«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2005-10-04 | #178, 2005-10-05 | #179, 2005-10-06


«ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Հայ-իտալական բարեկամության օրերի մեկնարկը

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանյան աշնանային գունապնակն այս հոկտեմբերին խոստանում է լինել թերեւս ամենահարուստն ու գեղեցիկը: Իտալական շունչը հայոց մայրաքաղաքում թեւածում է լայնատարած եւ հիրավի վարակիչ: Հայաստանի ազգային պատկերասրահը շատ վաղուց հանդիսականի նման բազմազանության ու բազմության հրճվանք չէր ապրել: Իտալիան իր հեռավոր ու մոտ հմայքներով, խորհրդավոր Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանությունը, որ հայոց ինքնության մշակութային լինելիության ամենացայտուն վկայությունն է, «հանգրվանել» են մեր ազգային պատկերասրահում, որտեղ շարունակ լսվում էին մերթ հայերեն, մերթ իտալերեն հնչյուններ:

Հայ-իտալական բարեկամության մեկամսյակը մեկնարկեց «Տեսի զերկիրն Իտալիոյ...» բազմախորհուրդ խորագրով «ՀայՎենետ. Սուրբ Ղազարի գանձերը» ցուցահանդեսով. եւ ավելի հրաշալի մուտք չէր կարող լինել: Իտալացի պետական այրերը, մտավորականները, արվեստագետներն իրենց ժողովրդի մշակույթի ներկան Հայաստան երկրում նման շուքով եւ հետաքրքրությունների լայն արձագանքներով ներկայացնելու համար «պարտ» են հազարամյակներ առաջ արդեն ձեւավորված հայ-իտալական հարաբերություններին, որ սկիզբ են առնում դեռեւս Հռոմեական կայսրության օրերիցՙ փաստված պատմական շատ ու շատ սկզբնաղբյուրներում, ձեռագրերում, հիշատակություններում:

Հայ-իտալական բարեկամության հանդիսավոր բացմանն իր հայրապետական օրհնությունն էր բերել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նա անդրադարձավ հայ-իտալական առնչությունների անցյալին, երբ Հայաստանի համար դժվարին ժամանակներում մեր ժողովրդի զավակները հանգրվանեցին Իտալիայումՙ վայելելով այդ երկրի բարյացակամ հովանավորությունը եւ տրամադրվածությունըՙ պահպանելու եւ զարգացնելու տարագրված հայերի կեցությունը, մշակույթը, ինքնությունը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի հայկական համայնքները գոյացել են դեռեւս XII-XIII դարերից, Իտալիայում են ուսանել մեր եկեղեցական եւ աշխարհական շատ ու շատ նշանավոր հայորդիք: Հայ տպագրությունը (XVI դար) սկիզբ է առել Իտալիայում: XVII-XVIII դարերում հայոց հոգեւոր-մշակութային կյանքի մռայլության եւ անկման ժամանակաշրջանում Մխիթար Սեբաստացու մտքի հանճարեղ փայլատակումով Սուրբ Ղազար կղզու տարածքում վերածնվեց հայոց մշակույթըՙ Մխիթարյան միաբանության հիմնադրումով, որը 300-ամյա գիտա-կրթա-մշակութային իր ահռելի նպաստն է բերել հայկական ոգուն եւ նրա լինելիությանը:

«Մենք հավատում ենք, որ հայ-իտալական օրերը մեծ խանդավառություն են պարգեւելու միջոցառումների մասնակիցներին եւ նոր լիցք ու զորություն են հաղորդելու մեր ժողովուրդների բարեկամությանը եւ մեր պետությունների հարաբերություններին», ասաց Վեհափառ հայրապետը:

ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը եւ Իտալիայի արտաքին առեւտրի նախարար Ադոլֆո Ուրսոն շնորհավորանքի խոսքեր հղեցին երկու երկրների կառավարություններին, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեին, Մխիթարյան հայրերին եւ աբբահայր Եղիա վրդ. Քիլաղպյանինՙ այս խոշորածավալ միջոցառման կազմակերպմանը բերած նվիրումի եւ հավատամքի համար: Ցուցասրահի մթնոլորտն ու հագեցվածությունը վստահություն էին ներշնչում երկու ժողովուրդների հետագա հարաբերությունների էլ ավելի զարգացմանՙ հիմք ունենալով հայերի եւ իտալացիների պատմության, անցյալի ընդհանրությունները եւ մշակութային ինքնությունները, որ հաստատվեց Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիա վրդ. Քիլաղպյանի խոսքերով, թե «իտալացիները հայտնաբերեցին Հայաստանը մշակույթի ճանապարհով, հայտնաբերեցին երկրաշարժի օրերինՙ իրենց մեծագույն մարդասիրությամբ, հայտնաբերեցին Հռոմի պապի այցելությամբ: Այսօր ժամանակն է, որ Իտալիան հայտնաբերի Հայաստան բնաշխարհը, նրա ստեղծագործ եւ հյուրընկալ ժողովուրդը, հայ մշակույթը»:

Աբբահայրը մաղթեց, որ Հայաստանն իր հերթին վստահություն եւ ապահովություն ներշնչի իտալացի մեր բարեկամներին եւ հայոց հողում էլ փոխադարձաբար ներկա լինեն իտալական մշակույթը, իտալական շունչը: «Այս բարեկամության հիման վրա պետք է խարսխված լինի ազգերի համաեվրոպական ընտանիքը», ասաց նա:

«Տեսի զերկիրն Իտալիոյ...»

Ազգային պատկերասրահի 3-րդ հարկի աջ ու ահյակ տարածված ընդարձակ ցուցասրահներում խուռներամ բազմության հարյուրավոր հայացքների ներքո դժվար է կենտրոնանալՙ ամբողջական եւ ըստ պատշաճի ներկայացնելու Սբ. Ղազարի գանձերի Հայաստան բերված նմուշները, նաեւ մեր պատկերասրահի հավաքածոյից Մխիթարյան կրթություն ստացած հայ մեծանուն գեղանկարիչների (Խաչատուր Տամատյան, Սարգիս Խաչատուրյան, Ասատուր Պզդիկյան, Գառզու, Ժիրայր Օրագյան, Մարկոս Գրիգորյան եւ ուրիշներ) աշխատանքները, Հայաստանի ազգային գրադարանի, Գրականության եւ արվեստի թանգարանիՙ Մխիթարյաններին վերաբերող արժեքները, Մխիթարյան հրատարակությունների նմուշները:

Մխիթարյան միաբան հայր Հարություն Պզտիկյանը վստահեցնում է, որ ցուցադրությունը Սբ. Ղազարի գանձերի շատ քիչ մասն է միայն: Սրահներից մեկում ներկայացված էին առաջին հայկական քարտեզները, որոնք Մխիթար աբբահոր պատվերով փորագրության արվեստը ուսանած հայ երիտասարդ վարդապետների աշխատանքներն են: Ուշագրավ ու տպավորիչ էին Կոմիտասի մահադիմակը եւ նույն ցուցափեղկում տեղադրված Նապոլեոնի հայտնի կոնդակըՙ Մխիթարյան միաբանությանն ակադեմիայի կոչում շնորհելու մասին:

Իտալական Վերածննդի վարպետների դպրոցը շարունակող նկարիչների (Ֆրանչեսկո Ծունիո, Վինչենցո Հայես, Ֆրանչեսկո Մաջոտտո, Բորդինյո) հայկական թեմայով արված գործերը վկայություն են իտալացի արվեստագետներիՙ մեր մշակույթի ծաղկմանը բերած նպաստին:

Մխիթար Սեբաստացու վերջին դիմանկարի դիմաց դրված «Աստվածամայրը Հիսուսի հետ» աշխատանքը Մխիթարյանների սրբություններից մեկն է (պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում): Այս նկարի առաջ Սեւանի վանքում Մխիթար Սեբաստացին հայ վանական կյանքը վերականգնելու անհանգիստ որոնումների մեջ ունեցել է իր տեսիլքըՙ միաբանություն ստեղծելու ազնիվ գաղափարը, որը վերածվեց 300-ամյա հայկական մշակութային հզոր կայսրությանՙ իտալական հողում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4