«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2005-10-04 | #178, 2005-10-05 | #179, 2005-10-06


ՄԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԵՆՍԱՌԻԹՄԵՐԸ

Իսկ մեր ներսում դրված ժամացույցն աշխատում է

Ամեն տարի գարնանն ու աշնանը մենք մեկ ժամով հետուառաջ ենք անում ժամանակը` անցնելով ամառային կամ ձմեռային ժամանակի: Այդ մասին անգամ օրենք ունենք: Այդպես են վարվում նաեւ աշխարհի շատ երկրներում: Սակայն Ճապոնիայում, ուր երբեք չեն փոխում ժամանակը, կյանքի միջին տեւողությունը աշխարհում ամենաերկարներից է. այսինքն` բնության հետ առավել ներդաշնակ ապրելու ճապոնական իմաստնությունը դրսեւորվել է նաեւ այս հարցում:

Ամառային երկար օրվանից շահ քաղելու գաղափարը եկավ քաղաքակրթության հետ` սկիզբ դրեցին էներգետիկներն անցած դարի քսանական թվականներին, զարգացած արդյունաբերական երկրներում, հատկապես ԱՄՆ-ում: Տնտեսական արդյունավետությունն ու էներգիայի խնայողությունը, ինչպես նաեւ հաղորդակցության եւ փոխադրման միջոցների համաժամանակյա գրաֆիկները չխախտելու հրամայականը շատ երկրների տարավ նույն պարտադրանքին: Հայաստանում տասնամյակից ավելի գարնանն ու աշնանը մարդիկ 10-15 օր հարմարվում են ժամանակի փոփոխության պատճառած անհարմարություններին եւ շուտով մոռանում դրանք: Բայց մեր մեջ գենետիկորեն դրված ժամացույցը շարունակում է աշխատել իր ռիթմով: Մեր գլխուղեղում կա մի գեղձ, որն արտադրում է մելատոնին նյութը. այդ նյութը արյանը տեղեկություն է տալիս լույսի ու մթության մասին` մարդուն մղելով հանգստի (քնի) կամ արթուն վիճակի, թելադրելով ապրել արեւի ու լուսնի փուլերով պայմանավորված եւ մեզ բնությամբ պարգեւված կյանքի ռիթմով: Փոխելով ժամանակը մարդը հենց այդ ռիթմն է խախտում` առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Դեմ գնալով մեր ներքին ժամացույցին` մենք կորցնում ենք բնության հետ ներդաշնակությունը, դեմ գնալով եւ տիեզերքում սահմանված պարբերականության կարգին: Այդպես ենք վարվում` աշխատելով գիշերը, ինքնաթիռով անցնելով մի ժամային գոտուց մյուսը, տարվա մի եղանակից մյուսը: Քաղաքակրթության բերած օգտաշահ սովորույթներին բնությունը պատասխանում է սթրեսներով, սրտանոթային համակարգի նոր հիվանդություններով, անքնությամբ, կյանքի միջին տեւողության նվազմամբ, որոնցից անտեղյակ էին մարդկության երիտասարդության շրջանում բնության հետ ներդաշնակ ապրող ժողովուրդները:

Մարդու բնական ռիթմերն ուսումնասիրող գիտությունը համեմատաբար նոր գիտություն է, սակայն հասցրել է արդեն հեղափոխական ազդեցություն ունենալ բժշկության վրա` փոխելով պատկերացումները մարդու առողջության պահպանման շատ ու շատ մեթոդների մասին: Այն հատկապես զգուշացնում է տարին երկու անգամ ժամանակը հետուառաջ տեղաշարժելուց` այդ առթիվ կատարված զանազան ուսումնասիրությունների ոչ հուսադրող պատկեր ներկայացնելով: Նախ` գարնանն ու աշնանը մարդը, եղանակային անցման սթրեսով պայմանավորված, ավելի շատ է հիվանդանում սեզոնային հիվանդություններով, իսկ երբ դրան գումարվում է ժամանակի փոփոխմամբ պայմանավորված անհարմարությունը, պատկերը կրկնակի սաստկանում է: Մի շարք երկրներում խնդիրն այժմ լրջորեն ուսումնասիրվում է. ըստ այդ ուսումնասիրությունների` ժամանակի փոփոխությունից հետո երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելանում են փողոցային եւ արտադրական պատահարները, սրվում են քրոնիկական հիվանդությունները, իսկ առողջ մարդիկ ավելի շատ են հիվանդանում մրսածությամբ եւ գրիպով: Բացի այդ` նրանք, հատկապես երեխաները, առավոտյան ժամերին ավելի ցրված եւ անարդյունավետ են աշխատում եւ սովորում: Չեխիայում, անսալով բուժաշխատողների խորհրդին, 2002 թվականի ժամանակը փոխելու օրը վարորդներին անընդհատ զգուշացնում էին երթեւեկելիս միացրած պահել լույսերը` այդպիսով նվազեցնելով պատահարները: Սակայն փորձն այլեւս չկրկնեցինՙ լրացուցիչ անհարմարությունները նկատի առնելով: Զարգացած երկրներում այժմ կան հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են իրենց կառավարություններին ապացուցել, թե տնտեսական նպատակահարմարությունից ելնելով ժամանակի հետուառաջ անելն ավելի վնաս է պատճառում, քան օգուտ: Իսկ մենք ընդամենը ներկայացնենք քրոնոկենսաբանների առաջարկած մարդու կենսառիթմերի ազդեցության պատկերը մեր կենսակերպի վրա` մեր ներքին ժամացույցի հուշած ժամակարգը, որից ամեն մարդ կարող է քննախուզել իր ապրած օրը եւ հետեւությունների հանգել:

Արյան ճնշումն ամենից ցածր լինում է առավոտյան 4-5-ը, իսկ մեքենա վարողների տեսողությունն ամենից վատ է գիշերվա ժամը 2-ին:

Միայն առավոտվա 5-ին կամ 6-ին է մարդու օրգանիզմն աշխատունակ դառնում` լիցքավորող հորմոն կորտիզոնի առաջացմամբ պայմանավորված:

Սեռական հորմոններն առավելապես գոյանում են առավոտվա 8-ին մոտ` սա սիրո ժամն է:

Ցավը պակաս զգալի է առավոտյան ժամը 9-ին` այս ժամին կարելի է դիմել ատամնաբույժին, առհասարակ` ցավոտ գործողություններ անցնել:

Ուղեղն ավելի սթափ է ժամը 10-12-ը` սա ստեղծագործելու ժամն է:

Ամենից շատ ստամոքսահյութ արտադրվում է ժամը 13-ին` կուշտ կամ քաղցած լինելուց անկախ:

Մարզանքով կարելի է զբաղվել 13-ի եւ 14-ի միջակայքում եւ 16-18-ը, քանի որ մկաններն այդ ժամանակ ավելի լավ են աշխատում: Մարդն առավել շարժուն եւ ճարպիկ է դառնում ժամը 15-16-ը` այս ժամի ներգործությունն առավել հաճախ զգում են գորգագործները, դաշնակահարները, գրչի գործ ունեցողները` նկատելով իրենց մատների արագաշարժությունը:

Ծանր ուտեստներն ու խմիչքը օրգանիզմը (լյարդը) ավելի լավ է յուրացնում ժամ 18-ից 20-ը:

Այս թվարկումները կարելի է շարունակելՙ դեղերը լավ են յուրացվում երեկոյան, կա սխալների ու դանդաղկոտության ժամ (գիշերվա 3-5-ը), երեխաների մեծ մասն աշխարհ է գալիս ժամը 24-ից առավոտյան 4-ը. այս ժամակարգը չի հորինված, այլ թելադրվում է բնության կողմից, մարդու կենսառիթմերին համապատասխան, գենետիկորեն ձեւավորվելով հազարամյակների ընթացքում: Փոխելով ժամանակը` մենք չենք կարող փոխել մարդու կենսառիթմը, այլ ընդամենը դեմ ենք գնում բնությանը, որն անպայման դրա դիմաց որեւէ ձեւով պատժում է մեզ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Շնորհակալություն թեման պարզաբանելուն օգնած կենսաբաններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4