«Կոնգրես» հյուրանոցի սեմինարի կազմակերպիչները հիմնականում նախկին իշխանավորներն էին` Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, գումարած ԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որոնք, ինչպես ընդունված է ասել, տեղը տեղին վերլուծություններ արեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` դիտարկելով ներքին քաղաքական եւ արտաքին զարգացումների համատեքստում: Այսօրվա գործող ընդդիմության բավական լայն սպեկտրից ուրիշ ոչ ոք ներկա չէր: (Ներողություն, օրինակՙ ռազմավարական հետազոտությունների կենտրոնից Ստեփան Սաֆարյանը եւ «Հանրապետության» Սուրեն Սուրենյանցը նույնպես ներկա էին): Վստահ լինելով, որ հիմնական եւ հարակից ելույթ ունեցողների խոսքի` իրենց հարկավոր հատվածներն, ըստ ուղղվածության յուրովի մեկնաբանություններով, մյուս լրատվամիջոցները կներկայացնեն, հարկ համարեցինք ընթերցողին մատուցել այս քննարկման աղը: Ամենավերջում, երբ համարյա լրագրող չէր մնացել, խոսք վերցրեց արդեն չեմ հիշում որ մարգինալ կուսակցության առաջնորդ Վիգեն Խաչատրյանը, որի` իրավիճակին տված գնահատականը արմատապես տարբերվում էր մինչեւ այդ հնչածներից եւ դառը խոսքեր ուներ երկու կողմի էլ` ընդդիմության եւ իշխանության համար: Որպեսզի մեկնաբանություններով չընդհատեմ տեսակետի մոնոլիտությունը` մեջբերեմ մի փոքր կրճատելով, մտորելու հրավիրելով հատկապես գործող ընդդիմությանը` հո նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ամեն օր չե՞ն խոստովանում սեփական սխալները: Իսկ ուրիշների սխալներից սովորելը ամենաէժան կրթությունն է.
«Մեզ մոտ շատերը դժգոհում են ոչ թե նրա համար, որ չեն ուզում այսպիսի իշխանություն, այլ` որ իրենք չեն օգտվում այդպիսի իշխանության բարիքներից: Ձերբազատող ուժը հասարակությունում դեռ չի ձեւավորվել: Մեր քննարկումները տեղափոխվում են այնպիսի դաշտ, որն անհեռանկարային է (ե՞րբ պետք է արեւմտամետ դառնանք, երբ պետք է ռուսամետ դառնանք): Այս քաղաքականություն կրողները դատապարտված են մարգինալ մնալու: Այդ պատճառով առանձնապես նոր քաղաքական հեռանկարներ չեն լինելու: Մասնավորապես` սահմանադրության օրինակը. ինչու՞ Հայաստանում քաղաքական կուսակցությունները չեն կայանում եւ գնում է քվազիկուսակցությունների մրցակցություն: Գուցե պատճառներից մեկն այն է, որ գործող սահմանադրությունը, որի հեղինակն ենք մենք, բացառում է քաղաքական դաշտի զարգացումը, չի երաշխավորում այն առողջ դաշտը, որտեղ կուսակցություն կգործի եւ կկայանա: Արմատը հասկանանք: Այս (նոր- Մ. Խ.) սահմանադրությունը եւս քաղաքացիական հասարակությանը համաձայնության չի բերելու, որովհետեւ քաղաքական պրոդուկտ չէ: Սեփականը պնդելու, սեփական ճանապարհը չվերլուծելու, հեռանկար չտեսնելու արդյունքում էսօր մենք դատապարտված ենք ոգեւորվել նրանով, որ սահմանադրական բարեփոխումները վերածվեն իշխանությունների նկատմամբ մեր վերաբերմունքի եւ արդյունքում ապացուցենք, որ մենք էլ, ինչպես հասարակության ստվար զանգվածը, զզված ենք այս իշխանություններից: Մենք էլ փաստենք, որ դեռ չենք կրում էն ապագա քաղաքական մոդելը, որ կուզեինք Հայաստանը ունենար»:
Մինչ այդ ներկաների մի մասի անհամաձայնությունն էր առաջացրել նաեւ քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքը. «Պրն. Խաչատրյանն ասում է (Վահագն -Մ. Խ.), թե իշխանությունը սպառել է իրեն, ես էլ ավելացնում եմ, թե ընդդիմությունն էլ է սպառել իրեն, եւ շատ ավելի վաղուց: Որպես ելք` առաջարկում եմ գաղափարական էլեմենտ մտցնել», եւ այլն:
Վերջում մի դիտարկում. այս կարգի սեմինարները, փաստորեն, սկսում են հետաքրքրական դառնալ հիմնական զեկուցումներից հետո սկսված բանավեճում, երբ մարդիկ իջնում են հողին եվ իրերն իրենց անուններով են կոչում: Իսկ ինձ մնում է հիշեցնել իմ գործի ոսկե կանոնը. համաձայն չլինելով` ամեն ինչ կանեմ ձեր տեսակետները լսելի դարձնելու:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ