Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Լյուքսեմբուրգում նախագահող երկիր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Ստրոուն պաշտոնապես հայտարարեց Եվրոմիություն-Թուրքիա անդամակցության բանակցությունների սկզբնավորման մասին: Թուրքական թերթերը դա մեծապես պայմանավորում են արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի վճռականությամբ եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատակամությամբ:
Թերեւս Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը նկատի է ունեցել այդ հաստատակամությունն ու վճռականությունը, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորման առնչությամբ ուղերձով շնորհավորել է վարչապետ Էրդողանին, արտգործնախարար Գյուլին եւ թուրքական կողմի գլխավոր բանակցող, պետնախարար Ալի Բաբաջանին:
Հոկտեմբերի 5-ին պատրիարքարանի պաշտոնական օրգան «Լրաբերի» հրապարակած ուղերձում ամենապատիվ պատրիարքն ընդգծելով «վճռականության, հետեւողականության եւ հաստատակամության» նշանակությունն այս հաջողության մեջ, նշել է, թե աղոթում է, որպեսզի բանակցային գործընթացը բարի լինի ինչպես երկրի, այնպես էլ բոլոր քաղաքացիների համար եւ հնարավորինս շուտ իրականանա ԵՄ-ին լիարժեք անդամակցության Թուրքիայի նախաձեռնությունը:
Նա միաժամանակ մատնանշել է ԵՄ-ին գերազանցապես մահմեդականներով բնակեցված Թուրքիայի անդամակցության կենսական նշանակությունն աշխարհի խաղաղության համար եւ հույս է հայտնել, որ թուրքական պետությունը հաջողությամբ կավարտի բանակցային գործընթացը:
Հ. Չ.