Միջազգային շաշկու Հայաստանի 49-րդ առաջնության պարգեւներն էին վիճարկում 12 շաշկիստներ: Նրանցից վեցը վարպետներ էին, մյուսներըՙ վարպետության թեկնածուներ: Համառ մրցապայքարում անցած առաջնությունում հաղթող ճանաչվեց երեւանցի վարպետ Վաչագան Մուրադյանը: Նա մասնակիցներից միակն է, որ այդպես էլ չճաշակեց պարտության դառնությունը: 22 հնարավորից վաստակելով 18 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի դեպքումՙ 1 միավոր), Վաչագան Մուրադյանը 8-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը:
2-րդ տեղը գրավեց վարպետության թեկնածու Նշան Ալավերդյանը, որը չեմպիոնից հետ մնաց մեկ միավորով: Մրցանակային եռյակը 16 միավորով եզրափակեց վարպետ Ռուբեն Խաչիկյանը: Լավագույն եռյակը, հաջորդ երեք տեղերը զբաղեցրած Արտակ Հակոբյանի, Արթուր Թումանյանի եւ Արմեն Մարությանի հետ իրավունք ստացավ հաջորդ տարի եւս հանդես գալու շաշկու հանրապետության առաջնությունում, որը կլինի հոբելյանականՙ 50-րդը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ