«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2005-09-30 | #176, 2005-10-01 | #177, 2005-10-04


ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԲՈՂՈՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻՑ...

«Երեւանի օրվա» միջոցառումները ներկայացնելիս փոխքաղաքապետը հանդես եկավ նման ցնցող հայտարարությամբ

«Նայելով մեր քաղաքին եւ քաղաքի տրանսպորտի վիճակին, ես մտածում եմ, որ մեր բնակչությունը երբեւիցե չպետք է բողոքի տրանսպորտից: Մենք այնքան շատ տրանսպորտ ունենք, որ ինձ չի թվում, թե բողոքելու կարիք կլինի», նման ցնցող հայտարարությամբ երեկ, պատասխանելով «Ազգի» հարցին, հանդես եկավ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Ասել, թե այդ հայտարարությունը զարմանք առաջացրեց ներկաների եւ կառաջացնի լսողների մեջ, նշանակում է ոչինչ չասել:

Հավանաբար Արման Սահակյանը «շատ տրանսպորտ ունենք» ասելով նկատի ունի այն երթուղիները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են իր հորըՙ պատգամավոր եւ Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, իսկ ինչ մնում է «բնակչությունը երբեւիցե չպետք է բողոքի տրանսպորտից» արտահայտությանը, ապա փոխքաղաքապետը ամենայն հավանականությամբ ասել է սեփական փորձից ելնելով: Երեւի նա ամեն օր առավոտյան երթուղային տաքսիով է ժամանում աշխատավայր եւ երբեք չի ուշանում աշխատանքից: Եթե դա այդպես է, ապա իսկապես ավելացնելու ոչինչ չի մնում: Իսկ եթե ոչ, ապա փոխքաղաքապետին առաջարկում ենք այսուհետեւ աշխատանքի գնալ եւ աշխատանքից վերադառնալ հասարակական տրանսպորտով, որից հետո միայն կարծիք հայտնել Երեւանի տրանսպորտի վիճակի մասին:

Իսկ քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսը նվիրված էր հոկտեմբերի 8-ին եւ 9-ին տեղի ունենալիք «Երեւանի օրվա» միջոցառումներին: Այդ կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումները ներկայացնելով, Արման Սահակյանը հայտնեց, որ դրանք կսկսվեն հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամը 12-ից բոլոր համայնքներում եւ կավարտվեն երեկոյանՙ դարձյալ բոլոր համայնքներում համերգներով եւ հրավառություններով: Բացի այդ, առավոտյան 10.30-ին Երեւանի պատմության թանգարանում տեղի կունենա «Իմ Երեւան» խորագրով ցուցահանդեսը, ժամը 18-ին օպերայի շենքի դահլիճում տեղի կունենա Երեւանի օրվա հանդիսավոր բացումը, որից հետո Ազատության հրապարակումՙ համերգ եւ հրավառություն: Ժամը 20-ին համերգ տեղի կունենա նաեւ Կասկադումՙ «Երեւանը երգերիս մեջ» խորագրով:

Հաջորդ օրըՙ հոկտեմբերի 9-ին ժամը 15-ին մարզական եւ մշակութային միջոցառումներ տեղի կունենան նաեւ օղակաձեւ զբոսայգում, իսկ ժամը 19-ին համերգ եւ տոնական հրավառությունՙ Հանրապետության հրապարակում: Փոխքաղաքապետը հայտնեց, որ տոնական միջոցառումների համար կծախսվի 80-100 մլն դրամ: Նման մեծ ծախսերը Արման Սահակյանը պայմանավորեց ժամանող աննախադեպ մեծաքանակ հյուրերով:

Միջոցառումների մասին որոշ մանրամասներ ներկայացրեց դրանց գլխավոր ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը: Գլխավոր նպատակն այն է, որ յուրաքանչյուր տարի չկրկնվեն նախորդ տարվա նույն միջոցառումները:

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը հայտնեց, որ Երեւան են ժամանելու պաշտոնական պատվիրակություններ Հունաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Մոլդովայից եւ այլ երկրներից: Հատկապես մեծաթիվ են լինելու Ռուսաստանից ժամանող հյուրերը: Դրանց թվում են լինելու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Եկատերինբուրգի, Ռոստովի քաղաքապետները: Մասնավորապես Յուրի Լուժկովի այցը պայմանավորված է այդ օրերին անցկացվող Մոսկվայի օրերով եւ Մոսկվայի տան շինարարությունը սկսելու առիթով: Պատվիրակության կազմում կլինեն շուրջ 100 մշակութային գործիչներ, որոնց ցանկն առայժմ ճշտվում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4