Կիպրոսում «Ազգի» հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը տեղեկացնում է, որ Հայաստանի պարի պետական անսամբլը 3 համերգ է ունեցել Կիպրոսում, ուր մասնակցել է «Կիպրիա 2005» միջազգային փառատոնին: Անսամբլի հետ պաշտոնական այցով Կիպրոս է մեկնել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: Երկուշաբթի նրան ընդունել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասը, որից հետո նա հանդիպել է նախագահի մամլո գրասենյակի տնօրեն Մարիոս Կարոյանի հետ: Խոսելով Հայաստանի եւ Կիպրոսի ջերմ հարաբերությունների մասին, Հովեյանը ցանկություն է հայտնել դրանք հետագայում ավելի սերտացնելու եւ զարգացնելու: Քրիստոֆիասն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսին աջակցելու Հայաստանի ջանքերի համար: Կարոյանի հետ ունեցած հանդիպումից հետո արված հայտարարություններում Հովեյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ասելով. «Մենք վրեժի զգացում չունենք թուրք ժողովրդի հանդեպ, սակայն պետք է պայքարենք պատմական ճշմարտության համար: Մենք չենք կարող հաշտվել հայերի թափված արյան եւ Հայոց ցեղասպանության հանդեպ եղած լռության հետ: Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու հարցը միայն մեզ չի առնչվում»:
Ռ. Պ.