Կքննարկվի՞, թե՞ կհետաձգվի մինչեւ մյուս քառօրյա
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության երաշխիքների մասին» հարցը երեկ ընդգրկվեց ԱԺ հոկտեմբերի 3-6-ի նստաշրջանի օրակարգՙ լրացուցիչ հարցերի ընթացակարգով:
ԱԺ-ում թեեւ շրջանառության մեջ էին գտնվում ե՛ւ աշխատանքային խմբի, ե՛ւ Վիկտոր Դալլաքյանի («Արդարության») նախագծերը, սակայն օրակարգ է մտել հենց հանգուցյալ Արտակ Առաքելյանի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի հեղինակած օրենքի նախագիծը: Նախապատմության մասին «Ազգը» գրել էր վերջին համարում: Ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել կոալիցիայի քաղաքական խորհրդի անդամների հետ, որոշվել է լուծում տալ հարցինՙ առաջնահերթ բավարարելով նախ ընտանեկան նպաստի ցուցակներում ընդգրկված քաղաքացիների փոխհատուցումները: Մինչ այդ, սակայն, ուրբաթ օրը սոցիալական հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում կառավարությունը փաստորեն համաձայն չէր եղել այդպիսի դրվածքին, որն արտահայտվել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի մակարդակով: Նախագահի հետ կոալիցիայի հանդիպումից հետո շատերը վերակառուցել էին իրենց կարծիքները: Մինչ հարցի օրակարգում ընդգրկվելը Վիկտոր Դալլաքյանը հասցրեց արտահայտել իր տեսակետը, որ թեեւ իր հեղինակած ավանդների վերաբերյալ օրինագիծը անօրինական կարգով չի մտել օրակարգ, սակայն քանի որ ՕԵԿ-ի նախագծում սկզբունքորեն ներառված են իր նախաձեռնության բոլոր սկզբունքային պահերը, նա կոչ է անում քվեարկել դրա օգտին. «Այս հարցը կարեւոր է եւ ոչ մեկի մենաշնորհը չէ», նկատեց նա:
Հարցն այս քառօրյայում կքննարկե՞ն, թե՞ կմնա հոկտեմբերի 24-ին մեկնարկող քառօրյայումՙ այսօր պարզ կլինի, բայց չենք զրկի մեզ բավականությունից մի քանի կարծիք ներկայացնելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցը կապեց բյուջեի օրենքն ԱԺ-ում մոտ օրերս քննարկելու հետ. «Կտեսնենք բյուջեի հնարավորությունները, նոր կորոշենք, թե ինչպիսին կլինի կոալիցիայի դիրքորոշումը: Այս անգամ մենք ձեռնարկեցինք, որպեսզի օրակարգով հարցը մտնի լիագումար նիստ: Խորհրդարանում մի ավանդույթ կաՙ երբ նախագիծը մտնում է քառօրյա, քաղաքական ուժերն ավելի են կոնկրետանում եւ կարողանում են որոշում կայացնել»: Իսկ կոալիցիայում մշակվել են ուղղակի սկզբունքներ հարցի վերաբերյալ, սկզբունքորեն կոալիցիան պատրաստ է վերջնական պատասխան տալ ավանդների խնդրինՙ դրական լուծումով:
Իսկ ի՞նչ դրույքաչափերի մասին է խոսքը: Ըստ Գալուստ Սահակյանիՙ ավանդների վերադարձը պետք է փոխի ընտանիքի իրավիճակը կամ գոնե պետք է մի վերք բուժի ընտանիքում, նպաստի երկրի ընդհանուր զարգացումներին: Դրա համար տնտեսական զարգացումներն արդեն այնպիսին են, որ հնարավոր կլինի փոխհատուցումներ կատարել բյուջեի հաշվին:
Հմայակ Հովհաննիսյանը բավական ոգեւորված էր հարցի օրակարգ մտնելու փաստով եւ գտնում էր, որ անկախ պատգամավորի (իր- Մ. Խ.)ՙ ԱԺ նախագահի եւ երկրի ղեկավարության վրա ճնշման արդյունք է: «Դա միանգամայն արդարացի է, եթե այդ ճնշումը բխում է քաղաքացիների շահերից, այդ ճնշումները շարունակական բնույթ են կրելու, որովհետեւ ավանդների հարցը մտնում է հանգուցալուծման փուլ, սա ծանրակշիռ հաղթանակ է»: Փոխհատուցման հարաբերակցության հարցը Հ. Հովհաննիսյանը դիտարկեց Ա. Բաղդասարյանիՙ «Հ 2»-ին ամիսներ առաջ տված հարցազրույցի համատեքստում, երբ վերջինս ասել էր, թե ավանդները պետք է փոխհատուցվեն 10 խորհրդային ռուբլին 1 դոլարին համարժեք դրամով: Իսկ թե որտե՞ղ կան այդ միջոցներըՙ «Ազգի» հարցը Հմայակ Հովհաննիսյանն այսպես հակադարձեց. «Արթուր Բաղդասարյանը Գյումրիում հայտարարեց, որ կան գողեր, թալանչիներ, այդ գողերին ու թալանչիներին պետք է ստիպել, որ նրանք իրենց հարստությունը կիսեն ժողովրդի հետ, բերեն այդ գողացած գումարներն օրինական դաշտ եւ հնարավորություն ստեղծեն, որ այն նյութական բարիքները, որոնք ապահովում էին ավանդների վերադարձելիությունը, հանձնվեն իրենց տերերին»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը դեռ առավոտյան էր կարծիք հայտնել, որ այս հարցի քաղաքական լուծման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ 2006-ի բյուջեում այս փոխհատուցումների գումարները կներառվեն:
Իսկ թե ինչո՞ւ հենց այժմ օրակարգ մտավ հարցըՙ Վիկտոր Դալլաքյանը ենթադրություններ դեռ չարեց. «Եթե նորմալ թվեր բերեն, կողմ կլինեմ, եթե ստից-մտից թվեր բերեն, թոզ փչելու համար, իհարկե, դեմ կլինենք: Իսկ ֆինանսական աղբյուրները օրինագծում նշված են»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ քննարկումների ժամանակ կտեսնենՙ վերջնական ի՞նչ լուծումներ են սպասվում: ՀՅԴ ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը ստորագրել է փաստաթուղթը, այսինքնՙ ՀՅԴ-ն նախապես համաձայն է հարցը քննարկել:
«Իսկ արդյոք հարցը հանրաքվեի քթի տակ չի՞ դժվարացնի կոալիցիայի վիճակը» հարցին Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ծիծաղելի եմ համարում այն հնարավորությունը, որ ավանդներով կարող են ժողովրդի ապագայի հարց լուծել: Ես պատրաստ եմ մտածելու, որ մեր ժողովուրդն ավելի խորքային է, քան դիտարկել են որոշ քաղաքական ուժեր: Երբ ՀՀ նախագահի հրամանագրով հանձնաժողով ստեղծվեցՙ այն ժամանակ հանրաքվեի մասին խոսք չկար, ժամկետները լրացել են ու նաեւ հանձնաժողովի աշխատանքները պետք է համատեղել»:
Հանրաքվեն իշխանափոխության տարբերակ դիտարկելը Լ. Մկրտչյանը ռեալ չհամարեց. «Եթե հանրաքվեով «այո» ենք ասում, առաջիկա 10-ամյակների զարգացումներին ենք «այո» ասում, իսկ «ոչ»-ըՙ մեր երկրի տասնամյակներով հետ ընկնելն է, դա բոլորն են հասկանում»: