն մեկնարկն է այս օրերի»:

Հայ-իտալական միամսյակի 36 միջոցառումների հայտագիրը խոստանում է բազմաթիվ անակնկալներ եւ հաճելի հանդիպումներ, իտալական յուրահատուկ մթնոլորտ ու միջավայր Երեւանումՙ երաժշտության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, ճարտարապետության, լուսանկարչության աշխարհներում: Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսականը կհաղորդակցվի Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության 300-ամյա մշակութային ժառանգության Հայաստան բերված լավագույն նմուշներին (գեղանկարչական արժեքավոր գործեր, պատմական իրեր, հնատիպ հրատարակություններ): «ՀայՎենետ. Սբ. Ղազարի գանձերը» Հայաստանում պատշաճորեն անցկացնելուն մեծապես աջակցել է Հայաստանի արտգործնախարարությունըՙ Մխիթարյան միաբանության մասնակցությամբ եւ համագործակցությամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4